22 Սեպտեմբերի 2023թ. 4:34

Փողկապ կապելը վնասակար է

Փողկապի գունավորումն ու նախշը սովորաբար ընտրվում են հագուստի մնացած բաղադրիչներին համապատասխան: Ամենօրյա կիրառման համար կիրառվում են մուգ երանգերով փողկապները` ոչ մեծ կրկնվող պատկերներով կամ առավել մեծ մեկ պատկերով, ինչն ուշադրություն չի գրավի: Մուգ փողկապները, որպես կանոն, կրում են բաց գույնի վերնաշապիկների հետ:

Փողկապի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել Հին Եգիպտոսի պատմության մեջ, որտեղ կտորի` երկրաչափական ուղիղ ձև ունեցող հատվածը, որ գցում էին ուսերին, այն կրողի սոցիալական կարգավիճակի մասին ուղղակի ակնարկ էր: Առաջիններից մեկը փողկապ կրել են նաև հին չինացիները: Այդ մասին են վկայում Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ քարե արձանները, որոնց վզներին ժամանակակից փողկապներ հիշեցնող հանգույցներ են: Սակայն այս բոլոր փողկապներն էլ հեռու են ժամանակից փողկապներից թե’ կրելու եղանակով և թե’ ձևով, քանի որ նրանք զուրկ են ներկայիս փողկապների ամենագլխավոր բաղադրիչից` հանգույցից:

Մինչ այս գտածոները փողկապի «գյուտարարներն» էին համարվում հռոմեական լեգեոնների զինվորները, որոնք կրում էին, այսպես կոչված, ֆոկալե: Նրանց կերպարանքները պահպանվել են Տրայանոսի սյունին, որ կանգնեցվել է 113 թվականին` ի պատիվ կայսեր կրած հաղթանակների: Սյան բարձրաքանդակներում, որոնք գոտևորված են պտուտակաձև ժապավենի տեսքով, կարելի է հաշվել հռոմեական զինվորների մոտ 2.500 կերպար` ռազմական հանդերձանքով: Նրանցից շատերի վզին հանգուցավոր թաշկինակներ են: Հին Հռոմում թաշկինակների նման կիրառումը ժամանակակից փողկապների օգտագործման հիմք է հանդիսացել:

Սկսած 16-րդ դարի վերջերից` տղամարդիկ հագնում են կամզոլներ` մինչև ծունկն իջնող վերնազգեստ: Որպես զարդարանք նրանք կրում էին կլոր, ամուր օձիք, որը հաճախ վիզն ընդգրկող սկավառակաձև աքսեսուար էր` մի քանի սանտիմետր հաստությամբ: Այն պատրաստում էին սպիտակ կտորից, որն օսլայում էին ձևը պահպանելու համար:

Ժամանակի հետ նրան փոխարինելու եկավ լայն ատամնավոր օձիքը, որ ծածկում էր ուսերը: Օձիքի նման տեսակը սկսեցին «վանդեյք» անվանել:

Ենթադրվում է, որ երբ խորվաթ սպաները, որոնք 17-րդ դարում` Երեսնամյա պատերազմի ժամանակ, կրում էին մետաքսե վառ վզկապներ, հրավիրվել են Ֆրանսիայի թագուհի Աննա Ավստրիացու պալատ, նրանց անսովոր հարդարանքի միջոցը չի վրիպել Լյուդովիկոս XIV-ի աչքից. նա նույնպես սկսել է կրել համանման վզկապ` դրանով իսկ Ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում հիմնավորելով փողկապի նորաձևությունը: Այստեղից էլ վարկածներից մեկի համաձայն ծագում է ֆր.՝ cravate բառը, որ ծագում է խորվաթների ինքնանվանումից:

17-րդ դարում նորաձև են համարվում երկար բաճկոնները, որոնք տղամարդիկ հագնում էին կամզոլների տակից: Վզին փաթաթում էին շարֆ, որը մի քանի անգամ պտտում էին պարանոցի շուրջ, իսկ ազատ ծայրերը թողնում էին կրծքին: 17-րդ դարավերջի գեղարվեստական կտավները վկայում են այն մասին, որ այդ ժամանակներում նման թաշկինակներն ունեին լայն տարածում: Դրանք պատրաստում էին մուսլինից, բատիստից և նույնիսկ ժանյակներից:

Գոյություն ունեին նման թաշկինակների հանգույցների բազմաթիվ տեսակներ: Այն հիշեցնում էր ժամանակակից թիթեռնիկ-փողկապը: Ինչպես հայտնի է, կար փողկապ կապելու ավելի քան 100 տեսակ: Ասում են, որ անգլիացի դենդի Բրամելը, ով մեծ ազդեցություն է ունեցել տղամարդկանց նորաձևության վրա, ամբողջ առավոտը կարող էր օգտագործել միայն այն բանի համար, որ բոլոր կանոններով կապեր փողկապը:

18-րդ դարում երկար ծայրերով վզի թաշկինակն սկսեցին անվանել փողկապ, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին այն արդեն հիշեցնում էր ժամանակակից փողկապը: Նորաձև են դառնում օձիքով վերնաշապիկները: Արդեն փողկապը կզակի տակ կապում էին հանգույցով, իսկ նրա երկար ծայրերը թողնում էին օսլայած վերնաշապկի վրա: Հենց այս ժամանակ էլ փողկապը ստանում է ներկայիս տեսքը: Պետք է նշել, որ եթե փողկապ կրելու նորաձևությունը չտարածվեր Անգլիայում, դժվար թե այն ունենար այն նշանակությունը, ինչ այսօր ունի գործարար նորաձևության մեջ: Անգլիայում փողկապի կրումը դասվում էր բարձր արվեստի կարգին, իսկ ջենտլմենները պետք է փողկապ կապելու մի քանի տասնյակ ձևեր իմանային: Կար կարծիք, որ տղամարդու համար լուրջ վիրավորանք էր նրա փողկապի մասին արված ակնարկը, ինչը կարելի էր «մաքրել միայն արյունով»:

Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին (1789-1799) փողկապը մատնում էր այն կրողի քաղաքական համոզմունքների մասին: 19-րդ դարում եվրոպական հասարակության դենդիներն իրենց համար կրկին բացահայտեցին այս աքսեսուարը: Հենց այդ ժամանակվանից էլ փողկապը դադարեց միայն ռազմական ու քաղաքական շրջանակների սեփականությունը լինելուց` դառնալով սովորական քաղաքացիների հանդերձանքի անբաժան մասը:

1827 թվականին ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը գրել է «Փողկապ կրելու արվեստ» գիրքը, որտեղ նշել է փողկապ կապելու գեղագիտական անհրաժեշտության մասին: «Բայրոնյան» փողկապը կոկորդին կապվող լայն փողկապ էր, «ողբերգական» փողկապն ուներ սև գույն և նախատեսված էր սգո հանդերձանքի համար: «Վալտեր Սքոթ» փողկապները կարում էին վանդակավոր կտորից: Սպիտակ փողկապը նախատեսված էր պարահանդեսների, երեկույթների տոնական հանդերձանքի համար: Այն ընդունված էր կրել ֆրակի կամ սմոքինգի հետ, բայց ոչ երբեք պիջակի: Բալզակի ժամանակ փողկապներ կարում էին մետաքսե, բրդե, ատլասե գործվածքներից` զանազան նախշերով:

1924 թվականին վզկապներ ու շարֆերի բոլոր տեսակները հետին պլան են մղվում. ամերիկացի գործարար Ջեսի Լանգսդորֆը հեղինակային իրավունք է սահմանում իր «իդեալական» փողկապի համար: Այդպիսի փողկապներ, որոնք բաղկացած են երեք մասերից, կարվում են մինչ օրս: Այս նորամուծությունից հետո ստանդարտացվում են երկար շերտով գծավոր, շեղ վանդակավոր փողկապները: Այս պատկերներն օրինաչափ են դառնում անգլիական ակումբների ու քոլեջների համար, որ թույլ էր տալիս այն կրողին հայտնել իր պատկանելության մասին:

Սակայն փողկապը կարող է լվնասել այն կրողի առողջությանը: Ինչպես գրում է news.am կայքը, փողկապները տղամարդկանց բառի բուն իմաստով խեղդում են. կրելուց ընդամենը մի քանի րոպե անց ուղեղի արյան շրջանառությունը վատանում է, պարզել են Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշտեյնի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները, հաղորդում է Neuroradiology ամսագիրը:

Հետազոտությանը մասնակցել է 30 երիտասարդ տղամարդ, որոնցից կեսը պետք է 15 րոպեով փողկապ կրեր՝ վինձորի հանգույցով կապված (ամենահայտնի ձեերից մեկը):

Գիտնականները փողկապը կապելուց առաջ եւ հետո ՄՌՏ-ի օգնությամբ հետեւել են ուղեղին արյուն մատակարարելու գործընթացին:

Պարզվել է, որ անգամ աննշան ժամանակում փողկապ կրելու ընթացքում արյան մատակարարումը 7.5 տոկոսով նվազել է: