28 Նոյեմբերի 2023թ. 15:04

Ռուբեն Վարդանյան. Տեխնոլոգիական առաջընթացը հզոր բան է, բայց բոլոր արտաքին փոփոխություններով հանդերձ՝ մարդու էությունը, նրա ներքին հիմքը չի փոխվել

Ռուբեն Վարդանյան. Հեռախոսից եւ կապի այլ միջոցներից օգտվում եմ, բայց շատ հանգիստ ռեժիմով: Ունեմ հին Nokia, Blackberry, որը շատ սիրում եմ: Մարդիկ էլեկտրոնային փոստից անցել են Facebook-ին, Facebook-ից WhatsApp-ին, WhatsApp-ից Snapchat-ին: Ես այդ տրենդերի հետեւից չեմ վազում: Խորապես համոզված եմ, որ տեխնոլոգիական առաջընթացը հզոր բան է, բայց բոլոր արտաքին փոփոխություններով հանդերձ՝ մարդու էությունը, նրա ներքին հիմքը չի փոխվել: Եվրոպական մշակույթն, առաջվա նման, հիմնվում է հին հույների եւ հռոմեացիների փիլիսոփայության վրա:

Բացառիկ բաները՝ տարբեր մասնագիտությունների խաչմերուկում

Մենք արդյունաբերական, կոնվեյերային, հիերարխիկ մոդելից անցում ենք կատարում դեպի ցանցային մոդելը, շարժվում ենք համակարգային քաոսի ուղղությամբ:

Նորարարական եւ ստեղծագործական հասարակություն կկառուցվի այնտեղ, որտեղ երիտասարդները կկարողանան տարբեր մասնագիտությունների խաչմերուկում յուրահատուկ բաներ ստեղծել: Դա նշանակում է, որ մենք հեռանում ենք մասնագիտացումից:

Ոչ հեռու ժամանակներում կրթության եւ մարդու զարգացման ողջ համակարգը կենտրոնանում էր մրցակցային ոլորտներում նեղ մասնագետների պատրաստման վրա: Այժմ, երբ մենք ապրում ենք հետարդյունաբերական դարաշրջանում, մարդը ոչ միայն պետք է լայնորեն եւ խորապես կրթված լինի, այլեւ կարողանա աշխատել մասնագիտությունների եւ գիտելիքների խաչմերուկում: Հումանիտարների եւ բնագետների միջեւ բաժանումն անհարկի է եւ կարող է, նույնիսկ, խանգարել:

Ինչը՞ պետք է անձեռնմխելի լինի

Ամերիկայում մինչ օրս կան գյուղեր, որտեղ մարդիկ չեն օգտվում էլեկտրականությունից՝ կարծելով, որ դա չարիք է: Կա նաեւ այլ ծայրահեղություն՝ կարող ես կլոնավորել շանդ: Այս ամենն իրականություն է, եւ դա պետք է ընդունել:

Մենք նաեւ պետք է հասկանանք, թե ինչը կարող ենք մեզ թույլ տալ փոխել տեխնոլոգիաների օգնությամբ, իսկ ինչը պետք է մնա անձեռնմխելի:

Հանցագործությունների նոր տեսակ է ի հայտ եկել՝ համացանցային խուլիգանություն: Մենք սովոր ենք, որ եթե փողոցում մեզ վրա խուլիգան է հարձակվում, կարող ենք նրան պատասխան հարված տալ: Իսկ եթե հարձակումը, ընդ որում՝ ագրեսիվ, վիրավորանքներով հարձակումը, ինտերնետի միջոցով է կատարվում, ինչպե՞ս պահես քեզ, ի՞նչ պետք է անես: Չի կարելի մեծ ուրախությամբ ընդունել հասարակության մեջ ցանկացած փոփոխություն:

Ռոբոտները պե՞տք է վճարեն հարկեր

Շատ բարձր է հավանականությունը, որ մեր կյանքի օրոք արդեն կհայտնվի մարդու մակարդակի արհեսատական բանականություն: Մինչդեռ այսօր գաղափար չկա, թե ի վերջո մարդկությունն արհեստական բանականության ինչ մակարդակ կստեղծի եւ որքանով այն անվտանգ կլինի նույն այդ մարդկության համար: Ես կարծում եմ՝ որոշակի վտանգ կա:

Մենք պետք է հասկանանք, որ եթե մարդկանց սկսեն փոխարինել ռոբոտները, դա ոչ միայն կարող է կործանել աշխատանքի շուկաները, այլեւ լուրջ փոփոխությունների կբերի կենսաթոշակային համակարգում, որում թոշակների վճարումը կատարվում է աշխատող բնակչության հարկման հաշվին: Չեն լինի աշխատող մարդիկ, հետեւաբար՝ չեն լինի հարկեր վճարողներ, եւ նշանակում է՝ թոշակառուները չեն կարողանա թոշակ ստանալ: Հարց է ծագում՝ արդյո՞ք ռոբոտները, որոնք փոխարինելու են մարդկանց, պետք է հարկեր վճարեն: Լուրջ հարցեր են, որոնք քննարկման կարիք ունեն: Մարդիկ ընկնում են տեխնոլոգիական նորարարությունների հետեւից՝ չհասկանալով, որ դրանք իրենց հետ ոչ միայն հարմարավետություն են բերում, այլեւ լուրջ փոփոխություններ, երբեմն էլ՝ վտանգներ: Օրինակ, անցյալ տարի հայտարարվեց անվճար ծրագրի հայտնվելու մասին, որի օգնությամբ կարելի է համադրել երկու տեսանյութ եւ օգտագործել իրական մարդու պատկերը՝ բոլորովին այլ համատեքստում: Այդ դեպքում՝ անհնար կլինի տարբերել՝ իրակա՞ն է այդ տեսանյութը, թե՞ կեղծ: Այսօրվա աշխարհում կեղծ լուրերը, ռեալիթի-շոուները, վիրտուալ իրականությունը խառնվում են, եւ մենք պետք է սովորենք ապրել այդ աշխարհում՝ մնալով նորմալ մարդիկ:

Աղբյուրը՝ Ռուբեն Վարդանյանը ՏԱՍՍ-ի հետ զրուցել է մարդու կյանքի վրա ազդող տեխնոլոգիական փոփոխությունների մասին: Մեդիամաքսն առանձնացրել է հարցազրույցի որոշ հատվածներ: