Հայաստանում շատ է խոսվել և խոսվում փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին։ Սակայն իրականում խնդիրն այն է, որ հստակ վիճակագրություն չկա ՓՄՁ իրական վիճակի մասին՝ քանի տնտեսվարող սուբյեկտ կա իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն է ապահովում ՓՄՁ-ն, և այլն։ Ավելին, շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ ասել է՝ ՓՄՁ, որ ընկերություններն են համարվում գերփոքր, փոքր կամ միջին։
Թյուր ընկալում կա անգամ ՓՄՁ հասկացության հետ կապված։
Շատերը ՓՄՁ սուբյեկտներին նույնացնում են շրջանառության հարկ վճարողների հետ։ Սակայն «Փոքր և միջին ձեռնարկություններին պետական աջակցության մասին» օրենքով սահմանվում են հստակ չափանիշեր.
Գերփոքր ձեռնարկություններ՝ մինչև 10 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 100 մլն դրամից պակաս:
Փոքր ձեռնարկություններ՝ մինչև 50 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 500 մլն դրամից պակաս։
Միջին ձեռնարկություններ՝ մինչև 250 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 1.5 մլրդ դրամից պակաս։
Պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, լիարժեք տվյալներ չի տալիս ՓՄՁ ոլորտի վերաբերյալ։ Այս բացը որոշ չափով լրացնում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցության գրասենյակի վերլուծությունները։ Այս կազմակերպությունը դեռ 2 ամիս առաջ հրապարակել էր «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017», զեկույցը, որի համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում գործել է 82209 ՓՄՁ կազմակերպություն, որից 76615-ը (կամ ակտիվ հարկատուների 72%-ը) գերփոքր ընկերություններն են, 4570-ը (կամ ակտիվ հարկատուների 4%-ը)՝ փոքր ընկերությունները, 1024-ը (կամ ակտիվ հարկատուների 1%-ը)՝ միջին ձեռնարկությունները։
Նույն զեկույցում նշվում էր, որ 72% գերփոքր հարկատուները 2017 թվականին ապահովել են ՀՆԱ-ի ընդամենը 11%-ը։ 4% փոքր հարկատուներն ապահովել են ՀՆԱ-ի 12%-ը, 1% միջին հարկատուները՝ 12%-ը։ ՀՆԱ-ի մեծ մասը՝ 65%-ը, ապահովվել է 23% այլ (խոշոր) ընկերությունների շնորհիվ։
Մի քանի օր առաջ հրապարակվեց նոր զեկույց՝ արդեն ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից՝ ՀՀ տնտեսության ավելացված արժեքի կառուցվածքի մասին՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների չափերի։ Հրապարակումը պատրաստվել էր Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Վիճակագրական կոմիտեի այս հրապարակումն արտացոլում է 2016 թվականի պատկերը, սակայն բավականին արժեքավոր տեղեկություններ է պարունակում։
Ըստ այդ զեկույցի, 2016 թվականին ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից ստեղծված ավելացված արժեքը կազմել է 2 տրլն 38.5 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 40.2%-ն է։
Բաբկեն Թունյան
Աղբյուրը՝ 168.am