29 Նոյեմբերի 2023թ. 3:28

ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԸ 2015 Թ. ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՑ ԻՐ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեք տարի առաջ` 2015թ. հուլիսի 26-ին «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, նորանկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ, Պոլիտեխնիկի դասախոս և ֆուտբոլի սեկցիայի ղեկավար Նիկոլայ Ղազարյանը, ով մեծ հարգանք է վայելում հասարակության լայն շրջանակներում, հրաժարականի դիմում էր ներկայացրել և հեռացել ճարտարագիտական համալսարանից:

Լրագրողի հարցին թե ինչու իրեն այդպես էլ չի հաջողվում առողջացնել ճարտարագիտականի մթնոլորտը, այն ժամանակ ռեկտոր Մարուխյանը հակադարձել էր. «Անկեղծ ասաց, ես Նիկոլայ Ղազարյանի դիմումը չեմ էլ ստացել և չեմ էլ հասկանում, թե Նիկոլայ Ղազարյանը ոնց կարող է դատել մեր հաստատության մթնոլորտի մասին: Ընդամենը 4-5 ամիս է էստեղ աշխատել, ինչքան ես հասկանում եմ: Պետք է փորձեն իրենց հեռանալը ինչ-որ բանով հիմնավորեն, երևի դա ա հիմնավորումը: Շատ նորմալ, հանգիստ մթնոլորտ ա մեզ մոտ: Որևէ խնդիր որպես այդպիսին մենք չունենք բացարձակապես» (մանրամասներն` այստեղ):

Ռեկտոր Մարուխյանին բոլորովին չէր անհանգստացրել, որ հրաժարական է տվել, ոչ թե ոմն մեկն, այլ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԸ…

“Պետք է փորձեն իրենց հեռանալը ինչ-որ բանով հիմնավորեն, երևի դա ա հիմնավորումը”: Այստեղ արդեն “իրենց հեռանալը” վերաբերում է ռեկտորի 2015 թ. ընրությունից հետո պոլիտեխնիկից հեռացած մեր ժողովրդի մյուս լեգենդին` սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին և ԿԳ նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին: “Բնական է, որ նա իր հետ բերել էր երկու խորհրդականների։ Մեկը՝ Ռաֆայել Վահանյան, մյուսը՝ Էդիկ Ղազարյան։ Նրանք հենց նույն օրն (ռեկտորի ընտրությունների օրը` ծան.` BUH.AM) են գնացել Թոքմաջյանի մոտ եւ գնալու ցանկություն հայտնել։ Սա նրա թիմն էր, եւ ես բնական եմ համարում, որ նրանք հեռանում են։ Ես ունեմ իմ թիմը, իմ մարդիկ, որոշ երիտասարդ կադրեր կան, որոնց ես կբերեմ։ Ես ինչո՞ւ պետք է պարտադրված լինեմ նրանց հետ աշխատելու” (մանրամասներն` այստեղ):

Ցավոք, ճանաչված այս անձանց հեռանալը ռեկտոր Մարուխյանը նույնքան “բնական” էր համարվում, որքան ուսխորհրդի նախկին նախագահ, հասարակությանը քաջ հայտնի Գոռ Վարդանյանին ռեկտորի տեղակալ նշանակելը: Ի՞նչ է տեղի ունեցել պոլիտեխնիկում այս երեք տարիների ընթացքում: Ինչո՞ւ բուհի վերաթողարկված կայքում թաքցված են նախկին տեղեկությունները (տես` Ինչ են ուզում թաքցնել բուհերը հոդվածը` այստեղ): Մասնավորապես, ինչո՞ւ է այսօր շարունակում աղմկել “Պոլիտեխնիկ” սպորտային ակումբը (մանրամասներն` այստեղ), որը  պոլիտեխնիկի հետ որևէ կապ չի ունեցել և տարիներ շարունակ օգտագործելով “Պոլիտեխնիկ” անվանումը բուհից հսկայական միջոցներ է տարել: Սրանք հարցեր են, որոնք իրենց պատասխանին են սպասում:

Այս հարցերից մեկի մասին ներկայացնում ենք Նիկոլայ Ղազարյանի կարծիքը.

