4 Հոկտեմբերի 2023թ. 21:49

Նիկոլ Փաշինյան. Փորձելու ենք բուհական համակարգը բերել իրականության դաշտ

Հայաստանյան բուհական համակարգը պետք է միտված լինի նաև արտերկրից ուսանողներ բերելուն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ միշտ էլ կա հնարավարություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որը կհետաքրքրի հարյուրավոր կամ հազարավոր դիմորդների.

«Եթե աշխարհում կան Քեմբրիջի, Հարվարդի և Կոլումբիայի համալսարաններ, դա դեռ չի նշանակում, որ աշխարհում այլ համալսարաններ չկան: Եթե հայաստանյան բուհերում իրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որ բոլոր բուհերը միտված լինեն արտերկրից ուսանողներ ներգրավելուն, և սահմանվի գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որը գրավիչ կլինի, կունենանք բուհական համակարգի իրական փոփոխություն, ինչն էլ կարևոր է մեր տնեսության բնականոն զարգացումը ապահովելու համար»,- նշեց վարչապետը:

Գործադիրի ղեկավարը բացատրել է, թե ինչ է նշանակում, երբ ասում են՝ Հայաստանի բուհական համակարգը իրականությունից կտրված է: Վարչապետը ներկայացրեց միջազգային հարաբերությունների ֆակուլտետների օրինակով: Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում այդ ֆակուլտետը ավարտած ուսաանողները իրենց դիպլոմ ունենալու փաստով պատրաստ չեն մասնագիտական գործունեություն ծավալել.

«Այս պայմաններում արտգործնախարարությանը կից ստեղծվում է դիվանագիտական ակադեմիա, որը տեսության և պրակտիկայի համադրություն ունի, և ինքը ուսանողներին վերապատրաստում է դիվանագիտական ոլորտում աշխատելու համար: Ստացվում է, որ նույն մասնագետի պատրաստման համար պետությունը մի քանի տեղ ռեսուրսներ է ծախսում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասում է, որ եթե, օրինակ՝ պրակտիկ և տեսական գիտելիքներ ունեցող շրջանավարտ պատրաստելու տեղը դիվանագիտական ակադեմիան է, ապա պետք է այնպես անել, որ ակադեմիան իր ներուժով հանդերձ մտնի իրական բուհական համակարգ և այնտեղ իրականացնի այդ գործընթացը:

«Առաջիկայում մենք փորձելու ենք բուհական համակարգը բերել իրականության դաշտ, որպեսզի բուհն ավարտած ուսանողը դիպլոմ ունենալու բերումով արդեն իսկ պատրաստ լինի աշխատել իրական կյանքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դրա բացակայությունը, իր կարծիքով, բուհական համակարգի  ամենամեծ խնդիրն է:

Տրդատ Մուշեղյան