Բիլ Գեյթս. Սպասում եմ, երբ համակարգիչները մարդկանց պես կկարդան

Microsoft ընկերության համահիմնադիր, բարերար Բիլ Գեյթսը վերջերս պատասխանել էReddit կայքի օգտատերերի հարցերին: Ներկայացնում ենք Գեյթսի առավել ուշագրավ պատասխանները

Ավտոմատացման մասին
Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր ավտոմատացումը խթանել է արտադրության արդյունավետությունը: Ծրագրային ապահովման զարգացումը կնպաստի արդյունավետության աճին, այդ իսկ պատճառով հարկավոր է լրջորեն մտածել մարդկանց համապատասխան կրթությամբ ապահովելու եւ ապագայի մասնագիտություններին պատրաստելու մասին:
Ավտոմատացումն, ընդհանուր առմամբ հիանալի երեւույթ է: Նրա շնորհիվ մենք կկարողանանք ավելի քիչ աշխատել, սակայն էական փոփոխություններ տեղի կունենան ոչ շուտ, քան մեկ սերունդ հետո:
Ապագայի տեխնոլոգիաների մասին 
Ես անհամբեր սպասում եմ, թե երբ համակարգիչները կսովորեն կարդալ եւ հասկանալ տեքստեր՝ մարդկանց պես: Դա հիանալի կլինի: Այսօր համակարգիչները կարող են փնտրել որոշակի բառեր, սակայն դեռեւս չեն հասկանում, ինչ է արձակուրդը, կարիերան կամ ընտանիքը:
Microsoft-ը մյուս կազմակերպությունների հետ միասին աշխատում է իսկապես օգտակար վիրտուալ օգնական ստեղծելու ուղղությամբ: Ծրագրային ապահովման ոլորտում այս գաղափարը միշտ Սուրբ Գրաալի պես մի բան է եղել, եւ այժմ, երբ համակարգչային տեսողության եւ մեքենայի միջոցով խոսքի վերարտադրման խնդիրները գրեթե լուծվել են, այն առավել հետաքրքիր է դառնում:
Մեկ այլ հեռանկարային ոլորտ է ռոբոտաշինությունը: Զարմանալի է, թե ինչպես մարդու մարմինը կարող է շարժվել եւ համագործակցել այլ օբյեկտների հետ: Որոշ փորձագետներ կարծում են, որ արդեն տասը տարի անց ռոբոտները կարող են մարդկանց  հետ համարժեք կարողություններ ունենալ, իսկ մյուսները համոզված են, որ այս ամենն իրագործվելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:
Տնտեսական անհավասարության մասին 
Հարկավոր է կատարելագործել սոցիալական պաշտպանություն եւ հավասար հնարավորություններ տրամադրող համակարգերը: Զարմանում եմ, որ շատ երկրներ ժառանգության հարկ չեն սահմանում: Այն թույլ կտա ճիշտ վերաբաշխել եկամուտները եւ կանխել դինաստիաների առաջացումը: Չնայած իր թերություններին՝ վերջին 200 տարվա ընթացքում մեր տնտեսական համակարգը զգալի նյութական հարստություն է կուտակել, եւ այժմ այն արդար կերպով վերաբաշխելու ժամանակն է:
Պետության դերի մասին 
Կարծում եմ, մարդիկ չափից շատ ակնկալիքներ ունեն պետությունից: Այո, մեր պետությունը աճելու տեղ ունի, սակայն նախաձեռնող խմբերը կարող են անել այն, ինչին պետությունը ունակ չէ. օգնել դպրոցներին, աջակցել աղքատությունից տառապող մարդկանց: Սա աշխատում է միջազգային մակարդակով: Կցանկանայի, որպեսզի քաղաքացիական հասարակությունն ավելի նախաձեռնող լիներ:

Պատրաստել է Սոնա Միրզոյանը

Աղբյուրը` mediamax.am/am/news/society/27706/