29 Նոյեմբերի 2023թ. 3:21

«ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԵԼՔՈՎ ՊԱՅՔԱՐԻ 460 ՕՐԵՐԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ԳԻՐՔ Է ԳՐՈՒՄ 2014-2015թթ. ԵՐԿՈՒ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2014-2015 թթ. Պոլիտեխնիկում տեղի ունեցած դեպքերի ու այլ հարցերի մասին Ամալյա Խալաթյանը զրուցում է BUH.AM կայքի աշխատանքները համակարգող խորհրդի նախագահ, լեգենդար շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ:

Ո՞վ և ինչպե՞ս Ձեզ բերեց շախմատի աշխարհ, գրոսմայստե´ր:

— Փոքր տարիքում միշտ ուզեցել եմ ֆուտբոլիստ դառնալ ու մինչև այսօր էլ շատ եմ սիրում ֆուտբոլը: Շախմատի հետ միաժամանակ ֆուտբոլի էի հաճախում: Բավականին լուրջ արդյունքներ ունեի, նամանավանդ որ ազատորեն կարողանում էի խաղալ և աջ, և ձախ ոտքերով: Դա մի ժամանակաշրջան էր, երբ անշեղորեն մոտենում էր հայկական ֆուտբոլի աստեղային ժամը: Ինձանից ընդամենը 5-6 տարով մեծ տղաները Արտյոմ Ֆալյանի ղեկավարությամբ արդեն սկսել էին «ձևավորել» ապագա «Արարատ 73»-ը: Ես էլ էի ուզում լինել ֆուտբոլում ու հավանաբար կգնայի հենց այդ ճանապարհով: Սակայն հայրս թելադրեց իր կամքը՝ հօգուտ շախմատի: Հիմա համոզված եմ, որ ինձ համար դա ճիշտ ընտրություն էր: Այդ տարիներին շախմատն ավելի շատ արվեստ էր, քան սպորտ: Ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալու և ստեղծագործելու Միխայիլ Տալի, Տիգրան Պետրոսյանի, Բորիս Սպասկու ու շատ այլ հզորների կողքին: Այստեղ ես հասկացա, որ ինչպես և ֆուտբոլում, կարևոր է, որ դահլիճը լեփ-լեցուն լինի: Հանդիսատեսի ոգեւորությունը շատ կարեւոր է: Տալն ասում էր. «Եթե դահլիճը դատարկ է, անհնար է ստեղծագործել»: Հիմա շախմատը փոխվել է, դարձել պրագմատիկ ու քիչ հետաքրքիր: Մարդիկ էլ չեն գնում շախմատ դիտելու: Դահլիճներին փոխարինելու է եկել ինտերնետը՝ ճշգրիտ քայլերի վերլուծության իր հնարավորությամբ: Ֆիշերի, Տալի, Կապաբլանկայի ու նրանց կողքին՝ նաև իմ և ուրիշների «հոգեբանական գրոհներն ու զոհաբերությունները» այսօր արդեն պահանջարկ չունեն: Ֆիշերն իր գրքում շարադրել է դեռևս նախորդ դարի 20-ական թվականներին Լասկերի դատողություններն այն մասին, որ շախմատում ամենաանհետաքրքիրն այն է, երբ երկու կողմերն էլ ճիշտ են խաղում: Այսօրվա համար կարծես ասված լինի: Ճշգրիտ հաշվարկ, անգիր սովորած սկզբնախաղեր՝ հիմնված համակարգչային հիշողության վրա. սա է ներկայիս շախմատը: Բայց դա իմը չէ: Ինձ համար կարևոր է ամեն քայլից հետո մարդկանց ռեակցիան զգալը: Եթե դահլիճում մարդ չկա, շախմատ խաղալն անհետաքրքիր է, և անիմաստ է զոհաբերելը: Ու կյանքն էլ հենց դա է: Ես ձիու զոհաբերությամբ շատ գեղեցիկ հաղթանակներ ունեմ: Ձին հոյակապ խաղաքար է: Մրցակիցներս շախմատում թե կյանքում միշտ վախեցել ու զգուշացել են իմ «ձիու քայլերից»: Դա նկարագրել հնարավոր չէ. դա կարելի է միայն զգալ: Հենց սա է ինձ համար շախմատը, ու նաև՝ կյանքը:

