26 Սեպտեմբերի 2021թ. 17:38

Սերժ Սարգսյան. Մեզ համար կարևոր էր ստեղծել բարենպաստ պայմաններ գիտելիքահեն տնտեսության, այդ թվում և ՏՏ ոլորտի համար

Սերժ Սարգսյանը պատմել է, թե ինչպես է իր պաշտոնավարման սկզբում ոտքի կանգնեցրել ՀՀ տնտեսությունը

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր ղեկավարման օրոք Հայաստանի տնտեսության պատմությանը:

«Նախագահի իմ պաշտոնավարման ժամանակահատվածի սկիզբը համընկավ տնտեսության համար բավականին բարդ ժամանակաշրջանի հետ: Մենք զգացինք համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի առաջին ցնցումները 2008 թվականի վերջին, սակայն կարողացանք կոնսոլիդացնել մեր ռեսուրսները և զարգացնել հակաճգնաժամային ծրագիր՝ մեր դաշնակիցների և գործընկերների աջակցությամբ: 2010 թվականի դրությամբ մենք արդեն կարողացել էինք աճ գրանցել, սակայն դա բավարար չէր: Մենք ցանկացանք այդ մարտահրավերը վերածել հնարավորությունների և դուրս գալ համաշխարհային ճգնաժամից վերակառուցված տնտեսությամբ»,- «Արմենպրես»-ի պատմել է ՀՀ Նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որ նախ և առաջ իրենք նպատակ են ունեցել խթանել տնտեսության արտահանման ուղղությունը: Հանուն այդ գաղափարի նշանակալի առաջընթացներ գրանցվեցին՝ բարելավելու Հայաստանի բիզնես միջավայրը և ակտիվացնելու երկխոսությունը մասնավոր հատվածի հետ:

«Մեզ համար կարևոր էր ստեղծել բարենպաստ պայմաններ գիտելիքահեն տնտեսության, այդ թվում և ՏՏ ոլորտի համար. սա վերջին տասը տարիների ընթացքում մեր հիմնական ուղղվածությունն էր: Եվ մենք այս առումով  ուրախանալու բավարար առիթներ ունենք: Հայաստանյան շուկայում ունենք շուրջ 600 ՏՏ ընկերություն, մեծամասամբ արտահանման ոլորտում կենտրոնացած, այդ թվում և համաշխարհային հսկաների մասնաճյուղեր: Նրանք աշխատանքով են ապահովում շուրջ 20 հազար երիտասարդի և գործարար մասնագետներ, ովքեր մեծ ազդեցություն են գործում մեր երկրի վրա՝ բիզնեսի, մշակույթի և հասարակության առումներով»,- ասել է ՀՀ Նախագահը:

Աղբյուրը՝ armenpress.am