73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արարատ-73-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Ալյոշա Աբրահամյանը ծնվել էր 1945 թվականի օգոստոսի 28-ին Լենինականում:
Նա 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։
1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։
-Սկսեցի խաղալ հարձակման գծում, բայց քանի որ նրանք չունեին դարպասպահ, իսկ ես էլ բարձրահասակ էի, արդեն մարզված, սկսեցի դարպասը պաշտպանել,- մի առիթով ասել էր Ալյոշա Աբրահամյանը,- Մեկ-երկու շաբաթ մարզվելուց հետո մեկնեցիք ԽՍՀՄ պատանիների առաջնությանը: «Շիրակ»-ում մեկ խաղաշրջան խաղացի հետո 19 տարեկանում տեղափոխվեցի Երեւանի «Արարատ»: Ինձ համար էլ էր անսպասելի նման մեծ «թռիչքը»: 1964 օգոստոսից «Արարատ»-ի հիմնական կազմում էի: Դարպասապահի խաղը ինքնին շատ դժվար է, ծանր եւ պատասխանատու: Այդ տարիներին բոլորս էինք մեր ուսերին տանում «Արարատ»-ը: Չեմ կարող առանձնացնել ոչ մեկին, քանի որ նախ բոլորս միմյանց հանդեպ հարգանքով էինք, խաղում էինք մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով: Կային թիմեր, որոնց հետ մեր խաղերը դժվար էին ընթանում: Օրինակ, Մոսկվայի «Սպարտակ»-ի, Լուգանսկի «Զարիա»- դեմ խաղերն ամենահիշվող են, քանի որ կային խաղեր, որոնց վերջնական արդյունքը որոշվում էր 11 մետրանոց հարվածների միջոցով: Այդպիսի պահերը դարպասապահների համար բարդ են, դժվար: Գիտես, որ քո թիմի պատիվը, հաղթանակը քո ձեռքերում են: Մի այդպիսի հանդիպման ժամանակ, հիմա օրը չեմ հիշում, ինձ հաջողվեց հետ մի մղել մի քանի 11 մետրանոց հարվածներ, ու մենք հաղթեցինք: Երեք տարի շարունակ մենք Մոսկվայի չեմպիոնն էինք, ոչ մի պարտություն չկրեցինք: Մինչեւ հիմա հիշում եմ նաեւ գավաթի եզրափակիչ խաղից անմիջապես հետո «Շախտյոր»-ի հետ մեր հանդիպումը: Այդ թիմը ԽՍՀՄ ուժեղագույն թիմերից մեկն էր, մենք էլ արդեն գավաթակիր էինք դարձել և պարտվելու կամ ոչ-ոքի խաղալու բարոյական իրավունքը չունեինք: Հիմա ամեն ինչ ավելի արագ է դարձել: Ֆուտբոլիստներն ավելի արագ են տեղաշարժվում: Մեր օրերի «Արարատ»-ը ես նմանեցնում եմ «Բարսելոնա»-ին: Մենք խաղում էինք կարճ փոխանցումներով, արագ եւ կազմակերպված հարձակումով, եզրից եզր էինք տեղափոխվում: Եղել է նաեւ հանդիպում` Դեպրոպետրովսկում, որտեղ տեղի «Դնեպր»-ի հետ հանդիպման ընթացքում 7 րոպեից ավել մրցակցին գնդակ չհասավ: Մենք այդ խաղում հաղթեցինք 0-1 հաշվով:
Հիմա նրանք միասին են. Ալյոշա Աբրահամյանը, Հովհաննես Զանազանյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Սանասար Գևորգյանը… նաև` Ֆուրմանը: Նրանք շատ բան ունեն միմյանց ասելու…
Խոնհարվում ենք Ձեր առջև, տղերք:
Դուք խաղում էիք ժողովրդի համար:
Դուք կայիք ու մնացիք ժողովրդի մի մասնիկը:
Միշտ հիշելու ենք Ձեզ`հաղթանակների քարքարոտ ճանապարհով անցած մեր սիրելի ընկերներ:
Փառք Ձեզ:
Ռաֆայել Վահանյան, Նիկոլայ Ղազարյան,Գագիկ Մակարյան, Հովհաննես Թոքմաջյան, Գագիկ Սարգսյան