Ալբերտ Մարգարյան. Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտն ազգային հարստություն է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիդրավլիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի հետ զրուցել է Վրեժ Հայրապետյանը

— Պրոֆեսոր Մարգարյան, ի՞նչպես և ե՞րբ Հայաստանում կազմակերպվեց ջրային ոլորտի գիտությունը.

— Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում 1940-ական թվականներից սկսած ստեղծվեցին ջրային և, մասնավորապես, հիդրոտեխնիկական և հիդրոէլեկտրական կայանների շինարարության ոլորտները սպասարկող գիտահետազոտական ինստիտուտներ: Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի կողմից 1924թ. ստեղծված Լենինգրադի հիդրոէլեկտրական լաբորատորիայի կահավորանքի, չափիչ սարքերի ե գիտական արխիվի տեղափոխումը Հայաստան հնարավորություն տվեց նրան հայրենիքում արագորեն դնել ժամանակին համահունչ հիդրավլիկական հետազոտությունների հիմքերը։ Հայաստանի Հանրապետության Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը (ներկայումս այն կոչվում է իր հիմնադիրի` ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվամբ) ստեղծվել է 79 տարի առաջ՝ 1939թ. և նախկինում զբաղեցնում էր ներկայիս դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքը: Տարիների ընթացքում ինստիտուտը համալրվեց բարձրորակ մասնագետներով, որոնց հետազոտական աշխատանքները լայն ճանաչում ստացան Խորհրդային Միությունում ու արտերկրում: Ստեղծվեց լայն համագործակցություն ջրային շինարարության նախագծային ինստիտուտների, պոլիտեխնիկական, գյուղատնտեսական ինստիտուտների և ջրային ոլորտի շինարարական կազմակերպությունների հետ: Միայն պոլիտեխնիկական իստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար տեղերը 1970-ական թվականներին հատկացվում էր 100-125 տեղ: Այդ մասնագիտության շրջանավարտների 10%-ից ավելին հետագայում դարձան ակադեմիկոսներ, գիտության դոկտորներ և թեկնածուներ:

Հանրապետությունում ծավալվող հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարության պայմաններում ջրային պրոբլեմների ինստիտուտին անհրաժեշտ էր ունենալ գիտահետազոտական նոր լաբորատորիաներ: Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի ջանքերով Նորքում Ամառանոցային (այժմ` Արմենակյան) 125 հասցեում կառուցվեց ինստիտուտի նոր մասնաշենքը՝ հիդրավլիկական հետազոտությունների երկհարկանի երկու լաբորատորիաներով, ջրի որակի որոշման քիմիական լաբորատորիայով: Ինստիտուտը համալրվեց երիտասարդ մասնագետներով, որոնց ուժերով մշակվեցին ու կառուցվեցին հիդրոտեխնիկական բազմաթիվ կառուցվածքների մոդելներ, որոնց վրա կատարվող փորձարկումներով ճշտվում էին ապագա կառուցվածքների չափերը: Կատարվեցին լայնածավալ հետազոտություններ Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի պաշարների որոշման խնդրում, որոնց հիման վրա կատարվեցին դրանց օգտագործման վերաբերյալ բազմաթիվ նախագծեր: Հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում կառուցվեցին հեղեղատարի մոդելներ, որոնց վրա կատարվող փորձարկումների արդյունքներով որոշվում էին լեռնային գետերի ափապաշտպան միջոցառումների կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց տեսակներն ու չափերը:

Մեծ ծավալի տեսական և փորձական հետազոտություններ կատարվեցին հեղուկի ոչ ստացիոնար շարժման, մասնավորապես, հիդրավլիկական հարվածից խողովակաշարերի պաշտպանության խնդրում:

Չանդրադառնալով ինստիտուտում կատարվող գիտահետազոտական բնույթի այլ աշխատանքների մանրամասերին, նշենք, որ այդ տարիներին լուրջ տեսական հետազոտություններ կատարվեցին գետերի հունակազմավորման խնդրի վերաբերյալ, ինչպես նաև մշակվեց ու տրվեց «Մարգարիտկա» անվանումով ջրհեռ կառուցվածքի տեսությունը: Սույն ջրհեռը ներդրվել է ՀՀ համեմատաբար մեծ բոլոր ջրամբարների վրա, որը հնարավորություն է տալիս նկատելիորեն ավելացնել ջրամբարի օգտակար ծավալը:

                                                                                                                                                     Հանրապետության անկախության առաջին տարիներին ինստիտուտին տրվող պատվերներն աստիճանաբար նվազեցին, մնացին միայն գիտական կոմիտեի կողմից տրվող գիտահետազոտական թեմաները, որոնց նվազագույն ֆինանսավորման պայմաններում հնարավոր չէր մոդելավորման մեծմասշտաբների աշխատանքների իրականացում: Այնուամենայնիվ, 1992-93 թվականներին առանց ֆինանսավորման սկսվեցին կենտրոնախույս պոմպի հիման վրա հիդրոտուրբինային ագրեգատի մոդելի վրա էներգետիկական ցուցանիշների որոշման հետազոտական աշխատանքները, և Ազատի ջրամբարի վրա տեղադրվեց 30 կՎտ հզորության մինի ՀԷԿ: Պատերազմական պայմաններում ջրամբարի պատվարի լուսավորության ապահովումը հնարավոր դարձրեց կառուցվածքը պաշտպանել հնարավոր միջամտություններից: Այս նպատակով նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարների ճնշումային ճակատների վրա կառուցվեցին փոքր ՀԷԿ-եր: Միաժամանակ կատարվեցին մինչև 500 կՎտ հզորության երկփողրակ շերեփավոր հիդրոտուրբինի և դրա էլեկտրոնային կարգա- վորիչի նախագծման ու կառուցման աշխատանքները:

Նախագծվեց և կառուցվեց Բանկի տիպի հարթշիթային հիդրոտուրբին, որը տեղադրվեց Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի և ջրային հիմնահարցերի ինստիտուտի աշխատակիցների կողմից նախագծված Էլեգիս-7 անկախության տարիների առաջին կառուցված ՓՀԷԿ-ում:

1997-98 թ. մշակվեց, նախագծվեց և տեղադրվեց Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի մղման խողովակաշարերի հիդրավլիկական հարվածի դեմ պաշտպանության ավտոմատ գործողության համակարգը, որը գործում է մինչ այսօր: Սույն համակարգի ներդրմամբ բացառվեցին խողովակաշարի հաճախակի կրկնվող պատռումները էլեկտրասնուցման վթարային հոսանկազրկումների դեպքում:

Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի վերակառուցման աշխատանքները սկսվեցին 2006 թ:

Ինստիտուտի բազայի վրա ստեղծվեց համատեղ ուսումնագիտական կենտրոն: Հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի տանիքի վերանորոգումից հետո սկսվեցին ներսի հարդարման, այնուհետև, կարևորություն ներկայացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների մոդելների վերանորոգման աշխատանքները:  Լաբորատորիայի երկրորդ հարկում  կառուցվեցին հիդրավլիկայի, ջրամատակարարման, հիդրավլիկական մեքենաների փորձասարքեր, որոնց վրա իրականացվում էին այդ առարկաների ուսումնական ծրագրերով նախատեսվող գրեթե բոլոր լաբորատոր աշխատանքները: Տարիներ շարունակ ճարտարապետաշինարարական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն հաստատությունների ուսանողներն այդտեղ կատարել են իրենց ուսումնական ծրագրերով նախատեսվող լաբորատոր աշխատանքները:

Չափազանց մեծ է լաբորատորիայի նշանակությունը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Լաբորատորիայի երկու հարկում կառուցվել են գիտական ուսումնասիրություններ կատարելու փորձասարքեր՝ կենտրոնախույս պոմպի ավտոմատ գործողության ներծծման համակարգ, օդահեռացման և օդատրման համապիտանի սարք, ուղղաձիգ գլանական տարողությունում նավթամթերքի զանգվածի որոշման, միատար կենսազանգվածից կենսագազի ստացման, ճնշման խողովակաշարի ծայրից օդային արտանետումների փորձասար­քեր: Սրանց վրա կատարված հետազոտությունների արդյունքներով ներդրումներ են կատարվել Հերմոն-Ելփին գրավիտացիոն խողովակաշարի վրա և Սարալանջի պոմպակայանում:

Առանձնակի ուշադրության է արժանի լաբորատորիայի 1-ին հարկում կառուցված փորձարարական հիդրոհանգույցի մոդելը: Այն ներառում է ուղղանկյուն կտրվածքի 30 մ2 հայելու մակերեսով ջրավազան, գրավիտացիոն պատվար և ավտոմատ գործողության մետաղական դիմհարային փական, որը փոխարինում է ֆրանսիական լայն տարածում ստացած «Հիդրոպլյուս» անվանումով երկաթբետոնե կառուցվածքին: Դիմհարային փականը նախատեսվում է հեղեղային ելքի կամ դրա մի մասի լրացուցիչ ծավալի կուտակում ջրամբարում: Փականն ունի մի շարք առավելություններ ֆրանսիականի համեմատությամբ: Դրանք են՝ էժան է, հուսալի է, տեղադրվում է պատվարի ջրաթափային շուրթի վրա, ինչպես ֆրանսիականը և ցանկացած ջրհեռ կառուցվածքի վրա, իսկ ֆրանսիականը ոչ. ունի բացման-փակման արագության կարգավորման հնարավորություն և, որն ամենակարևորն է, տեղադրվում է մեկ անգամ: Գիտության պետական կոմիտեի առաջարկով ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հանձնարարականով որոշվեց դիմհարային փականը ներկայացնել պատենտավորման Եվրոպայում, սակայն գործառույթը ձգձգվեց և մոռացության մատնվեց:

— Ի՞նչպես եք գնահատում ինստիտուտում իրականացված հետազոտությունների արդյունքների արդյունավետությունը.

— Ինստիտուտում կատարված գիտահետազոտական աշխատանքների մեծ մասն ավարտվել են արտադրությունում ներդրվելով: Իսկ Գյումուշ ՀԷԿ-ի վթարված արագահոսի վերականգնման ուղղությամբ իրականացված մոդելային հետազոտությունները երկրի համար ունեցան բացառիկ կարևոր նշանակություն: Բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ են լուծվել:

Ինստիտուտում պաշտպանվել են երկու տասնյակից ավել դոկտորական և թեկնածուական թեզեր (հիմնականում երիտասարդներ):

Այնպես որ, ինստիտուտը բավականին արդյունավետ է աշխատել:

— Ի՞նչպիսի պլաններ ունեք առաջիկայում.

— Մոտ ապագայում նախատեսվում է մշակել և կառուցել Թոմսի էֆեկտի վրա հիմնված փորձասարք, որի վրա պետք է ուսումնասիրվի հեղուկի հոսանքին ներարկվող պոլիմերային ծագման տարբեր լրանյութերի ազդեցությունը հիդրավլիկական դիմադրությունների նվազեցման վրա: Այս ուսումնասիրության արդյունքում հնարավոր ներդրումը կատարվելու է հակահրդեհային սարքի վրա՝ ջրի շիթի հեռահարության մեծացման նպատակով:

Պոմպային կայանների ներծծման և գրավիտացիոն ջրատարերի մուտքի ավազաններում ձագարագոյացման պայմանների բացառման ուսումնասիրությունը խիստ կարևոր է ճնշումային հիդրավլիկական համակարգի արդյունավետ աշխատանքի տեսանկյունից, որի նպատակով ևս փորձնական ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ներկայումս հանրապետության ոռոգման համակարգում կան մոտ 300 գործող պոմպային կայաններ, իրականացվում է ջրի տրման մեխանիկական եղանակից անցում ինքնահոսի, որի նպատակով կառուցվել և շարունակվում են կառուցվել գրավիտացիոն ջրատարեր, կառուցվել են բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր, նախագծվում ու կառուցման փուլում են մի քանի ջրամբար: Այս կառուցվածքների շահագործման համար խստորեն զգացվում է որակյալ կադրերի պակաս, իսկ մեծահասակ մասնագետներին փոխարինողներ դժվարությամբ են գտնվում: Տարիներ առաջ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կազմակերպվեց ոռոգման համակարգի մասնագետների որոկավորման դասընթացներ:

Ներկա պայմաններում անհրաժեշտ է նման դասընթացների կազմակերպում, որի համար ինստիտուտի հնարավորությունները, կադրեր, լսարաններ, փորձնական տեղակայումներ, միանգամայն բավարար են:

Ինստիտուտը սերտ կապեր ունի Վրաստանի ջրային տնտեսության ինստիտուտի հետ: Մեր ինստիտուտի հնարավորությունները առավել մեծ են գիտահետազոտական աշխատանքների կատարման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում: Ամեն դեպքում անհրաժեշտ է ինստիտուտի լաբորատորիան վերազինել ժամանակակից մեքենաներով, մեխանիզմներով ու սարքավորումներով ու այն դարձնել հիդրոշինարարության մասնագետների պատրաստման կենտրոն: Անհրաժեշտ է ունենալ փոքր մեխանիկական արհեստանոց իր հաստոցներով, ինչպիսին նախկինում գործում էր ճարտարապետության և շինարարության համալսարանի հիդրավլիկայի ամբիոբին կից: Այդպիսի արհեստանոց գործում էր նաև այս ինստիտուտում:

-Ըստ Ձեզ, ի՞նչպես պետք է լուծվի Սևանա լճի հիմնահարցը: Խնդիրը կարծես փակուղի է մտել.

— Այսօր հասարակությունը խիստ մտահոգված է Սևանա լճի ճակատագրով: Անցյալ դարի 50-ական թվականներից իր ծավալի կորստյան գնով Սևանը ծառայեց մեր ժողովրդին: Հիմա Սևանին պարտքը վերադարձնելու մեր հերթն է: Լուծումը կարծես թե միակն է՝ զերծ պահել լիճը աղտոտումից ու բարձրացնել մակարդակը մինչև դարերով հաստատվածը: Այս գործընթացը թող ունենա մեկդարյա տևողություն, այն պետք է լինի ազգային ծրագիր: Նոյեմբերի 15-16-ին ինստիտուտում` Սևանա լճի հիմնահարցերին նվիրված գիտաժողովում, համախոհների մեր թիմը պաշտպանելու է այս տեսակետը:

Իմ կարծիքով, Սևանի խնդրի վերաբերյալ բնապահպանների ահազանգերին ոչ թե զանազան մարդկանց երբեմն իրարամերժ կարծիքները պետք է հրամցնել հասարակությանը, այլ ոլորտի մասնագետների կողմից ներկայացվող հավաքական եզրակացությունները:

— Ի՞նչպես եք տեսնում ինստիտուտի ապագան.

— Կարևորը մեզ արդեն հաջողվել է: Մենք կարողացել ենք պահպանել ինստիտուտն իր հզոր լաբորատորիաներով` որպես գործող հետազոտական կենտրոն: Ժամանակն է մտածել այն արդիականացնելու ուղղությամբ:

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը պետք է լինի այն մասնագիտական կենտրոնը, որտեղ քննարկվելու են ջրային ոլորտին վերաբերվող բոլոր կարևոր խնդիրները: Այն ազգային հարստություն է, որի պահպանումն ու զարգացումը բխում է մեր երկրի շահերից: