Դավադրությունների տեսությունների կողմնակիցները ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների, հատկապես հեղափոխությունների, հեղաշրջումների և հակակառավարական ցույցերի հետևում տեսնում են Ջորջ Սորոսին։ Իսկ ո՞վ է Ջորջ Սորոսը և ինչո՞վ է զբաղվում նրա ստեղծած հիմնադրամը։ Այս հարցին է անդրադարձել ankakh-ը:
Կենսագրությունը
Ջորջ Սորոսը ծնվել է 1930 թ., Բուդապեշտում ապրող հրեաների ընտանիքում։ Երկրորդ աշխարհամարտից հետո, այլևս չցանկանալով ապրել Հունգարիայում, փորձում է հաստատվել արևմտաեվրոպական երկրներից մեկում։ 1947 թ. Սորոսը տեղափոխվում է Մեծ Բրիտանիա՝ ընդունվելով Էկոնոմիկայի և քաղաքական գիտությունների լոնդոնյան դպրոցը։ Այստեղ նրան դասավանդել է հայտնի փիլիսոփա Կարլ Փոփերը, որը մեծ ազդեցություն է ունեցել Սորոսի աշխարհայացքի ձևավորման վրա։ Սորոսի կյանքի նպատակն է դարձել Փոփերի՝ երկրի վրա բաց հասարակություն հիմնելու գաղափարը։ Եվ հենց այս նպատակով էլ նա ողջ աշխարհում ստեղծել է բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ։
Ավարտելուց հետո Սորոսը, ի թիվս այլ զբաղմունքների, որպես փորձնակ աշխատանքի է անցնում ֆինանսական ոլորտում, որն էլ դառնում է նրա կարիերայի սկիզբը։ 1956-ին իր ընկերոջ հոր հրավերով, որը փոքր բրոքերական ընկերություն ուներ, մեկնում է Նյու Յորք։ Այստեղ որպես բորսայի գործակալ արժեթղթերի առուվաճառքի նոր մոդել է կիրառում, որն էլ նրան եկամուտ է ապահովում։ 1973-ին նա Ջիմ Ռոջերսի հետ հիմնում է «Քուանթում» հիմնադրամը, որն էլ դառնում է նրա բազմամիլիարդանոց կարողության հիմքը։
Սորոսը նաև ֆինանսական խարդախի կամ սպեկուլյանտի համբավ ունի։ Այսպես, 1992-ի սեպտեմբերի 16-ը, որը հայտնի է որպես «սև չորեքշաբթի», Սորոսին հարստացրեց 1 մլրդ դոլարով։ Խաղալով գերմանական մարկի հանդեպ անգլիական ֆունտի կտրուկ անկման վրա՝ Սորոսը մեկ օրվա մեջ կտրուկ հարստացավ։ Այդ օրվանից նա հայտնի է որպես «մարդ, ով կտրել է անգլիական բանկը»։ Վերլուծաբանների մի մասը նշում է, որ նրա դերը ֆունտի արժեզրկման գործում չափազանցված է, մինչդեռ մեկ այլ տեսակետի համաձայն՝ հենց նրա գործողություններն են դարձել բրիտանական արժույթի արժեզրկման շղթայական ռեակցիայի սկիզբը։ Ըստ աղբյուրների՝ նա դեպքի նախորդ օրը զրույց է ունեցել «Բունդեսբանկի» նախագահի հետ՝ տեղեկանալով Գերմանիայի մտադրությունների մասին։
90-ականներին նա նաև ֆինանսական գրոհներ է իրականացրել ասիական մի շարք երկրների արժույթների նկատմամբ՝ մեծ կարողություն դիզելով ֆինանսական մեքենայություններով։
Սորոսի ֆինանսական հաջողությունների մասին երկու տարբեր տեսակետ կա։ Մեկի համաձայն՝ նա ֆինանսական կանխատեսումների մեծ տաղանդ ունի, ինչի շնորհիվ էլ միշտ կարողանում է հաջող գործարքներ կնքել։ Երկրորդ տեսակետի համաձայն՝ նա պարզապես կարողանում է առաջին ձեռքից տեղեկություն քաղել, որը նրան տրամադրում են աշխարհի խոշորագույն երկրների քաղաքական ու ֆինանսական շրջանակների բարձրաստիճան պաշտոնյաները։
Ինքը՝ Սորոսը, իր հաջողություններն այլ կերպ է մեկնաբանում․ ԶԼՄ-ների միջոցով հանրային կարծիքի վրա ազդեցություն, իրեն ցանկալի տրամադրությունների, ակնկալիքների ձևավորում՝ զուգորդված արժութային խարդախների գործունեությամբ։
Ուշագրավ է, որ 2002-ին Ֆրանսիայի դատարանը Սորոսին մեղավոր է ճանաչել շահույթ ստանալու նպատակով գաղտնի տեղեկություն ձեռք բերելու համար և նրան 2,2 մլն եվրո տուգանք նշանակել։ Բողոքարկումների արդյունքում, սակայն, տուգանքը նվազեցվել է մինչև 0,9 մլն եվրո։
Բարեգործական վիճահարույց գործունեությունը
1984-ին Սորոսը Հունգարիայում հիմնում է առաջին «Բաց հասարակություն» հիմնադրամը։ Ըստ «Բաց հասարակություն հիմնադրամների» կայքի տվյալների՝ վերջին հիմնադրամը ստեղծվել է 2016-ին, Մյանմարում։ Նա տարեկան միջինը 300 մլն դոլար է հատկացնում հասարակական, շահույթ չհետապնդող ծրագերի իրականացման համար։ Իսկ 1984-ից ի վեր «Հիմնադրամների» գործունեության նպատակով հատկացվել է շուրջ 32 մլրդ դոլար։
Ներկայում աշխարհի շուրջ 30 երկրներում գործում են Սորոսի կողմից ստեղծված հիմնադրամները։ Ուշագրավ է, որ Սորոսի ստեղծած հիմնադրամ գործել է անգամ ԽՍՀՄ տարածքում։ 1987-ին նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում ստեղծվում է «Մշակութային նախաձեռնություն» հիմնադրամը՝ որպես գիտության, մշակույթի և կրթության աջակցություն։ Սակայն հիմնադրամը շուտով փակվում է մեծ ծավալների հասնող կոռուպցիայի պատճառով։
1997 թվականից «Բաց հասարակություն հիմնադրամները» գործում է նաև Հայաստանում։ Գործունեության 20 տարիների ընթացքում հասարակական կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է շուրջ 47,7 մլն դոլարի ծրագիր։
Հիմնադրամի ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներ, կրթություն, առողջապահություն, ժողովրդավարական գործելակերպ, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության դեմ պայքար և այլն։
Դիտարկելով հիմնադրամի թիրախավորած ոլորտները՝ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ են ամեն փոփոխության կամ հնարավոր փոփոխության հետևում մարդիկ փնտրում Սորոսի «ականջները»։ Պատճառը նրա քաղաքական ակտիվ դիրքորոշումն է և գաղափարախոսությունը։
Այսպես, ԱՄՆ-ում Սորոսը սովորաբար ֆինանսավորում է Դեմոկրատական կուսակցության քարոզարշավները։ Օրինակ՝ 2004-ին, դժգոհ լինելով Ջորջ Բուշ կրտսերի վարած քաղաքականությունից՝ նա 27 մլն դոլար ծախսեց Բուշի դեմ քարոզարշավի համար։ Սակայն ընտրություններում հաղթեց Բուշը։ Իսկ ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրություններում Սորոսը պաշտպանում էր Հիլարի Քլինթոնի թեկնածությունը։
Սորոսը նաև շուրջ 600 մլն դոլար է ներդրել ԱՄՆ-ում օրենսդրական փոփոխությունների համար, որոնք, ի վերջո, պետք է հանգեցնեն թմրանյութերի վաճառքի օրինականացմանը։ Սորոսի կարծիքով՝ այդ պարագայում թե՛ պետբյուջե ուղղվող ֆինանսական միջոցները կավելանան, թե՛ հանցագործությունների թիվը կնվազի։
Ամեն քաղաքական փոփոխության հետևում Սորոսին տեսնելու պատճառներից է նաև նրա գաղափարախոսությունը, ըստ որի՝ աշխարհը բաց հասարակություն դարձնելու ուղիներից է լիբերալ-ազատական մտածողությամբ հասարակության ձևավորումը տարբեր երկրներում։ Ըստ այդմ՝ եթե աշխարհի մի շարք երկրներում, հատկապես՝ մեծ դերակատարություն ունեցողներում, ձևավորվեն նման մտածողությամբ իշխանություններ, ապա աստիճանաբար նրանք իրենց ազդեցությունը կունենան նաև մյուս երկրների վրա՝ քայլեր ձեռնարկելով միասնական բաց հասարակություն ստեղծելու ուղղությամբ։
Թե որ երկրում Սորոսի ֆինանսավորած հիմնադրամը ինչ գործունեություն է ծավալել, կանդրադառնանք հետագա հրապարակումներում։ Մինչ այդ նշենք, որ վերջին տարիներին գնալով ավելանում են այն երկրները, որոնք անցանկալի են համարում «Բաց հասարակություն հիմնադրամների» գործունեությունն իրենց տարածքում։ 2015 թվականին Ռուսաստանում այս կազմակերպությունը համարվեց անցանկալի և դրա գործունեությունը դադարեցվեց։ Ըստ այդ երկրի գլխավոր դատախազության մեկնաբանության՝ Սորոսի կողմից ֆինանսավորվող երկու հիմնադրամների գործունեությունը Ռուսաստանում վտանգում է այդ երկրի սահմանադրական կարգը և անվտանգությունը։
Այս տարի պաշտոնապես հայտարարվեց նաև, որ «Բաց հասարակություն հիմնադրամները» դադարեցնում է իր գործունեությունը Հունգարիայում։ Մինչ այդ բարեգործական կազմակերպության կենտրոնակայաններից մեկը գտնվում էր Բուդապեշտում, իսկ մյուսը՝ Նյու Յորքում։ Պատճառը Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներն են։ Ավելի վաղ Հունգարիայում փոփոխություններ էին տեղի ունեցել կրթության մասին օրենքում, որը հնարավորություն էր տալիս փակելու Կենտրոնական եվրոպական համալսարանը, որը հիմնադրել և ֆինանսավորում էր Սորոսը։ Իսկ հունգարական իշխանությունների նման կեցվածքի պատճառը այդ երկրի ներքին քաղաքականության վրա ազդելու փորձերն են եղել։ Ըստ Հունգարիայի վարչապետի հայտարարության՝ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ փորձել են ազդել պետական պաշտոնյաների որոշման վրա, հատկապես՝ միգրացիոն քաղաքականության մեղմացման նպատակով։
Աղբյուրը՝ ankakh.com