29 Նոյեմբերի 2023թ. 3:05

Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Օգոստոսի 24-ին  կայացել է Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկականհանձնաժողովի նիստ՝ Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, որ ողջունելով հանձնաժողովի անդամներին, հայտարարել է, որ համատեղ անելիք շատ ունեն և պետք է կարողանան առավել արդյունավետ գործել, ի մի բերել կարող մասնագիտական ներուժն ու համալիր ուսումնասիրություններ կատարել, մոնիտորինգ իրականացնել ռազմավարական մի քանի ուղղություններով:

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ:  Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը առաջարկել է նոր կազմով հանձնաժողովի նիստ գումարել և օր առաջ անցնել համակարգում կուտակված հրատապ խնդիրների քննարկմանն ու օպտիմալ լուծումներ առաջադրելուն:

«Մեր տեխնիկական հանձնաժողովը պետք է վերադառնա ակտիվ օրակարգ, պետք է այստեղ համախմբված մասնագիտական ներուժը լիարժեք կատարի իր առաքելությունը: Մենք շատ չունենք որակյալ, փորձառու մասնագետներ և պետք է հավուր պատշաճի գնահատենք և ճիշտ օգտագործենք մեր ուժերը»,-ասել է տիկին Գաբայանը:

Օրակարգում ոռոգման համակարգերի զարգացման ռազմավարության հիմնախնդիրներն էին, որոնցից առաջնահերթը Սևանա լիճն է: Մասնակիցները կարևորել են ոչ միայն լճի մակարդակի պահպանության ու հետևողական բարձրացման խնդիրը, այլև ջրի մաքրությունը, որպեսզի մեր քաղցրահամ ջրի շտեմարանը համապատասխանի որակական պահանջներին: Այնինչ, այսօր լիճն աղտոտվում է բազմաթիվ պատճառներով և դրանց վերացումը նույնքան հրատապ է: Կարևոր է նաև Արփա-Սևան թունելի պատշաճ գործունակության ապահովումը:

Ջրային ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև հէկ-երի խնդիրներին, պարզաբանել, որ դրանց գործունեությունը միանշանակ չպետք է խանգարի ոռոգման համակարգերին. երկուսն էլ տնտեսության համար կարևոր են:

Ջրի խնայողության համար կարևոր է կորուստների նվազեցումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը: Այսօր արդիական է հատկապես կաթիլային ոռոգումը:

Հայաստանի համեմատական առավելությունը ջուրն է, որ մենք զրո գնով արտահանում ենք. ահազանգում են ոլորտի տնտեսագետները, ելքը երկրի կարիքներին համահունչ ջրի պաշարներն ամբարելն է: Հանձնաժողովականներն անդրադարձել են ջրամբարաշինության ռազմավարական ծրագրին, փաստելով, որ այն ոռոգման համակարգի համար այլընտրանք չունի: Իսկ գործող ջրամբարների վիճակը գնահատելու համար պետք է համալիր ուսումնասիրություն կատարվի:

Մասնագետներն առաջարկել են դիմել համապատասխան մարմիններին՝ ջրային համակարգերին վնաս հասցնելու համար պատասխանատվությունը խստացնելու առաջարկով, քանի որ հաճախ մեծ վնասներ են հասցվում կառույցներին: Այսկերպ նաև ջրագողության դեմ կանխարգելիչ քայլ կարվի, կնպաստի կորուստների նվազեցմանը:

Անդրադարձ է եղել նաև ջրաչափությանը և այլ խնդիրների: Հանձնաժողովի անդամները փաստել են, որ կուտակված շատ խնդիրներ ունեն և պետք է ինտենսիվ աշխատանքի անցնեն՝ համակարգի խնդիրների լուծմանն էապես աջակցելու նպատակով:

Աղբյուրը` scws.am