27 Սեպտեմբերի 2020թ. 11:58

Ժյուլ Վեռնը, ժամանակը եւ դղյակի փլատակների տակ մնացած բարոնը

Ժյուլ Վեռնի ստեղծագործություններից հայերեն է թարգմանվել եւս մեկը: «Անտարես» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել ֆրանսիացի հանրահայտ գրողի «Կարպատյան դղյակը» (1891-1892):

Շուշանիկ Թամրազյանի հետ զրուցել ենք Կարպատյան դղյակի առեղծվածի, Ժյուլ Վեռնի գիտական  «մարգարեացումների» ու մերօրյա բացահայտումների մասին:  
Ո՞վ էր Ժյուլ Վեռնը՝ գրո՞ղ, աշխարհագրագե՞տ, ճանապարհո՞րդ: Գիտական հայտնագործությունները, որոնք նա ներկայացնում է իր գործերում, զուտ գրողական երեւակայությա՞ն արդյունք են, թե՞ լավ մտածված հավանական, իրագործելի գիտական հայտնագործություններ
— Գրող, որ սիրում էր ճանապարհորդել… երազում եւ հարթմնի: Չպետք է մոռանալ, որ չնայած իր իրավաբանական կրթությանը՝ Ժյուլ Վեռնը նաեւ գիտական եւ գեղարվեստական գրականության, հին հռոմեական եւ հունական դասական հեղինակների մեծ ընթերցող էր:
Ի դեպ՝ նաեւ թատրոնի սիրահար էր, ճանաչում էր իր ժամանակի մեծ թատերգակներին՝ Հյուգոյին, Դյումային, Լաբիշին, եւ տասնյակ պիեսների, կատակերգությունների հեղինակ է, որոնք հաջողությամբ բեմադրվել են իր կենդանության օրոք: Իր վեպերը գրելիս նա շատ հանգամանորեն էր աշխատում փաստագրական նյութերի վրա, հաճախ երկի հիմք էին հանդիսանում սեփական ճանապարհորդությունների ընթացքում կատարած դիտարկումները:
Նրա գիտական «մարգարեացումների» մասին շատ է գրվել. ինչպես, օրինակ, սուզանավը, որ ինժեներ Լոբյոֆը կստեղծի «Նավապետ Նեմոյի» ստորջրյա նավից տասը տարի անց: Կամ թե ինչպես է վիպասանը «Կարպատյան դղյակում» նախանշում եռաչափ պատկերի կախարդանքը… Այս գյուտերն ինձ համար հեղինակի խենթ երեւակայության, բացառիկ ինտուիցիայի ծնունդն են: Հետաքրքիր է, որ գիտության ընկալումն ու կիրառումը Ժյուլ Վեռնի վիպաշխարհում օգտապաշտական չէ, այն խորապես բանաստեղծական է: Եթե մի պահ մտովի վերականգնենք այդ աշխարհը, ապա կնկատենք, որ գիտությանն ապավինելու շնորհիվ Վեռնի հերոսները չեն դառնում, օրինակ, ավելի հարուստ, ավելի ապահով, հարմարավետ կյանք չեն կառուցում:
Գիտությունն այստեղ ծառայում է ամենախենթ ծրագրերի՝ բառի դրական եւ բացասական իմաստով. նավապետ Նեմոյի ինքնարարումը, մահացած Ստիլլայի «հարությունը» եռաչափ պատկերի շնորհիվ, որ տարիներ շարունակ բարոն դը Գորցին փրկում է հուսահատությունից, իսկ Ֆրանց դը Տելեկին հասցնում խելագարության… Ըստ իս՝ սա շատ պայծառ, բանաստեղծական հայացք է՝ ուղղված գիտությանը, որ այսօր ինձ թվում է առանձնահատուկ ուսանելի…
— «Կարպատյան դղյակը» վեպում (եւ ոչ միայն) նա ցույց է տալիս եւ՛ տգիտության, սնոտիապաշտության վնասները, եւ՛ ընդգծում, որ գիտական նվաճումները կարող են օգտագործվել մարդկությանը վնաս հասցնելու համա՞ր
