Զապել Եսայանի մահվան առեղծվածը

Հայ մեծանուն գրող, հասարակականքաղաքական գործիչ, ֆրանսերենից կատարած հրաշալի թարգմանությունների հեղինակ, հրապարակախոս, թարգմանիչ Զապել Եսայանի (Հովհաննիսյան) մահվան ճշգրիտ տարեթվի և հանգամանքների հետ կապված առայսօր տարբեր վարկածներ կան, որոնցից մի քանիսի վերաբերյալ մեր գրականագետներից ոմանք գրեթե նույն մոտեցումն ունեն: Գրողի թոռան՝ Ալեքսանդր Եսայանի հետ ունեցած իմ հարցազրույցի ընթացքում Ալեքսանդրն ասաց, որ տատիկի նամակներից մեկը թվագրված է եղել 1943-ով: Ըստ Ալ. Եսայանի՝ դա կարող էր թյուրիմացություն կամ սխալմունք լինել: Սակայն կան մարդիկ, ովքեր պնդում են, որ Զապել Եսայանը մինչև կյանքի վերջին օրերը շատ սթափ միտք ու հրաշալի հիշողություն է ունեցել և չէր կարող սխալվել: Ուրեմն՝ 1937 և 1943 թվականներԳրողի մահվան տարեթիվ են նշվում նաև 1938-ը, 1939-ը:

Ի վերջո, ո՞րն է գրողի տանջալից վախճանի ստույգ տարեթիվը և ի՞նչ հանգամանքներում է նա մահացել:

Այս կապակցությամբ իր պատմությունն ունի արձակագիր, վաստակաշատ լրագրող Կլարա Թերզյանը: Նրա հետ հարցազրույցի ընթացքում նոր մանրամասներ պարզվեցին Զապել Եսայանի կյանքից, որոնք հատվածաբար ներկայացնում ենք «Անկախի» ընթերցողին:

Կարինե Ավագյան — Տիկի՛ն Կլարա, Դուք Զապել Եսայանի մասին գրել եք «Քավարանեն կուգամ, աղջի՛կս» վավերագրությունը, որում շատ մանրամասն և հետաքրքիր շարադրել եք նրա հետ ունեցած Ձեր ծանոթության և նրա կյանքի հերոսական դրվագներին, մահվան առեղծվածին առնչվող պատմություններ ու փաստեր՝ դեռևս անծանոթ մեր հասարակությանը: Խնդրում եմ, այդ մասին պատմեք նաև «Անկախի» ընթերցողներին:

Կլարա Թերզյան Զապել Եսայանը մեծ ոգևորություն էր ապրում, խանդավառված էր հայրենիքով. տպավորություններն ամբարում էր, որոնք հետագայում վեպեր էին դառնալու: Նա սիրված էր որպես մարդ, որպես ստեղծագործող, որպես դասախոս: Իսկ այդ տարիներին հասարակության կողմից սիրվածները միշտ շրջապատված էին մարդկանցով, հատկապես՝ երիտասարդությամբ: Եսայանն ամենուրեք էր՝ գրողների միությունում, համալսարանում, վեպեր էր գրում, ելույթներ ունենում, զեկուցումներ կարդում, եռանդուն մասնակցում էր գրական վեճերին, հալածանքներից պաշտպանում տաղանդավոր գրողներին: Մերոնք՝ մայրս և տատս, հիացած ու զարմացած լսում էին նրա պատմածները, թե ինչ է ասել Չարենցին, Բակունցին, Մկրտիչ Արմենին քննադատողներին: Ես լսում էի կլանված ու յուրովի ընկալելով պատմածները, առանց պատկերացնելու իրադրությունը՝ ուրախանում, որ Զապել Եսայանն այդքան մեծ է:

Անցան տարիներ, հետո հասկացա, թե նրա ամեն մի ելույթն ինչ նշանակություն ու արժեք ուներ: Ահա նա ինչ է ասել Չարենցի մասին. «Եղիշե Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորի համար, նրա տաղանդը շոշղոշուն լույսի պես շլացնում է մեզ… Մեզանից շատերի անուններն անհետ կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին: Թերևս մեզանից ոմանց անուններն անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկու մը մասին եղել ենք արդար կամ անարդար»:

Զապել Եսայանը, պաշտոնական մի անձնավորության, որ եկել էր գրողների տուն հերթական միջոցառման՝ հաստատելու, թե իբր Ակսել Բակունցը ժողովրդի թշնամի է, զայրույթով ասում է. «Ես չգիտեմ, թե դուք ով եք կամ ինչ կաշխատեք, բայց իրավունք չունիք Բակունցին վերաբերյալ այդ կերպ արտահայտվելու: Ակսել Բակունցը Մոպասանին քով դրվելիք արվեստագետ մըն է»:

Եվ այս բոլորը անհատի պաշտամունքի տարիներին:

Տարիներ անց, երբ Զապել Եսայանին նվիրված հուշագրությունս ընթերցողների կողմից մեծ արձագանքի արժանացավ, շատերը զանգահարեցին՝ ասելով, որ այս շնորհակալ գործը շարունակեմ: Գտնվեցին մարդիկ, որոնք իրենց իմացածը պատմեցին՝ լրացնելով արձակագրուհու մասին իրողությունը: Նրանցից մեկը՝ Երևանի պետական պատկերասրահի աշխատակցուհի տիկին Աշխեն Սիմոնյանը, այն դժնդակ տարիներին եղել է Զապել Եսայանի հետ նույն բանտախցում: Նրա խոսքը, որ մեջբերում եմ, մասամբ լրացնում է Եսայանի կյանքի վերջին տարիների սպիտակ էջերը:

Աշխեն Սիմոնյան — 1937-ին ինձ բանտարկեցին, բերեցին ներկայիս ՊԱԿ-ի շենքը, որ այն ժամանակ ՆԳԺԿ-ինն էր, և ասացին, որ բանտարկված եմ այսինչի ցուցմունքով: Այդ ցուցմունքն իրականությանն ամենևին չէր համապատասխանում: Մարդը, որ մեր ընտանիքին շատ մոտ էր՝ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերական բաժնի վարիչ Ստյոպա Բաբայանը, ցուցմունք էր տվել, թե իբր մեր տանը խոսել են Վրաստանի մասին, և ինքն ասել է՝ Մոսկվան Վրաստանին շատ գումար է հատկացնում, այդ պատճառով էլ այնտեղ արդյունաբերությունը զարգացած է: Իմ ամուսինը՝ Վարդգես Վարդապետյանը, իբր ավելացրել է, թե արվեստը նույնպես այնտեղ զարգացած է, որովհետև շատ գումարներ են ստանում Մոսկվայից:

Նման խոսակցություն մեր տանը չէր եղել, ըստ երևույթին այդ մարդուն ստիպել էին, այնպես ծեծել ու ջարդել, որ ճարահատյալ գրել էր: Իսկ ինձ մեղադրեցին այն բանի համար, որ մեր տանը եղած «հակասովետական խոսակցության» մասին իրենց չեմ հայտնել: Ասացին, որ ձերբակալված եմ, և իջեցրին բանտախուց: Այնտեղից տարան քաղաքային բանտ, հետո նորից բերին ՆԳԺԿ-ի բանտը: Մի անգամ էլ, երբ բերեցին հարցաքննության, ՆԳԺԿ-ի բանտախցում հանդիպեցի Զապել Եսայանին: Գիտեի, որ անվանի գրող է, հասարակական գործիչ, արտասահմանից եկել է Հայաստան, որ ուժերի ներածին չափով օգտակար լինի իր ժողովրդին: Բանտախցում նա տարիքով բոլորից մեծն էր, մենք նրան հարգալից տիկին Զապել էինք կոչում: Շատ համակրելի ու խելացի կին էր: Պատմում էր իր կյանքից, արտասահմանում իր ունեցած ծանոթությունների, հանդիպումների մասին: Պատմում էր Մոպասանի և մյուս անվանի գրողների գործերը: Այնպես էր պատմում, ասես կարդում էր: Լսում էինք կլանված: Տիկին Զապելին անընդհատ կանչում էին հարցաքննության: Վերադառնալուց հետո ծիծաղում էր, դառն հումորով ասում. «Այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ զարմանում եմ, թե ինչպե՞ս են հորինում»: Շատ էր զայրանում. ինքը ինչ նպատակով է եկել Հայաստան, և իրեն ինչ են վերագրում՝ անվանելով ֆրանսիական լրտես: Շատ էր մտահոգված իր զավակների ճակատագրով, ոչ մի տեղեկություն չուներ նրանցից, թույլ չէին տալիս ո՛չ տեսակցություն, ո՛չ նամակագրություն:

