Վրաստանի կառավարության ռեզոնանսային որոշումը, որի համաձայն սեպտեմբերի 15-ից կարգելվի ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներմուծումն ու արտահանումը, Հայաստանում անխուսափելիորեն կհանգեցնի հացի եւ հացաբուլկեղենի գների բարձրացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական ասոցիացիայի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ Բերբերյանի, վրացական կողմի նախաձեռնությունը կանդրադառնա Հայաստան ներկրվող ցորենի գնի վրա: «Մեր հաշվարկներով, տրանսպորտային ծախսերը կավելանան 50-60 դոլարով` տոկոսային արտահայտությամբ, արդյունքում հացաբուլկեղենի գները Հայաստանում կբարձրանան 10-15 տոկոսով: Իսկ, իրականում թե որքան կբարձրանա հացաբուլկեղենի գինը կախված է ոչ միայն ներմուծողների բարեխղճությունից, այլեւ հացի արտադրողներից: Եթե իշխանությունները ճիշտ քաղաքակյանություն վարեն, ապա ձեռնարկատերերին չի հաջողվի հացի գնի հաշվին գումար վաստակել».
Բացի այդ, Ռուսաստանում, որտեղից Հայաստան է ներկրվում ցորենի առյուծի բաժինը, վերջին վեց շաբաթվա ընթացքում ցորենի գները աճել են եւ դադարել են միայն օգոստոսի վերջին՝ հասնելով մեկ տոննայի դիմաց231.5 դոլարի:
Հրաչ Բերբերյանի խոսքով, Վրաստանը պատահական չէ գնացել այդ քայլին, այն միշտ հարստացել է Հայաստանի եւ հարեւան երկրների հաշվին:
«Վերջին տարիներին Փոթի նավահանգստի տնտեսական վիճակը վատ է. նավահանգստի ծանրաբեռնվածությունը նվազել է, ինչի պատճառով բեռնատար մեքենաները անգործ են մնացել: Վրացական ընկերությունները, որոնք իրականացնում են բեռնափոխադրումները, հայ հաճախորդների համար անգամ նվազեցրել են բեռնափոխադրման համար գինը՝ 1800 դոլարից մինչեւ 1600-1500 դոլար: Հայաստանից ներկրողներին այս դեպքում ավելի ձեռնտու կլինի օգտվել վրացի բեռնափոխադրողների ծառայություններից՝ նրանց եւ պարկն է հագեցած եւ փոխադրումն է էժան»,- նշել է նա:
Այսպիսով Վրաստանի կառավարությունը մտադիր է իր տրանսպորտային ընկերությունների համար աշխատատեղեր ապահովել:
Հայաստանը միշտ ցորենի եւ եգիպտացորենի ներկրող է եղել:
Տարբեր տարիներին Հայաստանը ներկրում է 280-ից մինչեւ 300 հազար տոննա ցորեն: 2017 թվականին ներմուծումը կազմել է մոտ 308 հազար տոննա: Հայաստանում արտադրված ցորենը կազմում է երկրին անհրաժեշտ ծավալի 30-35 տոկոսը:
Բերբերյանի խոսքով, այս տարի ցորենի բերքի ծավալը նվազել է մինչեւ 20-25 տոկոս՝ չոր եղանակի եւ անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրի բացակայության պատճառով:
Բացի այդ, Բերբերյանը նշեց, որ ցորենի բերքատվության վրա ազդում է նաեւ սերմերի որակը. Վերջին 7 տարիների ընթացքում Գյուղատնտեսության նախարարությունը Ռուսաստանից ցածրորակ ցորենի սերմեր է ներկրել:
«Ռուսական ցորենին այլընտրանք կա` ԱՄՆ, Կանադա, Ուկրաինա եւ նույնիսկ Ղազախստան: Ներմուծողները պետք է ծանոթանան ցորենի շուկայական արժեքին, հաշվարկեն ծախսերը, եւ գուցե նրանք ստիպված չլինեն Վրաստանի տարածքով տարանցիկ ուղուց օգտվել», — ասաց Բերբերյանը:
Վրաստանի կառավարությունը կարգելի բեռնատարներով ցորենի ներկրումը՝ փոխարենն առաջարկելով օգտագործել ծովային ճանապարհը եւ երկաթուղին: Հայաստանը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից ցորենը բեռնատաներով ներկրում է Վրաստանի տարածքով:
Ըստ երկրի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանիի, արգելքի պատճառը վրաց-ռուսական սահմանի խցանումներն են:
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ նախնական պայմանավորվածությամբ վրացական երկաթուղին Հայաստան ցորենի ներմուծման համար զեղչերի համակարգ կսահմանի:
«Այդ հացահատիկների բեռնափոխադրումների սակագների բարձրացումը կանխելու համար բանակցություններ են ընթանում Վրացական երկաթուղու եւ Հարավկովկասյան երկաթուղու (Հայաստան) ղեկավարությունների միջեւ», — նշել են վարչությունում:
Աղբյուրը՝ news.am