-Այո՛, մի կողմից՝ վեպի հյուսվածքում ալիքվում է մեծ, անմնացորդ հավատը գիտության, առհասարակ գիտելիքի նկատմամբ, որ բանականության լավագույն զենքերից է խավարամտության, սնոտիապաշտական հավատալիքների դեմ պայքարում: Սա, իհարկե, հումանիստական ավանդույթի ժառանգությունն է, բայց եւ անմիջական արձագանքն այն հայտնագործությունների, որ ցնցել էին 19-րդ դարի վերջին տասնամյակների հորիզոնը: Հետաքրքիր է, որ վեպի հերոսների ճակատագիրը յուրովի արծարծում է գիտելիքի, կրթության կարեւորության խնդիրը: Մի կողմից՝ տրանսիլվանական չնաշխարհիկ, հեռավոր գյուղերից մեկի բնակիչները՝ իրենց պարզ ծագումով, պարզ, անպաճույճ կենցաղով, բարեհոգի, դյուրահավատ ու հետամնաց: Այս պարզ մարդկանց դեպքում գիտելիքի պակասն առատորեն սնվում է մտացածին առասպելներով, սնոտիապաշտական հավատալիքներով, գերբնական վախերով, որոնց մասին պատումի հեղինակը խոսում է քնքուշ, զվարթ հեգնանքով: Բայց թերի կրթությունը որոշիչ է նաեւ ազնվականական ծագում ունեցող հերոսների կյանքում, մասնավորապես՝ Ֆրանց դը Տելեկի եւ Ռուդոլֆ դը Գորցի պարագայում: Այս երկու հերոսները, որ մարմնավորում են երկու հակադիր՝ դրական եւ բացասական սկիզբները, զարմանալիորեն նման են իրենց մեկնակետով. թերի կրթությունը երկուսին էլ ներփակել է մի աշխարհում, որտեղ միակ ուղենիշը ծնողական սերն է: Իսկ ծնողների կորստից հետո արտաքին աշխարհի հետ միակ կապը դառնում է կիրքը, որը, ազատագրելու փոխարեն, նրանց տանում է է՛լ ավելի անելանելի մի լաբիրինթոս՝ Կարպատյան դղյակ: Հերոսներն այստեղ տառացիորեն խարխափում են զգացմունքների մութ փակուղիներում…
Իսկ միանշանա՞կ է գիտելիքի, գիտության նվաճումների այդ փառաբանումը
— Զարմանալի մի բան կա վեպում. Ժյուլ Վեռնին ենթագիտակցորեն կամ գուցե միանգամայն գիտակցաբար հաջողվել է պատկերել նաեւ այն մթին ետնաբեմը, որտեղ գիտությունը դառնում է տարատեսակ մանիպուլյացիաների գործիք, իշխանություն բանեցնելու  միջոց: Սա շատ անսպասելի է, զարմանալի Ժյուլ Վեռնի գրչի տակ: Հեռահաղորդակցական սարքերի շնորհիվ, որ ըստ էության համապատասխանում են մերօրյա գաղտնալսման կատարելագործված համակարգերին, բարոն դը Գորցին եւ նրա օգնական գյուտարար Օրֆանիկին հաջողվում է վերահսկել մի ամբողջ գյուղի կյանքը: Վախ ներշնչելով Վերստի բնակիչներին՝ նրանք ընկճում են գյուղացիների ամենապարզ, առօրեական գործողությունները:
