Ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Իսթերլինը, 1974 թվականին ուսումնասիրելով ամերիկացիների տրամադրությունները 1946-1970 թվականներին, պարզեց, որ աղքատների մոտ եկամուտների ավելացմանը զուգահեռ՝ աճում է նաև կյանքից բավարարվածության աստիճանը, կամ, այսպես ասած, «երջանկության մակարդակը»։ Սակայն միջին խավի և հարուստների դեպքում՝ ոչ։
Այսինքն, եթե մարդը հասնում է բարեկեցության միջին մակարդակի (ԱՄՆ—ում այդ ժամանակ դա համարժեք էր տարեկան 20 հազար դոլարի), ապա դրանից հետո եկամտի աճը նրան ավելի երջանիկ չի դարձնում։ Այդ օրինաչափությունն անվանում են «Իսթերլինի պարադոքս» կամ երջանկության-եկամտի պարադոքս։
Ավելի ուշ որոշ հետազոտողներ (օրինակ, Բեթսի Սթիվենսոնը և Ջասթին Վուլֆերը) հերքեցին Իսթերլինի պարադոքսը՝ պնդելով, որ երջանկությունն ավելի դանդաղ է աճում, քան եկամուտը, սակայն երբեք չի հասնում իր գագաթնակետին։
Սակայն 2010 թվականին Իսթերլինը, վերլուծելով 37 երկրների տվյալները, կրկին հաստատեց, որ ինքը ճիշտ է (The happiness–income paradox revisited)։
«Իսթերլինի պարադոքսի» պատճառը պարզ է. փողը, ինչպես մնացած բոլոր ապրանքները, ենթարկվում է նվազող սահմանային օգտակարության օրենքին (այսինքն՝ երբ լրացուցիչ ամեն միավոր ապրանքը սկսում է ավելի քիչ օգտակարություն բերել)։ Ինչ-որ մի պահի եկամտի ապահոված օգտակարությունն ու դրա ստացման հետ կապված ծախքերը հավասարվում են։ Դրանից հետո լրացուցիչ փողն այլևս նույնքան երջանկություն չի բերում, որքան նախկինում։
* Նվազող սահմանային օգտակարության մի կենցաղային օրինակ։ Ծարավ մարդը անապատում հանդիպելով ջուր վաճառող բեդվինի՝ առաջին մեկ բաժակ ջրի համար պատրաստ է իր ամբողջ հարստությունը տալ։ Երկրորդ բաժակի համար նույնպես թանկ կվճարի, քանի որ ծարավը դեռ ամբողջությամբ չի հագեցել։ Երրորդ բաժակի համար կարող է սակարկել։ Չորրորդ բաժակից կհրաժարվի, իսկ հինգերորդ բաժակը անգամ անվճար չի խմի, որովհետև արդեն վատ կզգա իրեն։ Այսինքն՝ հինգերորդ բաժակ ջրի օգտակարությունը (ծարավը հագեցնելու ունակությունը) շատ ավելի քիչ է գնահատվում, քան այն խմելու հետ կապված ծախքը (օրգանիզմին տված վնասը)։
Բացի այդ, կյանքից բավարարվածության աստիճանը սուբյեկտիվ մեծություն է և ավելի շատ կախված է ոչ թե բացարձակ եկամտից, այլ իր եկամտի և հարևանի եկամտի հարաբերակցությունից։ Այդ պատճառով էլ կյանքի միջին որակին հասնելուց հետո «երջանկության» հետագա աճը պայմանավորված է այլ գործոններով։
Ըստ Իսթերլինի, հարուստ մարդը ավելի երջանիկ է, քան աղքատը, սակայն եթե բոլորի եկամուտը միաժամանակ աճի, ոչ ոքի երջանկությունը դրանից չի ավելանա։
Աղբյուրը` B4B.am