Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում եմ, խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել մարզի կրթության ոլորտի խնդիրները եւ համատեղ քննարկել դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում նախարարն անդրադարձել է նոր առարկայական չափորոշիչներին, դասագրքերին, դասապրոցեսի կազմակերպմանը, երեխաների ծանրաբեռնվածությանը եւ այլ հարցերի:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրման կարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ կառավարման խորհուրդների ձեւավորման եւ դպրոցների տնօրենների ընտրության կարգերում. «Մինչեւ հիմա խորհուրդները գործել են՝ ոչ թե իրականացնելով իրենց վերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Նախարարը տնօրեններին եւս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաեւ դրամահավաքությունը, սակայն աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝ ի դեմս ծնողների, տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլն:
Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը` նախարարն ընդգծել է, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթություն ստանալու իրավունքը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի եւ դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցների ընդհանուր մակարդակը:
Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է ընդհանուր խնդիրներին, մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:
Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի` նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձեւը, ըստ որի աշակերտների թվից բացի կիրառվելու է նաեւ գործակից ըստ դասարանների թվի:
Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ կայացնողը պետք է լինի դպրոցը, ուստի պետք է տիրապետել սահմանված լիազորություններին եւ լինել վճռական:
Աղբյուրը՝ NEWS.am