Սկզբնական շրջանում նախարարի կողմից եղան բավականին համարձակ թիրախավորումներ՝ կապված ավագ դպրոցների և մագիստրատուրայի հետ, քանի որ ասաց, որ այդ օղակները լավ չեն աշխատում, խնդիր կա դրանք բարեփոխելու:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարմանը: Նա հիշեց, որ սկզբնական շրջանում բավական լուրջ հարցադրումներ կային կրթության համակարգի կուսակցականացված լինելու և տնօրենների պաշտոնը «ժառանգելու» վերաբերյալ:
«Կրթության համակարգի համար քննարկումները բավական աշխույժ էին, տեսակետների բախում կար, հասարակությունն ավելի շատ սկսեց խոսել կրթության մասին: Կրթությունը հանրային ուշադրության արժանացավ, բայց ընդհանուր առմամբ, եթե որակական տեսանկյունից նայենք՝ հասկանալու, թե ինչ տվեց մեզ այս աշխուժությունը, այս 2 տարին, կարող եմ ասել, որ առանձնապես արդյունքներ չունենք:
Աշխուժությունը զուտ տեսակետների բախման հետ էր կապված, բայց ռեալ տեղաշարժ այս պահի դրությամբ կրթության համակարգում չկա»,- ասաց նա:
Խաչատրյանին մտահոգում է այն, որ կրթության հետ կապված լավ օրինագիծը կարող է մտել Ազգային ժողով և քննարկման ընթացքում լրիվ այլ բան դառնալ, քանի որ ընդունվում է քաղաքական ուժերի համար ավելի շահեկան տարբերակը: Նա ցավով արձանագրեց, որ այսօր չի կարող ասել, թե Լևոն Մկրտչյանի կառավարման տարիներին կրթության որակը գոնե կես քայլ առաջ է գնացել: Ավելին՝ նա այսօր չի հասկանում ՀՀ-ում ԿԳՆ-ի կարգավիճակը, սակայն երազում է, որ այն լինի ամենաազդեցիկ նախարարությունը:
Փորձագետը շեշտեց՝ ինքը լավ հասկանում է, որ կրթական խնդիրները համակարգային են և շեշտակի փոփոխությունները կարող են նախարարի պաշտոնազրկման պատճառ դառնալ: Միևնույն ժամանակ գտնում է, որ ԿԳ նախարարը պետք է համառություն ունենա, համոզի և իր համակարգի, ծրագրերի իրականցման համար կարողանա գումար «պոկել»:
Աղբյուրը` tert.am