Քվեբեկում ֆրանսալեզու հանրային համալսարանի (Լավալի համալսարան) կանադացի գիտնականները մեծածավալ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները զարմացրել են գիտական հանրությանը: Կատարվել է փորձ, որն օգնել է ավելի մանրամասն հասկանալ վնասվածքներից հետո ցավի շարժումներին ուղեղի արձագանքման մեխանիզմը: Պարզվել է, որ մարդկային ուղեղը կարող է կանխատեսել՝ արդյոք մարմնի շարժումը կարող է ցավոտ լինել եւ այդ կապակցությամբ կարգավորել մկանների աշխատանքի գործընթացը: Ստացված արդյունքների մասին մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է EurekAlert կայքում:
Փորձին մասնակցելու համար գիտնականները հրավիրել են 30 կամավորի: Նրանց մկանները որոշակի ցավի զգացողություններ են ստացել, իսկ մասնագետները հատուկ սարքերի միջոցով դիտել են, թե ուղեղն ինչպես է դրան արձագանքում: Պարզվել է, որ եթե շարժումը ցավով է ուղեկցվելու, ուղեղն արդեն իմանում է այդ մասին եւ երկարացնում շարժման կատարման արձագանքման ժամանակը: Այսպիսով ուղեղը փորձում է նվազագույնի հասցնել ցավի զգացողությունները:
Գիտնականները հույս ունեն, որ ստացված արդյունքները կօգնեն հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող մարդկանց: Հետազոտողները նաեւ անկեղծորեն հույս ունեն, որ իրենց կողմից անցկացված փորձի արդյունքները կօգնեն հասկանալ, թե ինչ սխեմայով է սուր ցավը քրոնիկի վերածվում:
Աղբյուրը՝ haynews.am/hy/1527968040