Ինեսսա Գաբայան. Սևանի խնդիրները կապված չեն միայն հավելյալ ջրառի հետ, կան ավելի լուրջ հարցեր

Սևանի խնդիրները կապված չեն միայն հավելյալ ջրառի հետ, կան ավելի լուրջ հարցեր։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը՝ անդրադառնալով Սևանից հավելյալ ջրառի հետ կապված խնդիրներին։

Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Կառավարությունն ականջալուր չի լինում բնապահպանների ձայնին։ Գաբայանը նշեց, որ ինքը նույնպես բնապահպան է, ոլորտի փորձագետ է և շատ լավ հասկանում է խնդրի լրջությունը։

«Կոչ կանեմ մեր բնապահպաններին գիտակցել, որ Սևանի հարցը միակողմանի չի կարելի դիտարկել։ Այն բավականին լուրջ ու բազմակողմանի խնդիր է, այսօր Սևանի առկա  վիճակը կապել միայն Սևանից հավելյալ ջուր վերցնելու հետ սխալ է։ Մեր կոմիտեի մասնագետները երեկ Սևանի ամբողջ շրջագծով երթևեկել ու ուսումնասիրել են, մենք շատ ավելի մեծ խնդիրներ ունենք։ Քանի որ ջրի մակարդակը բավականին բարձր է և ծածկում է այնտեղ գոյություն ունեցող անտառները, արմատախիլ չարած կոճղերը, որի հետևանքով ճահճանում է։ Այստեղ են կենսաբանական բոլոր երևույթները տեղի ունենում»,- ասաց նա։ 

Գաբայանի խոսքով՝ Սևանա լճի խնդիրների պատճառներից է նաև լճի շրջակայքում գտնվող գյուղական տարածքների կոյուղաջրերի հեռացումը դեպի լիճ։ Նա նկատեց, որ հարակից գետն էլ կանաչում է, ինչը կենսաբանական խնդիրների հետևանք է։

Ինչ վերաբերում է հարցին՝ կադրային փոփոխություններ սպասվում են արդյոք՝ հաշվի առնելով, որ բնապահպանները պնդում են, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վարչության պետերը և այլ անձինք նախկին իշխանության ժամանակ մի շարք անօրինական գործողություններ են կատարել, Գաբայանը պատասխանեց՝ ասելով, թե այս հարցն իսկապես իր համար ամենացավոտ կետերից է։

«Mulberry համակարգը գիտեք, որով նամակագրությամբ քաղաքացիները հարցեր են հղում կոմիտեին, ու ես ստանում եմ մասնագետի պատասխանը, որը միայն, ինչպես ռուսն է ասում, «галочка»-ի համար է։ Այսինքն՝ միայն ինչ-որ բան գրվում է, փորձում եմ վերադարձնել այդ նամակները, ավելին՝ ասում եմ, որ այդ պատասխանից ոչինչ չի հասկացում։ Այո՛, դա ձեռագիր է, որը մշակվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Միանշանակ կադրային փոփոխություն, նոր կադրերի դաստիարակություն լինելու է»,- ընդգծեց Ինեսա Գաբայանը։

Աղբյուրը՝ tert.am