Վերջին ժամանակահատվածում որոշ բուհեր վերաթողարկում են իրենց ինտերնետային կայքերը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գերարագ զարգացումների համատեքստում կազմակերպությունների կայքերի արդիականացումն, անշուշտ, ողջունելի ու անհրաժեշտ գործընթաց է:
Սակայն արի ու տես, որ առաջին հայացքից, այդ “անմեղ” գործընթացում, ոչ բոլոր համալսարաններն են պահպանում իրենց կազմակերպությունների նախկին գրառումները:
Բուհերի կյանքին անծանոթ ընթերցողը սա կվերագրի կազմակերպության աշխատակազմի ծուլությանը, ովքեր պարզապես ալարել են նոր կայք տեղափոխել նախկին տեղեկությունները:
Առավել փորձվածները սա կվերագրեն բուհերի ղեկավարների՝ ռեկտորների փառասիրությանը, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ սնապարծությանը: Չկա անցյալ, չկա պատմություն. ամեն ինչ սկսվում և ավարտվում է իրենցով: Եվ չնայած, որ այստեղ մի մեծ կտոր ճշմարտություն կա, դա չի հանդիսանում “մաքուր էջից կայքը սկսելու” գլխավոր պատճառը:
Համալսարանների նախկին գրառումները թաքցվում ու ոչնչացվում են, քանի որ դրանք կարևոր տեղեկություններ են պարունակում բուհերի զարգացման բազմաթիվ ցուցանիշների, տարբեր մակարդակներում կայացված որոշումների, դրանց կատարման ընթացքի, կառավարման արդյունավետության գնահատականների, թերացումների, դրանց վերացմանն ուղղված միջոցառումների ու այլ կարևոր բաների մասին: Չկա տեղեկատվություն՝ չկա վերլուծության հնարավորություն: Շառից, փորձանքից հեռու:
Չի ստացվի պարոնայք: Ժամանակն անաչառ դատավոր է:
Ամալյա Խալաթյան
Պոլիտեխնիկ և ճարտարապետաշինարարական համալսարանների
նախկին ուսանողուհի ու նախկին աշխատակից