Մի անգամ էլ նրան տարան հարցաքննության, բայց վերադարձավ երկու օրից միայն: Ոտքերը սարսափելի այտուցված էին: Երկու օր նստեցրել էին մի բարձր տեղ և ստիպել ոտքերը կախ գցել: Այսպես տանջել էին, պահանջելով ստորագրել, որ լրտես է: Հերոսաբար դիմացել էր: Այնպիսի վիճակում էր, որ չէր կարողանում անգամ նստել: Մենք նրան պառկեցրինք անկողին կոչվածի վրա: Օրերի ընթացքում աստիճանաբար ուշքի եկավ:

Մի անգամ էլ եկան ու նրան ասացին. «Ձեզ կանչում են իրերով»: Դա նշանակում էր, որ կա՛մ աքսորում են, կա՛մ ազատում: Նման դեպքերում պայմանավորվում էինք կալանավորի հետ, որ եթե ազատվել է՝ մեզ որևէ բան ուղարկի, ասենք՝ սանր: Դրանից հետո կարող էինք իմանալ, որ ազատ է արձակված: Զապել Եսայանին իրերով տարան, բայց քանի որ պայմանավորված առարկան չստացանք, ենթադրեցինք, որ աքսորել են:

Անցան ամիսներ, ինձ տարան քաղաքային բանտ, հետո բերեցին կենտրոնական բանտ, հետո նորից՝ քաղաքային: Մեր բանտախուցը գտնվում էր երկրորդ հարկում: Դիմացն այն բանտախուցն էր, որտեղ նստեցնում էին հացադուլ հայտարարած կալանավորներին: Մենք ո՛չ կարդալու իրավունք ունեինք, ո՛չ կարելու, ոչ մի բանով զբաղվելու իրավունք չունեինք: Անընդհատ պետք է մտածեինք, որ թշնամի ենք և պետք է դատապարտվենք: Ասեղ մեր հարազատները գաղտնի էին ուղարկում, ինչ-որ բանի մեջ թաքցրած: Մենք՝ կանայքս, հաջողացրինք տոպրակ կարել: Բանտի բակում փոքրիկ կրպակ կար, որտեղ շաքար էին վաճառում, պաքսիմատ… Մեզ հսկող կնոջը՝ «կլյուչնիցա» Վարդուշին, փող էինք տալիս, որ մեզ համար այդտեղից ուտելիք բերի: Ուտելիքը, հետն էլ անպայման սխտոր, դնում էինք տոպրակի մեջ, և որովհետև այդ բանտը մնացել էր Նիկոլայի ժամանակներից ու դռները երկաթյա չէին, այլ փայտից ու լայն ճեղքերով, ուտելիքով տոպրակը ճեղքից ներս էինք գցում հացադուլ հայտարարած բանտարկյալին: Երբ մեզ զբոսանքի էին տանում, կես ժամ պահում էին բակում: Այդ ընթացքում բաց էին թողնում խցի դուռն ու պատուհանը, որ մի քիչ օդափոխվի: Զբոսանքի գնալիս ես էի տոպրակը հացադուլավորներին գցում: Այդ օրը մոտեցա դռանը և հարցրի.

— Ո՞վ կա այդտեղ:

— Լիպարիտ Բարսեղյանը:

Կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղարն էր: Նրա կինն էր Հայկանուշ Թումանյանը, որ նույնպես կուսակցական աշխատող էր և Միկոյանի քենին:

Լիպարիտ Բարսեղյանը հարցրեց.