Բնակիչները ոչ միայն գաղտնալսվում են, այլեւ այդ սարքերն առեղծվածային ձայներ են հնչեցնում, որոնք գյուղացիները միայն գերբնական ուժերին կարող են վերագրել: Սրանց միանում են տեսողական պատրանքները՝ ուրվականներ, դեւեր, վիշապներ, չարքեր, որ նույնպես Օրֆանիկի նորագյուտ հնարքների արգասիքն են: Ճիշտ է՝ հումորով, բայց Ժյուլ Վեռնը մեզ պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գիտությունը, գիտելիքը ծառայեցնել մարդկանց նկատմամբ ուժ բանեցնելուն, ազատությունը կաշկանդելուն: Ի դեպ՝ վեպի առաջին պարբերությունում, որ նախերգանքի դեր է կատարում, մի շատ հետաքրքիր նախադասություն կա, որ նոր հնչեղություն է ստանում այսօր. «Մենք զավակներն ենք մի ժամանակի, երբ ամեն ինչ կարող է պատահել, իսկ գուցեեւ ամեն ինչ արդեն պատահել է»: Այս նախադասությունը, որ տասնիններորդ դարի վերջին կարող էր հնչել որպես լավատեսական հույս, սպասում, այսօր կարելի է ընկալել որպես նախազգուշացում, գրեթե սպառնալիք… Թեեւ ինձ թվում է, որ նույնիսկ Ժյուլ Վեռնի համար այս նախադասությունը միանշանակ չի եղել:
 —Գրողն ասել է, որ աշխարհին պետք են նոր մարդիկ, ոչ թե նոր մայրցամաքներ։ Նրա գործերի կենտրոնում մա՞րդն է: Նա ստեղծել է օրինակելի, սիրված հերոսներ: Ինչո՞վ են առանձնանում «Կարպատյան դղյակի» հերոսները
— Այս դեպքում այնքան էլ օրինակելի չեն: Այսինքն՝ այնքան էլ չեն համապատասխանում դրական եւ բացասական հերոսների կարծրատիպերին: Ժյուլ Վեռնը հավատարիմ է մնում արկածային-ֆանտաստիկ վեպի կանոններին, պատումը հյուսում է արտաքին պատմողի տեսանկյունից, չի ներսուզվում հերոսների ներաշխարհի, հոգեվիճակների մեջ: Բայց ընդամենը մի ռեպլիկի, մի անավարտ նախադասության, մի փոխաբերության շնորհիվ՝ հերոսները անսպասելի ռելիեֆներ են ստանում: Բարոն դը Գորցը, օրինակ, ամենահետաքրքիր կերպարներից է: Վեպը թարգմանելիս գրեթե համոզված էի, որ «Կարպատյան դղյակն» ու «Օպերայի ուրվականը» միաժամանակ են գրվել, միայն թարգմանությունն ավարտելուց հետո ստուգեցի թվականը. պարզվեց, որ Գաստոն Լըռուն իր հանրահայտ վեպը գրել է տասնյոթ-տասնինը տարի անց. «Օպերայի ուրվականը» լույս է տեսել 1910-ին, Ժյուլ Վեռնի վեպը՝ 1892-ին:
«Կարպատյան դղյակում» խաղարկվում է «Օպերայի ուրվականի» ամբողջ դրաման, բայց շատ ավելի սեղմ, զուսպ հյուսվածքով, որ զերծ է զգացմունքային ներսուզումներից: Օպերային երգչուհու անկրկնելի ձայնին սիրահարված բարոն դը Գորցը մի քիչ Օպերայի ուրվականն է, մի քիչ լերմոնտովյան Դեւը՝ մենության ոգին, մի քիչ Կապույտ Մորուքը: Բայց մռայլ, չարագուշակ բարոնը, որ մասամբ դառնում է երգչուհու մահվան պատճառը, օժտված է անսպասելի գծերով: Ժյուլ Վեռնը վեպի եզրափակիչ գլուխներից մեկում տարօրինակ մի նախադասություն է դնում այդ հերոսի բերանում, որ ինձ համար հոգու յուրօրինակ բանաձեւում է. «Նրա ձա՜յնը… նրա ձա՜յնը… նրա հոգի՜ն… Ստիլլայի հոգի՜ն… փշրեցի՜ք, փշրեցի՜ք… փշրեցի՜ք…»: Ինչպե՞ս է բարոնը հասկացել, որ մեծ արվեստագետի ողջ էությունը, ավելին՝ նրա հոգին ամփոփված է նրա ձայնի