— 2015 թ. ռեկտորի ընտրություններից հետո, Դուք հիասթափված հեռացաք պոլիտեխնիկից: Երեք տարի է անցել, Ձեր կանխատեսումներն իրականացա՞ն:

Ն.Ղազարյան. Նախ բերեք իրերը կոչենք իրենց անուններով. ինտրիգային այն մթնոլորտը, որն արհեստականորեն ստեղծվել էր պոլիտեխնիկում 2014-2015 թթ. և որը բացահայտորեն ուղղորդվում էր հայտնի անձանց կողմից, այնքան աղաղակող խարդավանքներ էր իր մեջ պարունակում, որ “ընտրություն” բառն այս պարագայում ոչ մի կերպ չի կարելի օգտագործել:

-Օգտագործենք այլ բառ: Սակայն դրանից հարցիս իմաստը չի փոխվում.

Ն.Ղազարյան. Ես կխոսեմ միայն սպորտային ոլորտի մասին:  Այն, որ պոլիտեխնիկի մարզադահլիճները տասնյակ տարիներ չեն վերանորոգվել ակնհայտ է: Դա կարող է տեսնել յուրաքանչյուր մարդ, ով կմտնի պոլիտեխնիկի մարզահամալիր: Մենք 2015թ. գարնանը սկսեցինք մարզադահլիճների վերակառուցման մասշտաբային աշխատանքներ և լիահույս էինք, որ մինչև ձմեռ շահագործման պիտի հանձնենք լողավազանը, աերոբիկայի դահլիճը` ռեկտորատի մասնաշենքում և շախմատի ակումբը: Սակայն, համալսարանի նոր ղեկավարությունը ուշադրություն չի դարձնում սպորտի ապագայի հարցերին: 2015 թ. ռեկտորի ընտրություններից մեկ ամիս անց արդեն ինձ համար պարզ էր, որ որևէ դրական տեղաշարժի սպասելն անիմաստ է և սկսված աշխատանքներին տեմպ չի հաղորդվելու, ու ես հրաժարականի դիմում ներկայացրեցի: Կարծում եմ, որ արժանապատիվ կյանքով եմ ապրել, և ես չէի ուզում, որ իմ բարի անունը որևէ կերպ կապվեր այդ ամենի հետ: Այլապես ես որևէ խնդիր չունեի և հիմա էլ չունեմ, ոչ ամբիոնի վարիչի և ոչ էլ` ամբիոնի դասախոսների հետ. նրանք բոլորը շատ կարգին մարդիկ են: Պարզապես պետք է մի քիչ ավելի համարձակ լինեն ու այդ դեպքում ոչ մի ռեկտոր ու ուսխորհրդի նախագահ չի կարողանա ինչ ուզի անի: Ուղիղ մեկ տարի պահանջվեց Մարուխյանից, որ մի քանի սենդվիչով փակի լողավազանի տանիքի արդեն պատրաստի ֆերմաները: Սակայն դա մանր հարց է: Կարևորը` հին վթարված տանիքը չապամոնտաժվեց և այսօր փլուզման վտանգը կախված է երեխաների գլխին: Այստեղ լուրջ մոտեցում էր պահանջվում, ինչը համալսարանի ներկայիս ղեկավարությունը չունի: 2015թ. գարնանը շինարարական մասնագիտական կազմակերպություններից մեկն անվճար տրամադրել էր մետաղյա տախտակամածի կառուցվածքներ, որոնց տեղադրմամբ` կտոր-կտոր պետք է քանդեին վթարված ծածկը: Գլխավոր գործն արդեն արվաած էր: Կարծում եմ 10 օրվա աշխատանք էր մնում կատարել: Սակայն ռեկտորի ընտրություններից հետո բոլոր շինարարությունները դադարեցրեցին: Իսկ հետո, շինարարական կազմակերպությունը ստիպված ետ տարավ տախտակամածի կառուցվածքներն, ու լողավազանի հետագա ճակատագիրը դարձավ ոչ պարզ: Ասում են, փող չկա: Բա էն ժամանակ, երբ մենք սարքում էինք, ո՞նց կար, իսկ հիմա չկա: Իր` Մարուխյանի ռեկտոր աշխատած նախկին տարիներին չէ՞ր, որ մարզադահլիճը ինչ-որ կազմակերպության էին տվել ու պոլիտեխնիկն էր դրանց բոլոր սպասարկման ծախսերը փակում: Տանյակ միլիոններ են գնացել, ու ոչ վերանորոգում է արվել և ոչ էլ նորմալ շահագործում: Բոլորը գիտեն դրա մասին ու ոչ մեկի պետքը չի:

BUH.AM -ի տեղեկանքը. 06.09.2010թ. N 01/01 որոշմամբ (ստորագրված Ո. Մարուխյանի կողմից) արձանագրված է, որ մարզական ակումբին վարձակալության հանձնված տարածքների սպասարկումը պետք է իրականացնել անվճար: Այդ որոշման պատճառով ծախսվել են տասնյակ միլիոնավոր դրամ: Պոլիտեխնիկի սպորտային համալիրի վերանորոգման խնդիրների վերաբերյալ բուհի համապատասխան հանձնաժողովը 20.02.2015թ. (N59184) արձանագրել է, որ սպորտային մասնաշենքում երկար տարիներ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, վատ վիճակում է գտնվում տանիքը, թուլացել են կրող կոնստրուկցիաները, լողավազանի ծածկը վթարային վիճակում է, չի աշխատում օդափոխության համակարգը: Որպես առաջին քայլ հանձնաժողովն առաջարկել է շտապ վերանորոգել լողավազանի տանիքը և դրանից հետո միայն կատարել լողավազանի վերակառուցումը: Վերոհիշյալ հանձնաժողովի նախագահը ներկայումս Պոլիտեխնիկում զբաղեցնում է համապատասխան գծով պրոռեկտորի պաշտոն և քաջատեղյակ էր մասնագիտական կազմակերպության տեխնիկական եզրակացությունից: 2015թ. փետրվարի 2-ին, “Առավոտի” հրապարակումը “բացեց” Պոլիտեխնիկի մարզական տարածքների թնջուկը (մանրամասներն` այստեղ): Սակայն մինչ օրս, բարձրացված հարցադրումներին առարկայական պատասխան չի տրված:

-Լողավազանը  2015 թ. որ սարքեին, չէ ՞ր հանելու իր ծախսը .

Ն.Ղազարյան. Հաշվապահությունից ես շատ բան չեմ հասկանում, բայց այստեղ հաշվելու բան էլ կարծես չկա: Պարզապես, հոգնած մարդիկ են: Մինչև 2015 թ. տարվա վերջն իր գինը կհաներ, երեխաներն էլ կլողանային: Երբ տղաս փոքր էր, բերում էի այստեղ լողանալու: Հիմա շատ եմ ափսոսում, որ էդպես մնացել է: Սա, իմ կարծիքով, առնվազն դատապարտելի անգործություն է: Հիմա, ե ՞րբ ու ո ՞նց պիտի անեն` չգիտեմ: Երևի այդպես էլ մնա: Ղեկավարությունը պիտի ցանկություն ունենա գործ անելու, պիտի ջիղ ունենա: Պիտի կարողանա սարքել: Դա ամեն մարդու բան չի: Ես գործ անելու ցանկություն էլ առանձնապես չեմ տեսնում: Դրանց խոսքը չի բռնում գործի հետ:

Նիկոլայ Ղազարյան

BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ,

ՀՖՖ առաջին նախագահ, “Արարատ-73” ֆուտբոլային ակումբի եզրային հարձակվող

 

Առաջաբանը և հարցազրույցը` Ամալյա Խալաթյանի