— Իսկ չգիտե՞ս Հայկանուշն ո՞ւր է:

Ասացի.

— Կարծում եմ, որ Միկոյանը նրան ազատած կլինի:

Այդպես էլ էր:

Լիպարիտը սկսեց լալ:

Երբ արդեն ուզում էի իջնել, տեսա տիկին Զապելին՝ աստիճաններով բարձրանալիս: Հերարձակ էր:

— Տիկին Զապել, — հարցրի, — ո՞ւր էիք, ինչպե՞ս հայտնվեցիք:

Ասաց.

— Մահվան քավարանեն կուգամ, աղջի՛կս: Մահվան քավարանե՛ն:

Մարդիկ կարող են հիմա չհավատալ, բայց իրոք այդպես է եղել, բանտային պայմաններում առանց հսկիչի նրան թողել էին, որ միայնակ բարձրանա աստիճաններով: Չմոռանամ ասել, որ մեր կողքի բանտախցում էլ պահում էին այն կանանց, որոնց արդեն դատապարտել էին: Զապել Եսայանի ձեռքից բռնելով՝ տարա իմ բանտախուցը, խնդրեցի.

— Տիկին Զապել, արագ պատմեք, թե Ձեզ ի՞նչ է պատահել: Պատմեք, քանի Վարդուշը չի եկել:

Եվ նա պատմեց: Երբ իրեն ասել են՝ եկեք իրերով, տարել են զինտրիբունալ, որ եկել էր Մոսկվայից: Զինտրիբունալը նրան մեղադրել է լրտեսության մեջ, դատապարտել գնդահակարության: Մահվան դատապարտվածների խցերը գտնվում էին բանտում: Եվ ահա նրան տանում են այդ խցերից մեկը, միաժամանակ իրավունք են տալիս Մոսկվա դիմում գրելու, որպեսզի մահվան դատավճիռը փոխարինվի տասը տարվա աքսորով:

Եվ նրա դիմումն իսկապես ուղարկում են Մոսկվա:

Զապել Եսայանն արագ-արագ պատմում է, որ հասցնի ասելիքն ավարտել:

Մի անգամ հսկիչը նկատում է, որ տիկին Զապելն ընկած է գետնին՝ արյան մեջ կորած. արյունը հոսում է քթից, բերանից, ականջներից: Ճնշումն էր բարձրացած եղել, և արյունահեղությունը նրան կաթվածից փրկել էր: Անմիջապես փոխադրում են հիվանդանոց: Այդ ժամանակամիջոցում Մոսկվայից գալիս է դիմումի պատասխանը, որում մահվան դատապարտվածությունը փոխարինվել էր տասը տարվա աքսորով: Եվ հիմա նրան տանում էին այդ բանտախուցը, որտեղից պետք է գնար աքսոր: Փառք Աստծո, որ այս ամբողջը տիկին Զապելը հասցրեց պատմել: Մեկ էլ «կլյուչնիցա» Վարդուշը ներս ընկավ.

— Էս ի՞նչ բան է…

Բանտարկյալին մենակ թողնելու համար ինքը պատասխան էր տալու: Իսկույն Զապելի ձեռքից բռնեց, տարավ իր բանտախուցը: Ինձ էլ երկու օրով կարցեր նստեցրին մեր խուցը բերելու և հետը խոսելու համար: Այլևս տիկին Զապելի մասին լուր չունեցա: Մեկ էլ լսեցի, որ աքսորի ճանապարհին մահացել է:

Աշխեն Սիմոնյան — Այս ամբողջը, որ պատմեցի, 38 թվականի պատմություն է: Մեր բանտախցում շատ կանայք կային՝ Կարինե Գյուլիքևխյանը, Մարգո Երզնկյանը… Բոլորին աքսորեցին: Պիտի որ 39 թվականին լիներ:

Կլարա Թերզյան — Ուրեմն Զապել Եսայանը ոչ թե ճանապարհին, այլ աքսորավայրում է նահատակվել:

Աշխեն Սիմոնյան — Ասում են՝ իբր Բաքվում նրան տեսնող է եղել, երբ նավով պետք է փոխադրեին Կրասնովոդսկ, և որ նավի վրա փորհարությամբ է տառապել և նրան Կասպից ծովն են գցել: Կա մահվան մեկ ուրիշ վարկած: Բաքվում պարկի մեջ են մտցրել և գազանաբար ծեծել: Ականջիս հասել է նաև այսպիսի տեղեկություն. բանտում Եսայանը հերոսաբար չի ստորագրել իրեն հարուցած մեղադրանքի տակ: Սակայն այնքան սոված են պահել, որ, ի վերջո, հարկադրված է եղել ստորագրել: Այդ օրը նրան տվել են մի բաժակ կաթ և սպիտակ հաց…

Զապել Եսայանի ընտանիքի ճակատագիրը

Այժմ ներկայացնում ենք Կլարա Թերզյանի հուշերն ու տեղեկությունները Զապել Եսայանի հետ ունեցած իր շփումների և նրա զավակների հետագա ճակատագրի մասին:

— Մեծահասակի ու երեխայի մտերմության մեջ մի անբացատրելի ուժ կա: Նրանք իրար հասկանում են առանց խոսքի ու յուրովի սիրում: Այդպիսի մտերմություն կար Զապել Եսայանի և իմ միջև, երբ նա 50-ն անց էր, իսկ ես նրանից կես դար փոքր էի: Զապել Եսայանը հաճախ էր լինում մեր տանը, գալիս էր և՛ մենակ, և՛ իր աղջկա ու տղայի հետ: Ծնողներիս հետ խոսում էին, ծիծաղում, խորհում, տխրում… Ես ու քույրս, մի անկյուն քաշված (արգելված էր մեծերի հետ սեղան նստել, նրանց զրույցը լսել), հմայված նայում էինք տիկին Զապելին: Հատկապես տպավորիչ էին աչքերը, լիքը շուրթերն ու ալեխառն մազերը, որ միշտ հավաքված էին ծոծրակին, բայց չէին ենթարկվում, գանգուրները դուրս էին պրծնում՝ արծաթե պսակի պես շրջանակելով դեմքը, որից լույս ու բարություն էր ճառագում: Մի անգամ նա ականատես եղավ, թե ինչպես սեղանը դաշնամուր դարձրած՝ նվագում եմ ու երգում: Դեմս Կոմիտասի երգերի նոտաներն էին, որ միշտ հենում էի մի որևէ առարկայի: Եսայանը շոյեց գլուխս ու ասաց. «Ապրի՛ս աղջիկս, ես քեզ անպայման դաշնակ կնվիրեմ: Երբ «Բարպա Խաչիկ» գիրքս տպվի, քեզ անպայման գեղեցիկ դաշնակ կգնեմ»:

Ուրախությունից տեղիցս վեր թռա ու փարվեցի նրան: Դաշնամուրն այն տարիներին անհասանելի երազանք էր: Մինչև օրս էլ համոզված եմ՝ եթե գիրքն այդ ժամանակ լույս տեսներ, Եսայանն անպայման իր խոստումը կկատարեր: Մեր տունը Խորհուրդների փողոցում էր՝ 30-ական թվականների Երևանի կենտրոնում: Նրա շրջակայքում էին Լենինի հրապարակը, Կառավարական տունը, բանկը, թատրոնը, դեղատունը, «Տորգսինը», Քսանվեց կոմիսարների զբոսայգին, «Անաստված» կինոթատրոնը, բաղնիքը… Բոլոր ճանապարհներն ասես անցնում էին մեր տան միջով: Սուրճի, թեյի սեղանի շուրջ մեր տանը հավաքվում էր մտավորականության ծաղիկը: Մեր ընտանիքին մոտ մարդիկ հիվանդ հորս նկատմամբ ուշադիր էին, մի երեկո անգամ նրան մենակ չէին թողնում: Նրանց այցելությունը ոչ միայն ծնողներիս, այլև քրոջս ու ինձ համար էլ արտաքին աշխարհի հետ կապ էր:

Մի երեկո Զապել Եսայանը մեզ մոտ էր ամբողջ ընտանիքով: Երկար մնացին և երբ գնացին, տատս նկատեց, որ սեղանին մոռացել են իրենց տան բանալիները: Իսկ տունը՝ Աբովյան փողոցի «մասնագետների» շենքը, բավականին հեռու էր: Մինչ մերոնք մտածում էին՝ ինչ անել, աննկատ վերցրի բանալիներն ու դուրս թռա: Ամառային գիշեր էր, վազում եմ մթության մեջ. ահա Աբովյան փողոցը, որ քիչ թե շատ լուսավորված էր… Նրանց հասնում եմ դեղատան մոտ ու տալիս բանալիները: Մինչ նրանք անսպասելիությունից չգիտեն՝ ինչ անել, ես արդեն հեռվում եմ: Տանը, իհարկե, ստացա հասանելիք պատիժը, բայց հայրս նաև գովեց համարձակությունս:

1935 թ. հայրս վախճանվեց: Զապել Եսայանը մեր ընտանիքին ավելի մտերմացավ: Նրա որդին՝ Հրանտը, խառնվածքով մորից տարբեր էր, միշտ լռակյաց, գլուխը կախ, բայց շատ բարի ժպիտ ուներ: Նրան բոլորը սիրում էին ու ասում, որ լավ քիմիկոս է: Քույրը նրա հակապատկերն էր՝ մինչև հիմա էլ ականջիս Սոֆիի ծիծաղն է. այնքա՜ն կենսուրախ էր:

Եսայանների ընտանիքում երջանիկ իրադարձություն եղավ՝ Սոֆին ամուսնացավ Սարիբեկ անունով մի երիտասարդի հետ, որ գյուղից էր և, եթե չեմ սխալվում, բանասեր էր, համալսարանը նոր էր ավարտել: Սոֆին աղջիկ ունեցավ, անունը Զաբել դրեցին: Կապույտ աչքերով, սպիտակամաշկ, սիրուն երեխա էր և շատ նման էր իր տատին:

Ձեր ընտանիքին ե՞րբ և ինչպե՞ս հայտնի դարձավ Զապել Եսայանի ձերբակալության լուրը:

— Չգիտեմ, թե գույժն ինչպես հասավ, ինչպես իմացանք, որ Զապել Եսայանը ձերբակալված է: Արցունքը քիչ էր: Պետք էր նեցուկ լինել նրա հարազատներին, օգնել, որ ձեռագրերը չոչնչացվեին: Մայրս, վտանգի ենթարկելով իրեն, օգնեց: Սոֆիին, ամուսնուն և երեխային հանեցին Աբովյան փողոցի իրենց բնակարանից և տեղավորեցին ինչ-որ փայտաշեն տնակում:

Սոֆի Եսայանի մոտ հոգեկան խանգարման նշաններ են նկատվում: Ամուսինը նրան համոզում է երեխայի հետ գյուղ գնալ՝ իբր հետագա հալածանքներից խուսափելու համար: Սոֆին գնում է Գառնի, աշխատանքի ընդունվում դպրոցում որպես ֆրանսերենի ուսուցչուհի:

Ամեն րոպե սպասում էինք, որ մորս էլ կձերբակալեն. նա աշխատում էր հանրային գրադարանում: Երբ աշխատանքից վերադառնալուց մի փոքր ուշանում էր, ես ու քույրս վախվորած դուրս էինք գալիս փողոց՝ սպասելով կա՛մ նրան, կա՛մ վատ լուրի, կարծես այդ լուրը տանը մեզ չէր հասնի…

Մորս ազատեցին աշխատանքից. եկավ տխուր, վիրավորված, բայց ոչ ընկճված: Կռահելով, որ ռուսերենը սոսկ պատրվակ է իրեն աշխատանքից ազատելու համար, մայրս դիմում է տալիս ու գրադարանից հեռանում: Պետք էր նոր աշխատանք գտնել, հոգալ ընտանիքի ապրուստը՝ ամեն րոպե պատրաստ ավելի վատի…

Մեր ընտանիքն ապրում էր հորս մահից հետո մեզ տրվող անհատական թոշակով: Հայրս քաղաքական վտարանդի էր, Հայաստան էր եկել Ֆրանսիայից: 1925 թվականին Ֆրանսիայի կառավարությունը կոմունիստական գործունեության համար նրան երկրից վտարել էր, և համաձայնություն ստանալով խորհրդային կառավարությունից՝ մորս հետ եկել էր Երևան: Թերևս այդ հանգամանքը օգնեց, որ մորս չձերբակալեցին:

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որ նոր վիշտ ու փորձություններ բերեց միլիոնավոր մարդկանց, այդ թվում և մեր ընտանիքին: Մայրս մեկնեց գյուղ, աշխատում էր դաշտում, որ կարողանար կերակրել մեզ:

1942 թվականի գարնան մի օր հնչում է դռան զանգը: Ներս է մտնում գզգզված մազերով, աղքատի հագուստով մի կին: Տատս կարծում է՝ մուրացկան է, ուզում է հաց տալ, իսկ նա վզովն է ընկնում ու հեկեկում: Սոֆի Եսայանն էր: Առանց հուզվելու հնարավոր չէ նկարագրել նրա տեսքը: Հագել էր մոր մահուդե խալաթը, որից ո՛չ գույն էր մնացել, ո՛չ տեսք: Խալաթը հասնում էր մինչև գետին, մեջքին գոտու փոխարեն լվացքի պարան էր կապված, իսկ ոտքերին՝ պատառոտված կոշիկներ: Երբ մի փոքր հանգստացավ, պատմեց, որ աղջիկը՝ Զաբելը, մահացել է: Երեխան կարմրուկով է հիվանդացել, ինքը չի իմացել, լողացրել է, տանտերերն էլ տնից են հանել: Աներևակայելի թշվառություն: Խեղճ կինն իրեն լրիվ կորցրել էր: Ո՞ւր էր առաջվա ծիծաղը, մնացել էին միայն կապույտ աչքերը և խիտ ու գանգուր մազերը, որ արդեն ճերմակին էին տալիս:

Իմացանք նաև, որ Սարիբեկը Սոֆիին գյուղ ուղարկելուց հետո ամուսնացել է: Հետո ռազմաճակատ է մեկնել և այնտեղ զոհվել: Զապել Եսայանի ամբողջ ունեցվածքը, այդ թվում և ամուսնու՝ Տիգրան Եսայանի նկարները, մնացել էին այդ կնոջը:

Սոֆիին հաջողվեց տեղավորել եղբոր ապրած տան նկուղային բնակարանում, լուծվեց նաև նրա աշխատանքի հարցը, ընդունվեց դպրոց որպես գրադարանավարուհի: Եվ թվում էր, թե նրա կյանքը կամաց-կամաց կմտնի հունի մեջ, բայց հիվանդությունը գլուխ էր բարձրացնում: Նա մե՛կ տանն էր, մե՛կ հոգեբուժարանում: Ընդ որում, հիվանդության նոպաների ժամանակ չափազանց քաղաքավարի էր: Նրա հիվանդությունը քաղաքական հողի վրա էր. սև ցուցակ ուներ, որում գրանցում էր իր կարծիքով կասկածելի մարդկանց: Կարմիր ցուցակում միայն մորս անուն-ազգանունն էր՝ Ալիս Թերզյան: Նրան սիրում էր ու վստահում: Ալիսն իր սուղ միջոցներից միշտ նրան բաժին էր հանում, միշտ նեցուկ էր, պաշտպան: Լինում էին պահեր, երբ Սոֆին ինձ ու քրոջս նախանձում էր, ուզում էր, որ մայրս իրեն ավելի շատ ուշադրություն նվիրի: Ինչ արած, հիվանդ էր և պետք էր համբերատար խնամել նրան: Այն, ինչ Զապել Եսայանը չկարողացավ անել իր դստեր համար, մայրս արեց պատերազմական և հետպատերազմյան ծանր, զրկանքներով ու դառնություններով լի տարիներին: Զարմանում եմ, թե մորս փխրուն ուսերը որքան փորձությունների դիմացան: Մորս մահից հետո Սոֆիին նեցուկ եղավ Սերիկ Դավթյանը, որ բանտում Զապել Եսայանի հետ էր եղել: Սոֆին իր կյանքի վերջին երկու տասնամյակում աշխատում էր Գիտությունների ակադեմիայում և ամբողջովին նվիրվեց մոր գրական ժառանգության վերականգնման, գրքերի հրատարակման գործին:

Տիկի՛ն Թերզյան, Դուք պատմեցիք Սոֆիի մասին, իսկ Զապելի տղայի՝ Հրանտի հետ ի՞նչ պատահեց

— Զապել Եսայանին ձերբակալելուց հետո Հրանտին ազատեցին աշխատանքից, բայց այն օրը, երբ ուզում էին հանել նաև բնակարանից, Մոսկվայից պաշտոնական գրություն ստացվեց: Հրանտ Եսայանի գյուտն արժանացել էր հեղինակային իրավունքի և թույլ էր տրվում ներդնել արտադրության մեջ: Զապել Եսայանի որդին իրավունք ստացավ աշխատելու գործարանում և ապրելու իր տանը: Բայց չկար նրանց տան հիմնական սյունը՝ Զապել Եսայանը: Եվ հոգեկան ծանր ապրումներն իրենց գործն արեցին: Հիվանդությունը, մահը չոքել էին Եսայանների դռներին: Մահանում է Հրանտի աղջիկը՝ Սոնան, կինը՝ Բերկրուհին, ավելի ուշ՝ 50-ական թվականների սկզբին, որդին՝ Վահրիկը: Դպրոցի դասատուները ողբում են, ասելով, որ կորցրին ապագա մեծ ֆիզիկոսի:

Հրանտը քիչ ներդրում չունեցավ մեր հանրապետությունում քիմիայի զարգացման գործում: Սինթետիկ կաուչուկի կոմբինատը զարգացավ նրա աչքի առջև և նրա անմիջական մասնակցությամբ: Հրանտ Եսայանի պատմածը գրի առա 1977 թվականին, նրա մահվանից հինգ տարի առաջ:

Ծնվել է Փարիզում՝ 1910 թվականին: Հայրը՝ նկարիչ Տիգրան Եսայանը, հայ իրականության ճանաչված դեմքերից էր: Հրանտը մանկուց շատ էր ճամփորդել, քանի որ մայրը հայաշատ վայրերում սիրված ու ճանաչված գրող էր, հասարակական գործիչ: Ամենուրեք նրան սպասում էին, ծարավի էին նրա խոսքին:

Հրանտ Եսայանի կյանքում բախտորոշ դեր խաղաց անվանի քիմիկոս Ստեփան Ղամբարյանի հետ ծանոթանալը: Վերջինիս խորհրդով նա աշխատանքի անցավ սինթետիկ կաուչուկի գործարանի գիտահետազոտական լաբորատորիայում, որը հետագայում դարձավ Կիրովի անվան քիմիական կոմբինատի կենտրոնական լաբորատորիան: Աշխատում էր Ղամբարյանի ղեկավարությամբ, զբաղվում սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիայի հարցերով: Այդ տարիներին նա մի քանի գյուտերի համար ստացավ հեղինակային իրավունք: Երբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում հիմնվեց Գիտությունների ակադեմիան, Հրանտը դարձավ նրա առաջին ասպիրանտներից մեկը: Նա երկրորդ անգամ ընտանիք կազմեց, կինը ուկրաինուհի էր, զավակներ ունեցավ: Գործընկերները նրան հարգում էին և՛ որպես լավ մասնագետի, և՛ որպես բարի ու ազնիվ մարդու:

Հրանտ Եսայանը, չնայած պատկառելի տարիքին, աշխատում էր ակադեմիայում: Նրան հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում զբոսնելիս: Մայրաքաղաքը նրա աչքի առջև էր այդ տեսքը ստացել, նա Երևանը սիրում էր մի առանձին սիրով: «Երևանի կենսագրությունը նաև իմ կենսագրությունն է», — հպարտորեն ասում էր Հրանտ Եսայանը:

 

Պատրաստեց Կարինե Ավագյանը

Աղբյուրը՝ ankakh.am