մեջ… Շատ զարմանալի էր նման ֆրազի հանդիպել արկածային վեպում: Բարոնն այն արտաբերում է շատ հանկարծակի, առանց նախաբանների, երբ ոստիկանների արձակած գնդակներից փշրվում է երգչուհու ձայնագրություններն ամփոփող տուփը: Եվ պատումի հեղինակը չի մեկնաբանում, չի մանրամասնում, չի բացատրում անսպասելի այդ ֆրազը, որ այդպես էլ մնում է՝ չվերծանված, առեղծվածային. դրան անմիջապես հետեւում է բարոնի մահը հինավուրց դղյակի փլատակների տակ…
Իսկ մյուս հերոսնե՞րը… 
— Անվեհեր, կշռադատված Ֆրանց դը Տելեկի կերպարը նույնպես չի համապատասխանում քաջարի, անպարտելի ասպետի կաղապարին. նա ցնորվում է՝ տեսնելով մահացած Ստիլլայի շարժապատկերը: Ստիլլան՝ լուսեղեն, արեգակնյա երգչուհին, նույնպես անպարտելի չէ. նա մեզ կարծես հիշեցնում է, որ հրեշտակները փխրուն են: Ստիլլան վեր է մարդկային կրքերից, ապրում է միայն հանուն իր արվեստի, թվում է՝ նրան ոչինչ չի կարող բանտել, բայց հայտնվելով օտար կրքերի, հայացքների խաչմերուկում՝ գայթում է… Փառքի գագաթնակետին՝ Ստիլլային հանկարծ սկսում է տանջել դարանած, անտեսանելի հայացքի մտասեւեռումը. նա գիտի, որ բարոն դը Գորցն ամեն երեկո օպերային թատրոն է գալիս՝ իրեն լսելու, ու թեեւ բարոնը թաքնված է օթյակի խորքում, նա զգում է նրա սեւեռուն հայացքը, ու այդ ներկայությունն աստիճանաբար սկսում է կաշկանդել, շղթայել երիտասարդ երգչուհուն: Հոգեբանորեն համոզիչ եւ ճշգրիտ երկու-երեք պարբերությամբ Ժյուլ Վեռնը ներկայացնում է մտասեւեռման ողջ ուժը: Անտեսանելի հայացքի այդ զորությունը ես համարում եմ Ժյուլ Վեռնի վեպի գեղարվեստական գյուտերից մեկը: Ինչպես տեսնում եք, վեպում հախուռն կրքեր են փոթորկվում, եւ շատ երկար կարելի է խոսել հերոսների մասին…
Ինչու՞ ընտրեցիք հենց այս գործը
— Ինձ համար Ժյուլ Վեռնը առաջին հերթին մեր մանկության վիթխարի գրադարանն է Դիլիջանում՝ հնաոճ, խունացած կազմերով ու խոնավության, հնության անկրկնելի բույրով: Ինչ վերաբերում է այս վեպին, այն հայերեն թարգմանված չէր: Վեպի գոյության մասին իմացա շատ պատահաբար, ֆրանսիացի ամենանուրբ եւ մեծ բանաստեղծներից մեկի՝ Իվ Բոնֆուայի հետ ունեցած մի զրույցի ընթացքում:  Նա շատ էր սիրում Ժյուլ Վեռն, դա ինձ համար նորություն չէր, բայց մի անգամ ինձ հարցրեց. «Իսկ կարդացե՞լ եք «Կարպատյան դղյակը»: Շատ անհարմար զգացի. առաջին անգամ էի լսում վեպի մասին: «Անպայման կարդացե՛ք, ես «Կարպատյան դղյակի» երդվյալ ընթերցողներից եմ»,-ասաց բանաստեղծը: Չհարցրի՝ ինչու: Այդ պահին պատանեկան ջինջ մի բան կար նրա հայացքի մեջ, ու ես էլ հուզվեցի: Երկու օրից վերադառնում էի Երեւան, բայց հասցրեցի գիրքը գնել ու արդեն Երեւանում մի շնչով կարդացի: 2013 թվականին էր: Թարգմանությունն արդեն սկսել էր իր ընդհատակյա ճանապարհը…

Դուք նշել եք, որ Ժյուլ Վեռնին թարգմանելը եւ՛ հեշտ է, եւ՛ պատասխանատու… 

-Հեշտ է, որովհետեւ Ժյուլ Վեռնի գրվածքն առինքնող է, կենդանի, գունեղ, միանգամից տրվում ես նրա խաղացկուն հունին՝ չնայած մանրազնին, հանգամանալից նկարագրություններին, որ մեծ ճշգրտություն եւ աշխատանք են պահանջում թարգմանչից: Եվ պատասխանատու է, ինչպես լինում է ցանկացած սիրված, ճանաչված գրողի պարագայում. նոր թարգմանությունը պետք է միանա Ժյուլ Վեռնի հայալեզու վեպերի համաստեղությանը: Չպետք է հիասթափեցնի ընթերցողին:

Մեր օրերում որքանո՞վ է հետաքրքիր Ժյուլ Վեռնը, եթե հաշվի առնենք թեկուզ այն, որ նրա գործերում ներկայացված շատ առեղծվածներ արդեն առեղծված չեն մեր ժամանակի պատանի ընթերցողի համար: 

-Հավանաբար, այս հարցը նախեւառաջ պետք է տալ հենց իրենց՝ պատանիներին: Ի դեպ՝ գրքի շնորհանդեսը կայացավ Երեւանի ուսումնական հաստատություններից մեկում՝ «Բյուրակն» կրթահամալիրում: Ընթերցմանը մասնակցում էին նաեւ նույն հաստատության ավագ դպրոցի սաներ, որ հանգամանորեն ու կարծես թե հետաքրքրությամբ աշխատել էին տեքստի վրա:

Իրականում ինձ համար Ժյուլ Վեռնի ստեղծած բանաստեղծական եւ այնքան ինքնատիպ աշխարհը միայն պատանի ընթերցողին չէ հասցեագրված, եւ չեմ կարծում, որ շատ ինքնատիպ բան եմ ասում: Մի փաստ միայն. 2010-ին ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Արիան Մնուշկինը բեմադրեց «Խելահեղ հույսի նավաբեկյալները» ներկայացումը, որի հիմքում Ժյուլ Վեռնի «Ջոնաթանի նավաբեկյալները» վեպն էր: Ներկայացումը պատանիների համար չէր եւ արժանացավ  թատերական գործիչների ֆրանսիական բարձրագույն՝ «Մոլիեր» մրցանակին՝ միանգամից մի քանի անվանակարգով: Այն հետաքրքիր խորհրդածություն էր առաջարկում Ժյուլ Վեռնի վիպաշխարհի եւ իրականության հարուստ փոխհարաբերության մասին: Երբ հասուն տարիքում վերընթերցում ես գրողի վեպերը, հասկանում ես, որ նրա բոլոր հերոսներն էլ՝ իրենց հումանիստական բարձր նկրտումներով, ինչ-որ առումով այդ «խելահեղ հույսի նավաբեկյալներն են»:

Ու մի բան էլ. ինձ թվում է, որ Ժյուլ Վեռնի վեպերը ոչ այնքան առեղծվածների մասին են, որքան դրանց կախարդանքի, դրանց ներգործության, հերոսների կյանքում ունեցած նշանակության… այս առումով՝ գուցե մենք դեռ ինչ-որ բան ունենք սովորելու Ժյուլ Վեռնի հերոսներից…

Արմինե Սարգսյան

Աղբյուրը` mediamax.am/am/news/BookHouse/27705/