— Պարտություններ նույնպես Ձեր կյանքում շատ են եղել. ինչպե՞ս եք դրանց վերաբերվում:

— Որպես սովորական մահկանացու՝ բավականին ծանր եմ տանում, բայց և հասկանում, որ հնարավոր չէ միշտ հաղթել: Որպես պրոֆեսիոնալ՝ համոզված եմ, որ չի կարող լինել խոշոր հաղթանակ, եթե չկան պարտության տառապանքն ու փորձը: Եթե ուզում ես հաղթող դուրս գալ կյանքում, պիտի պատրաստ լինես անցնելու տառապանքի ճանապարհով: Եվ ևս մի բան, որն ավելին է, քան պարտության դառնությունը. դու միշտ պետք է պատշաճ խորությամբ գիտակցես, որ հաղթանակների բարձունքից հետո անդունդ է ու անէություն: Միայն քչերը կարող են երջանիկ լինել՝ գիտակցելով բարձունքի ճանապարհին իրենց ստեղծածի կարևորությունը, ու բավարարվել դրանով: Յուրաքանչյուրն ապրում է իր ժամանակի մեջ, այն ժամանակի, որի ծնունդն է ինքը, ու պատասխանատու է այդ ժամանակի համար:

— Ի՞նչն է կարևոր Ձեզ համար շախմատից դուրս:

— Երիտասարդության համար առողջ կենսակերպով ապրելու ու զարգանալու հնարավորություններ ստեղծելու գործում իմ՝ թեկուզ և փոքր մասնակցությունը: Իմ կողմից ղեկավարվող շախմատի դպրոցը դրա մի մասն է: Երեխաներին պետք է կտրել անընդհատ տանը նստելու և համակարգչային խաղերով օրն անցկացնելու ապրելակերպից: Մեծ ծրագրեր ունեի՝ կապված Պոլիտեխնիկի մարզական համալիրի արդիականացման հետ: Ցավոք, այդ ծրագիրը ձախողվեց: Համենայն դեպս, դեռ այդպես է: Իսկ այն հանգամանքը, որ Պոլիտեխնիկի լողավազանի և ռեկտորատի մասնաշենքում աերոբիկայի սրահի վերակառուցման աշխատանքները, որոնք պիտի ավարտվեին դեռևս 2015թ. աշնանը և մեր գնալուց հետո ոչ մի սանտիմետր տեղից չեն շարժվել, բավարար հիմք է ռեկտոր Մարուխյանից հետևողական անգործության համար պատասխան պահանջելու համար:

Ծանոթություն. Պոլիտեխնիկի լողավազանի մասին կարող եք կարդալ նաև Նիկոլայ Ղազարյանի հոդվածը` այստեղ:

Պոլիտեխնիկում Ձեր թիմի պայքարը մեկ տարուց ավելի տևեց: Վերջապես կարող եք ասել՝ ինչ էր կատարվում այնտեղ 2014-2015 թվականներին:

— Որոշ անձանց, ուսխորհրդի վերնախավի բազմաթիվ ինտրիգների ու ապօրինի գործողությունների արդյունքում կասեցվեց բուհի զարգացման հեռանկարը: Սակայն փոքրածավալ հարցազրույցում հնարավոր չէ անդրադառնալ այդ տարիներին Պոլիտեխնիկում տեղի ունեցած դրամատիկ դեպքերին: Այդ մասին ես փաստագրավերլուծական գիրք եմ գրում, որն անվանել եմ «Կանխորոշված ելքով պայքարի 460 օրերը Պոլիտեխնիկում»:

Պոլիտեխնիկում երիտասարդության և սպորտի հարցերով ռեկտորի պաշտոնակատարի խորհրդականը լինելով, իսկ հետո նաև` հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Դուք լիովին տեղյակ եք եղել այդ ժամանակ համալսարանում տեղի ունեցած բոլոր դեպքերին: Իսկապե՞ս շատ էին արտառոց դեպքերը:

