Հուլիսի 20-ին Արցախում՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, կայանալու է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը։ Համերգին հնչելու է Կոմիտաս, հանրահայտ օպերային արիաներ։
Համերգի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանն ասել է, որ Արցախում հանդես գալու ցանկությունը Հասմիկ Պապյանին էր։
«Հասմիկ Պապյանի ցանկությունը հետաքրքրորեն համընկավ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերով և զբոսաշրջության նախարարության հրավերի հետ։ Նախարարությունն էլ պատրաստվում էր հրավիրել երգչուհուն։ Ստացվում է, որ Հասմիկ Պապյանը նախարարության հրավերով է Արցախում»,- ասաց նա։
«Այց Արցախ» ծրագիրը ենթադրում է ոչ միայն համերգ, այլ բավականին հագեցած գրաֆիկով, հետաքրքիր հանդիպումներով է առանձնանալու 4-օրյա այցն Արցախ։
Հադրութի Տող գյուղի արվեստի դպրոցում Հ. Պապյանը հանդիպելու է դպրոցի երեխաներին, նաև երաժշտական դպրոցների երեխաներին, գնալու է զորամասեր, իսկ հուլիսի 20-ի համերգով կավարտվի այցը։
Հասմիկ Պապյանին նվագակցելու է դաշնակահարուհի Էլլա Մելիք-Հուսյանը։
«Դաշնակահարուն ընտրել է Հասմիկ Պապյանը։ Հետաքրքիր համագործակցություն է Հասմիկի և նրա միջև։ Էլլա Մելիք-Հուսյանի համար էլ, ով աշխատում է Հայաստանից դուրս, կարևոր այց է, մեծ ոգևորությամբ պատրաստվում է համերգին: Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում դասական երաժշտության սիրահար արցախցիների համար»,- ասել է համերգի կազմակերպիչը։
Հասմիկ Պապյան.
Ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատարներից մեկը։
Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Քարնեջի Հոլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։