Վերջին ժամանակահատվածում որոշ բուհեր վերաթողարկում են իրենց ինտերնետային կայքերը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գերարագ զարգացումների համատեքստում կազմակերպությունների կայքերի արդիականացումն, անշուշտ, ողջունելի ու անհրաժեշտ գործընթաց է: Սակայն արի ու տես, որ առաջին հայացքից, այդ “անմեղ” գործընթացում, ոչ բոլոր համալսարաններն են պահպանում իրենց կազմակերպությունների նախկին գրառումները: Այս մասին Ամալյա Խալաթյանի ակնարկը (մանրամասներն` այստեղ) վեր է հանում բազմաթիվ մտահոգիչ հարցեր: Եվ որոնք էլ որ լինեն տեխնիկական համալսարաններում սկսված այս գործընթացի պատճառները, այն որևէ արդարացում ունենալ չի կարող: Մենք կփորձենք հանրության հիշողության մեջ վերականգնել այն իրողությունները, որոնք վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի տեխնիկական բուհերում, համենայն դեպս, գոնե այն, ինչը դեռ վերջնականապես չի մոռացվել: BUH.AM
Այցելելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի nuaca.am կայք, դժվար չէ նկատել, որ այնտեղ բացակայում է բուհի ստեղծման ու զարգացման պատմությունը: Ընդամենը մի քանի տող, ու վերջ. «…բուհի ստեղծման նպատակը ճարտարապետների և քաղաքաշինության բնագավառի մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավումն էր, ինչպես նաև շինարարության և հայկական ճարտարապետաշինարարական գիտության հետագա զարգացումը: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին ռեկտորն է եղել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստ Բեգլարյանը»:

Դոտոր, պրոֆեսոր Արեստ Բեգլարյանը
Առաջին ռեկտորի անունը կայքում կարելի է հանդիպել ընդամենը ևս մեկ տեղ. Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի էջում, որտեղ մի քանի կենսագրական ժուժկալ տվյալներից հետո, գրված է, որ 2011թ. Արեստ Գուրգենի Բեգլարյանի մահվանից հետո այն վերանվանվեց «Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան Ինժեներական գեոդեզիայի» ամբիոն:
Ոչ մի խոսք հսկայածավալ այն աշխատանքների մասին, որը կատարվել է բուհի կազմավորման ծանր տարիներին: Ոչ մի գնահատական պատերազմյան ծանր ժամանակաշրջանում համալսարանի գոյատևումն ապահոված ռեկտոր Բեգլարյանի երախտիքի, բուհի զարգացման հիմքերի ստեղծման գործում նրա ավանդի մասին:
Փորձենք թերթել ներկայիս ռեկտոր Գագիկ Գալստյանի աշխատակազմի ձեռքով թաքցված համալսարանի պատմության այդ էջը. Արեստ Բեգլարյանը ծնվել Է 28.02.1938թ. Երևանում, ավարտել է Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը՝ 1955թ.-ին, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ 1969թ.-ին, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության ասպիրանտուրան՝ 1972թ.։ 1964–89թթ. աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական գեոդեզիայի ամբիոնում, որպես ուսումնական վարպետ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1988–2011թթ. ղեկավարել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնը։ 1989թ.-2005թ.-ի դեկտեմբերը եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը, 2006–2010թթ.` նույն համալսարանի կառավարման խորհրդի նախագահը, 2010-2011թթ.` հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Ռեկտոր Բեգլարյանը դիպլոմներ է հանձնում
2008թ. Ա. Բեգլարյանն արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։

Գագիկ Գալստյանը լուսանկար է նվիրում Արեստ Բեգլարյանին
Նա հանդիսացել է Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ, եղել է ԱՊՀ շինարարական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը։Մինչև իր կյանքի վերջին օրը հանդիսացել է համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի թիվ 30` «Շինարարություն» մասնագիտական խորհրդի նախագահը, որտեղ, ի դեպ, 2008թ.` թեկնածուական, իսկ 2011թ.` դոկտորական ատենախոսություն է պաշտպանել ներկայիս ռեկտորը:

2006թ. Առջևում Իրաքի քաղաքացիների հետբուհական կրթության ապահովման արգասաբեր տարիներն են, որոնք ավարտվելու են ատենախոսությունների հաջող ելքով
Պրոֆեսոր Արեստ Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային և բարձունքային չափումներ իրականացնելու համար, որոնք մեծ ճանաչում են բերել տաղանդաշատ գիտնականին աշխարհի տարբեր երկրներում:
Համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ԿԳՆ-ի աջակցությամբ և ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան և Իտալիայում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո, Ֆլորենցիա քաղաքում 2012թ. հոկտեմբերի 13-23-ը տեղի ունեցավ «Հայաստանի մշակութային օրերը Ֆլորենցիայում» փառատոնը: Փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը իրականություն դարձավ Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի, Դելտա Քալչր ասոցիացիայի և Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի սերտ համագործակցության շնորհիվ: Փառատոնը մեկնարկեց Աուդիտորիում Ալ Դուոմո ընդունելությունների սրահում։ Ողջույնի իր խոսքում Ֆլորենցիայի կոմունայի խորհրդի նախագահ Լուջենիո Ջիանին հույս հայտնեց, որ համագործակցությունը Իտալիայի և Հայաստանի միջև գնալով էլ ավելի կծավալվի: Իր ելույթում Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի փոխնախագահ Կառլոտա դել Բիանկոն ասաց. «Մեր համագործակցությունը ճարտարապետաշինարարական համալսարանի հետ սկսվել է 2002թ.` ռեկտոր Արեստ Բեգլարյանի գործուն ջանքերի շնորհիվ: Ժամանակն ապացուցել է այդ համագործակցության գործնական կարևորությունը»: Նա հայտարարեց, որ հիմնադրամի որոշմամբ իրենց լսարաններից մեկը կանվանակոչվի ռեկտոր Արեստ Բեգլարյանի անունով։ Իտալացիները կատարեցին իրենց խոստումը:

Իտալիա, Ֆլորենցիա
2013թ. մայիսի 7-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվեց Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան լսարան:

Իտալիա, Ֆլորենցիա: 2014 թ., մարտ: Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը դասախոսություն է կարդում Արեստ Բեգլարյանի լսարանում
Սա աննախադեպ գնահատական էր ճարտարապետության և շինարարության ոլորտում ՀՀ կրթական ոլորտում ձեռք բերված հաջողությունների համար: Ճարտարապետաշինարարական համալսարանում 2012թ. բացվեց Արեստ Բեգլարյանի անվան խորհրդակցական դահլիճ` նույն աշխատասենյակում, որտեղ նա անց էր կացրել իր կյանքի գլխավոր տարիները: Այդտեղ տեղադրվեց հանրաճանաչ քանդակագործ Ֆրեդ Սողոյանի արարած քանդակը` Արեստ Բեգլարյանի կիսանդրին: Ցավոք մեզ չհաջողվեց ստանալ դրա լուսանկարը: Եթե կիսանդրին ու դահլիճը դեռևս պահպանվել են, կառաջարկեինք ցուցադրել այն համալսարանի կայքում: Դա, առաջին հերթին, պետք է հենց համալսարանին ու նաև` եկող սերունդներին: Իսկ Արեստ Բեգլարյանը պատմության մեջ մնալու իրավունքը վաստակել է իր գործերով, և այն կախված չէ այն բանից, թե կբարեհաճի արդյոք նրա անցած կյանքի փառավոր ուղու մասին գրել ճարտարապետաշինարարական համալսարանի այսօրվա կայքը, թե ոչ:
Ամալյա Խալաթյան
Պոլիտեխնիկ և ճարտարապետաշինարարական համալսարանների
նախկին ուսանողուհի ու նախկին աշխատակից