-Գործընթացները 2014-2015թթ. ծավալվում էին երկու Պոլիտեխնիկներում միաժամանակ: Պոլիտեխնիկից 1989 թվականին արհեստականորեն անջատված ու մինչ օրս ժողովրդի կողմից Պոլիտեխնիկ կոչվող ճարտարապետաշինարարական համալսարանի և ճարտարագիտականի վերամիավորման խնդիր էր դրված: Հենց այդ նպատակով Հովհաննես Թոքմաջյանին ճարտարապետաշինարարական համալսարանից, որը նա հաջողությամբ ղեկավարում էր 8 տարի, 2014 թ. մարտ ամսին տեղափոխեցին ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Բուհերի միավորումը պետք է տեղի ունենար մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը: Տեխնիկական խոչընդոտներ առաջանալու դեպքում միավորման գործընթացը առավելագույնը պետք է տեղի ունենար մեկ տարվա ընթացքում: Սակայն մեկ տարվա ընթացքում տեղի ունեցավ հակառակը` միավորման գաղափարը հանվեց օրակարգից, Պոլիտեխնիկում ռեկտոր «դարձավ» նախաձեռնությունից զուրկ, իր իներտությամբ հայտնի Ոստանիկ Մարուխյանը, ով Պոլիտեխնիկը ղեկավարել էր 2007-2011թթ.: Ինչ վերաբերում է ճարտարապետաշինարարականին, ապա Գագիկ Գալստյանը ռեկտորի պաշտոնակատար պիտի աշխատեր ընդամենը մի քանի ամիս, առավելագույնը` մեկ տարի, սակայն ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո նրա «ախորժակը» բացվեց, մինչդեռ նա ընդամենը պետք է լիներ միավորված համալսարանի կազմում նախատեսվող շինարարական ինստիտուտի ղեկավար: Առաջ անցնելով ասեմ, որ չնայած այն նեգատիվին, ինչը կապված է Գալստյանի անվան հետ այս տարիներին, Թոքմաջյանը հիմա էլ նրան շինարարության հմուտ կազմակերպիչ է համարում: Օբյեկտիվությունը միշտ եղել է Թոքմաջյանի անքակտելի սկզբունքներից մեկը:

Խնդրում եմ մի քանի խոսք ասել ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի մասին:

       Հովհաննես Թոքմաջյանի հետ

— Երբ դեռևս ճարտարապետաշինարարականում նա ինձ աշխատանքի հրավիրեց, ես նույնիսկ պատկերացում չունեի, որ այդուհետ կյանքս անցնելու է ինչպես հրաբխի վրա: Գործնականում նրա ուղեղը չի հանգստանում: Ոչ ստանդարտ, անալիտիկ մտածելակերպ ունի: Անընդհատ նոր մտահղացումներ ու համարձակ ծրագրեր: Դրանցից շատերը սկզբում մեզ հեռու ու անիրականանալի էին թվում, բայց հետո, երբ ստացվում էին, հասկանում էինք, թե ինչքան պարզ են (որպես ապացույց` ճարտարապետաշինարարական համալսարանի եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման օրինակը. հանրապետությունում չկար մեկը, ով հավատար, որ դա հնարավոր է անել): Նա տեսնում է այն, ինչը շատ հետո միայն պիտի տեսնեն մյուսները: Ինձ համար դա ընկալելի զգացողություն է. նույնը լինում է ինձ հետ շախմատում /ժպտում է/: Հստակ գիտի իր խոսքի արժեքը: Հետևողական է և գործերը կիսատ չի թողնում (հաստատ կիսատ չի մնալու նաև Պոլիտեխնիկի այս գործը): Թոքմաջյանն առանց վախենալու իրեն շրջապատում է խելացի ու հայտնի մարդկանցով` ակադեմիկոսներից մինչև պետական գործիչներ ու սպորտսմեններ (Մուրադ Մուրադյան, Վլադիմիր Մովսիսյան, Էդուարդ Ղազարյան, Հովհաննես Զանազանյան, Վանիկ Զաքարյան, Սուրեն Աղբալյան, Գագիկ Մակարյան, Նիկոլայ Ղազարյան ու էլի շատ ուրիշներ): Լսելով ու վերլուծելով ընկերների կարծիքը` որոշում է ընդունում: Նա օժտված է պատասխանատու որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու կարողությամբ: Պետականության խնդիրների առաջնայնության համոզմունք ունի: Հիմա խոսեմ նրա բացասական կողմերի մասին: Որքան էլ տարօրինակ հնչի, Թոքմաջյանի սխալների աղբյուրը նրա դրական գծերն են: Նա չափից ավելի է հավատում մարդկանց ու այնքան բուռն է արձագանքում անարդարությանը, որ հաճախ խոցելի է դառնում: Ինչքան որ համարձակ են նրա ծրագրերը, նույնքան անտարբեր է իր առօրյայի նկատմամբ, ինչը հաճախ ճիշտ չի հասկացվում. նա հավանաբար միակն է, ով, գիտակրթական ոլորտում 10 տարի ռեկտոր լինելով, չունի Հայաստանի որևէ պետական պարգև, լինելով Խորհրդային Միության դոկտոր՝ մինչ օրս ակադեմիկոս չէ: Պատեհապշտությունից բացարձակապես զերծ այս մարդու համարձակ ծրագրերում բոլորն անձնական դրդապատճառներ են փնտրում, իսկ իր համար առաջնայինը հանրային շահն է, ու միշտ տուժողն ինքն է լինում: 2014-2015 թթ.՝ բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների ժամանակ, շատերն ինձ ցինիկորեն ասում էին. «Իսկապե՞ս ինքը կարծում է, որ իրեն այնտեղ դրել են Պոլիտեխնիկը բաձրացնելու համար»: Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ. այո, նա այդպես էր կարծում, ու մեկ տարվա ընթացքում, ներառյալ մինչև ընտրության անվան տակ նրան պարտադրված պարտության օրը, նա ամեն ինչ արեց դրա համար: Հատկանշական է, որ իր համար ճակատագրական քվեարկության պահին շինարարները սովորականի պես շարունակում էին մարզադահլիճի վրա աշխատանքը: Հարկ եմ համարում նշել, որ ռեկտորի ընտրություններից առաջ հրատարակեցինք մեր մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը` բոլոր ցուցանիշներով, թվերով ու վերլուծություններով: Նույնը նախկինում արվել էր նաև ճարտարապետաշինարարականում: Սակայն ռեկտոր Մարուխյանը և ռեկտոր Գալստյանը խուսափեցին մրցակցային բանավեճից, այդպես էլ հանրությանը չներկայացրին իրենց արածը, չտարան վերլուծական համեմատականներ, խուսափեցին շարունակել ընթացքի մեջ գտնվող մեր գործերը: Մինչդեռ 2014թ., նեղ անձնական ու խմբակային շահերից ելնելով, բուհերի միավորման գաղափարի դեմ երկու բուհերում ստեղծվեցին ընդդիմադիր ճակատներ: Մնացած ամբողջ պայքարն ընթացավ բուհերի վերամիավորման խնդիրը տապալելու համար: Համապատասխան բուհերում ռեկտորի աթոռին «նստելու» համար անհրաժեշտ էր վարկաբեկել ու հեռացնել միավորման սիմվոլ հանդիսացող Հովհաննես Թոքմաջյանին ու իր թիմին: Այդ նպատակով կիրառվեցին հակաօրինական ու վարկաբեկիչ բազմաթիվ քայլեր: Ամբողջ հզորությամբ օգտագործվեց մամուլը: Տասնչորս ամսվա ընթացքում Պոլիտեխնիկի թեմայով գրվեց շուրջ 300 հոդված, հիմնականում` պատվիրված ու վարկաբեկիչ: Այստեղ ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել այն լրագրողներին, ովքեր իրենց մեջ քաջություն ունեցան չենթարկվելու ճնշումներին և այդ տարիներին շարունակում էին օբյեկտիվորեն ներկայացնել Պոլիտեխնիկում տեղի ունեցող բարեփոխումները: Եվ այդպիսի լրագրողների թիվը բոլորովին էլ փոքր չէր: Իհարկե լիարժեք հնարավոր չէ նկարագրել այն գաղջ մթնոլորտը, որ տիրում էր Պոլիտեխնիկում այդ ժամանակ: Իսկ կուսակցական պատասխանատուների կողմից հավաքագրված ուսխորհրդի վերնախավի ամբարտավան պահվածքի հիշողություններն իմ մեջ այսօր էլ նողկանք են առաջացնում: Պետք էր լինել Պոլիտեխնիկի ներսում՝ դա զգալու համար:   Եվ սարսափելին այն է, որ չնայած այսքան ժամանակ է անցել, սակայն Պոլիտեխնիկում ոչինչ չի փոխվել: Եվ դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մարուխյանը ուսխորհրդի վերնախավին էր պարտական 2015թ. ռեկտորի խայտառակ ընտրություններում հաղթելու համար: Մասնավորապես նշեմ, որ ուսխորհրդի 3 անդամ քվեարկեցին` չունենալով քվեարկելու իրավունք, ինչը ճանապարհ բացեց Մարուխյանի համար դեպի ռեկտորի աթոռը: Թոքմաջյանը պարտվեց: Պարտվեց, որովհետև ռոմանտիկ էր, ինչն անհամատեղելի էր այդ օրերի մոտեցումներին: Նա պարտվեց, որովհետև չստացավ խոստացված քաղաքական աջակցությունը, երբ սկսեց «մաքրել» Պոլիտեխնիկը: Այդպես լինում է նաև շախմատում, երբ կտրվում ես իրականությունից ու շատ ես առաջ անցնում: Եթե լինենք անաչառ, իրականում դա պարտություն էլ չէր: Մինչև վերջին պահը մենք ունեինք ձայների նկատելի գերակշռություն: Սակայն ընտրության նախօրեին քաղաքական որոշում էր կայացվել, որը չպիտի կայացվեր: Մենք պարզապես զիջեցինք ուժին: Իսկ այն, որ 32-ից 12,5 ձայն ստացանք (դրանք խորհրդի «որակյալ» ձայներն էին), ապացույցն է այն բանի, որ մենք քայլել ենք ճիշտ ուղղությամբ` ի շահ Պոլիտեխնիկի:

Այդ դեպքերից անցել է ավելի քան 3 տարի, իսկ հարցերը միայն ավելանում են: Ի՞նչու այդպես ստացվեց:

— Այսօր այդ մասին խոսել չեմ ուզում: Ասեմ միայն, որ ռեկտորի 2015թ. ընտրություններից հետո վարկաբեկիչ հոդվածները միանգամից դադարեցին: Պատվերը հանվեց անհրաժեշտությունը վերանալու պատճառով: Կարծես ամեն ինչ խաղաղվեց ու անշարժացավ: Սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես. անհրաժեշտ էր «վերադարձնել» պատվեր կատարողների պարտքերը, և դատարաններում ու այլ մարմիններում սկսվեց նրանց գործերի հետընթացի պրոցեսը, ինչն անմիջականորեն ուղղորդվում էր Պոլիտեխնիկի նոր վերնախավի կողմից: Բայց կարծես սրա մասին շատ խոսեցինք: Այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ կգտնեք իմ գրքում: Դրանից առանձին հատվածներ հնարավոր է, որ ներկայացվեն buh.am –ում: Պոլիտեխնիկի այս «խմորը» դեռ շատ ջուր է վերցնելու:

— Չե՞ք ափսոսում, որ մեկ տարի կորցրիք այդ պայքարում:

— Ոչ, չեմ ափսոսում: Այս պայքարը շատ էր նման զոհաբերություններով հարուստ շախմատային պարտիայի: Դա սկզբունքների համար պայքարի երջանիկ տարի էր: Այսօր էլ պատիվ ունեմ ընկերը լինելու Պոլիտեխնիկի բազմաթիվ ազնիվ դասախոսների ու ուսանողների: Առանձնահատուկ ջերմ եմ վերաբերվում համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի աշխատակիցներին, ովքեր մինչ օրս կանգնած են մեր գաղափարների պաշտպանության դիրքերում: Նրանք հասարակությանը հայտնի անձինք են: Արարատ Ղոչիկյանը մի քանի տասնյակ տարի ղեկավարում է այդ ամբիոնը: Գագիկ Սարոյանի սաները ուժային եռամարտի միջազգային մրցաշարերում 40 և ավելի բարձրագույն պարգևներ են ստացել: Ինքն էլ աշխարհի վետերանների քառակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: Շատերին կարող եմ նշել: Ու բուհի ղեկավարության կողմից ոչ մի խրախուսանք: Նույնիսկ պատվոգիր ափսոսում են տալ: Երևի թե սա հարմար առիթ է մեր կողմից նրանց ասելու չասված շնորհակալություն բառը: Շարունակեք սկզբունքային մնալ, տղե´րք:

Եթե հնարավոր լիներ ետ տալ ժամացույցի սլաքները, ի՞նչը կուզեիք փոխել Ձեր կյանքում:

                   Ալբերտ Սոխիկյանի հետ

— Փոխել չէի ուզի ոչինչ: Յուրաքանչյուր պահի ինչ-որ բան կորցնում ես, ինչ-որ բան՝ գտնում: Կորցրածդ է շատ, թե գտածդ՝ ոչ ոք չգիտի: Համենայն դեպս, ես չեմ կարող պատկերացնել, որ կարող եմ ապրել առանց նրա, ինչ ունեմ այսօր, և առաջին հերթին դա իմ ընտանիքն է: Ետ տալով ժամացույցի սլաքները՝ կկորցնես այն, ինչ ունես այսօր: Բայց նաև շատ եմ կարոտում այն, ինչ կորցրել եմ՝ մորս, եղբորս, ընկերներիս: Ամեն դեպքում, ինչպես ասում էր Մարկ Զախարովն իր հայտնի ֆիլմերից մեկում, ամեն ինչ թող գնա այնպես, ինչպես գնում է:

— Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

—   Ես հավատում եմ Աստծո զորությանը: Բնությունն այնքան կատարյալ է (չհաշված մարդուն), որ դա պատահական լինել չի կարող: Սակայն իմ սերունդը մեծացել է հետստալինյան ժամանակաշրջանում, և ես, ինչպես և ընկերներս աստվածաբանությունից քիչ բան ենք հասկանում: Կարծում եմ, որ խղճիդ հետ հաշտ պիտի կարողանաս ապրել:

Սպիտակ թե՞ սև:

— Սպիտակ: Բայց սա շախմատի հետ կապ չունի: Շախմատում ինձ համար երկու գույներն էլ հաղթող են:

Ո՞րն է կարևորագույն արժեքը Ձեր կյանքում:

Արդարությունը:

Ի՞նչն եք արհամարհում մարդկային կենսակերպում:

— Դժվար հարց է: Կփորձեմ պատասխանել յուրովի: Ես ինչքան որ անկանխատեսելի ու ռիսկային եմ շախմատում, նույնքան պահպանողական եմ ընկերության հարցում: Ընկերոջ կողմից դավաճանության փորձը նույնիսկ ինձ համար վերջակետ է. հարաբերություններս անմիջապես դադարեցնում եմ: Մարդիկ շատ են մանրացել. սկզբունքների լիակատար բացակայությունը սովորական երևույթ է դարձել: Քչերն են հասկանում ու պահում իրենց խոսքի արժեքը: Փողային տոտալ հարաբերությունները որևէ լավ բանի չեն հանգեցնելու: Սա ցայտուն երևում է նաև սպորտում: Համենայն դեպս մենք խաղում էինք մեր միլիոնավոր երկրպագուների ու մեր Հայրենիքի համար, այլ ոչ թե միլիոնների: Այդպիսին էր Տիգրան Պետրոսյանը, «Արարատի» տղաները. շատերն էին այդպիսին: Բայց Ձեր հարցը շատ է տարողունակ, ու ասածս փոքր մի մասն է այն ամենի, ինչ պիտի ասեի այս առումով: Մնացածի մասին՝ հետո:

— Ի՞նչ եք անելու վետերան սպորտսմենների խնդիրը լուծելու համար:

— 64+ հասարակական կազմակերպության միջոցով փորձում ենք որոշակի ծրագրեր իրականացնել: Սակայն լուրջ արդյունքների դեռ չենք հասել: Խորհրդարանում հավանաբար ներկայացուցիչ պետք է ունենանք՝ հարցերը հիմնովին լուծելու համար: Այսօր հասարակության ամենաազնիվ հատվածնեից մեկը՝ սպորտսմենները, ովքեր 30 տարեկան հասակում վետերան են դառնում, չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց հնարավորություններն ու լիարժեք ծառայել իրենց ընտանիքներին ու պետությանը: Այստեղ խնդիր կա: Ու մենք պիտի փորձենք լուծել այն:

Դժվա՞ր է լեգենդ լինելը:

-Չգիտեմ: Երևի թե չէ: Ես միշտ եղել եմ հայտնի մարդկանց մեջ, ովքեր իրենց հասարակ ու ճիշտ են պահել: Այսօր էլ ընկերություն եմ անում Նիկոլայ Ղազարյանի, Սերգեյ Բոնդարենկոյի, Ժորա Զաքարյանի, Անատոլի Կարպովի, Բորիս Սպասկու և շատ այլ անհատականությունների հետ: Չեմ կարծում, որ նրանք իրենց «լեգենդ» լինելուն լուրջ են վերաբերվում:

Ի՞նչ եք հասկանում՝ «Երևան» ասելով:

— Հայրենիք: Չնայած, որ սիրում եմ եվրոպական քաղաքները, բայց չեմ կարողանում այլ տեղ ապրել: Ես նաև Երևանի պատվավոր քաղաքացի եմ ու շատ բարձր եմ գնահատում այդ տիտղոսը:

Ի՞նչ եք հասկանում՝ «հայ» ասելով:

Ֆրունզիկ Մկրտչյան:

Ո՞վ եք Դուք, Ռաֆայել Վահանյան:

— Ես հայ եմ, բայց Ֆրունզիկ Մկրտչյանը չեմ:

Ինչո՞ւ չդարձաք աշխարհի չեմպիոն. չէ՞ որ բոլորն այդքան սպասում էին:

— Չգիտեմ, այդպես ստացվեց: Հավանաբար այն ժամանակ բավարար լրջությամբ չմոտեցա այդ հարցին: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը: Այսօր ունենք այն, ինչ ունենք:

… իսկ այսօր ունենք հետևյալը (Ծան. Ամալյա Խալաթյանի). Ռաֆայել Վահանյանը 19 տարեկանում ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում, ինչը բացառիկ նվաճում էր այն տարիների համար: 1985 թվականին Վահանյանին շնորհվում է Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Նրանից բացի՝ հայ շախմատիստներից այդ կոչմանն արժանացել է միայն Տիգրան Պետրոսյանը: Վահանյանը հաղթել է շուրջ 40 միջազգային մրցաշարերում: 1989 թվականին նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է շախմատային երկու օլիմպիադաների (1984 եւ 1986), աշխարհի թիմային երկու առաջնությունների և Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989) չեմպիոն: Նա հաղթանակներ է տարել շախմատի աշխարհի այնպիսի հսկաների նկատմամբ, ինչպիսիք են աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալը, աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկին, աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը և այլք: Ճակատագիրը նրան հնարավորություն չտվեց խաղալու Ռոբերտ Ֆիշերի հետ, ինչը կարող էր բերել նրան աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Այսօր այսքանը: Իսկ մնացածը՝ հետո:

Հարցազրույցը վարեց ու խմբագրեց

Ամալյա Խալաթյանը

 

P.S. Սույն հարցազրույցում բերված դրվագներին պատասխանելու ու իրենց տեսակետը ներկայացնելու համար BUH.AM –ը պատրաստ է բանավեճի հարթակ տրամադրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին: