Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:
Բացումը կատարել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:
Նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի եւ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի ջանքերի շնորհիվ:
Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվել է Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի Էջմիածնում։
Արձանի բացմանը հաջորդել է էկումենիկ արարողություն՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Արամ Ա Կաթողիկոսի մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: