
01.07.1961թ.
1961 թ. հուլիսի 1-ին Երևանի “Արևմտյան” (հետագայում՝ Զվարթնոց) օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց Իլ-18 օդանավը: Այն նախատեսված էր 89 ուղևորի համար, ուներ 4 շարժիչ, թռչում էր 7 կմ բարձրության վրա ու զարգացնում՝ 650 կմ/ժ արագություն:
Այդ օրը ուղևորները զարմանքով նկատեցին, որ Երևանից՝ Մոսկվա հասնում են ընդամենը 3,5 ժամում: Այդ օրը Հայաստանում իրավիճակ փոխվեց… և 30 տարի շարունակ, հսկայական քայլերով, զարգացավ քաղաքացիական ավիացիան:
1980-ական թվաքկաններին Հայաստանում թռչում էին մի քանի տասնյակ ինքնաթիռներ: Օդանավակայաններ կային Լենինականում, Ստեփանակերտում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում, Բերդում, Վարդենիսում, Ջերմուկում…
Մենք ունեինք տասնյակ ինքնաթիռներ՝ Ան-2, Յակ-40, Իլ-18, Տու-134, Տու-154, Իլ-86… այնուհետ Բոինգ 737, Ա -320, Ա-319, Ա-310…
«Յակ-40» 32 տեղանոց օդանավով օրական 12 թռիչք էինք կատարում Երևանից Կապան, տոմսն արժեր մոտ 7 ռուբլի: Լենինականից կանոնավոր թռիչքներ էին իրականացվում Մոսկվա, Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Ստեփանավանից՝ Կրասնոդար, Միներալնիե Վոդի:
«Տարեկան սպասարկում էինք 2 մլն քաղաքացիների: Ավելի շատ էինք ծավալով սպասարկում, քան մերձբալթյան երկրները միասին վերցրած, քան Ադրբեջանն ու Վրաստանը:

Վլադիմիր Քոչարյան
Մենք ունեինք «Իլ-86» օդանավեր, որ չունեին մեր հարևանները: Սովետական 30 քաղաքներ կապում էինք իրար: Այն ժամանակ պետության եկամուտների 20 տոկոսը ավիացիան էր ապահովում, հիմա` ոչ մի լումա»,-մի առիթով ասել է հայ լեգենդար օդաչու Վլադիմիր Քոչարյանը:
Այդ տարիներին հայ օդաչուները աչքի ընկան իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով և մինչ օրս շարունակում են ճանաչված լինել աշխարհում:

Դմիտրի Ադբաշյան
«Բազմաթիվ են այնպիսի ավիապատահարներ, որոնք ուրիշ տեղերում, անպայման, ավարտվում էին աղետով, բայց մերոնք հաղթահարում էին», — ասում է մեր մեկ այլ լեգենդը՝ Դմիտրի Ադբաշյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Հայաստնի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, իսկ մինչ վերջերս՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Արցախյան գոյամարտում հայ օդաչուներն իրենց կարևոր ներդրումը բերեցին հաղթանակի գործին:
Սակայն այսօր, տեխնիկական առաջընթացի XXI դարում, Հայաստանն ունի ընդամենը մեկ միջին չափի ուղևորատար ինքնաթիռ՝ դա Էյրբաս-319 կառավարական 001 բորտն է:

Գրիգոր Հայրապետյան
Ու վերջ: մնացածը խաղալիք է, թիվ՝ ստորակետից հետո:
«Հայաստանը դատապարտված է ունենալ իր ավիացիան: Այլընտրանք մենք չունենք»,- ասում է մեր 001 բորտի հրամանատար Գրիգոր Հայրապետյանը:
Այո, այդ ամենը մենք ունեցել ենք…
Ժամանակն է սթափվել ու, թեկուզ ուշացած, ՔԱՅԼ ԱՆԵԼ այս ուղղությամբ:
“ԱՆՑՅԱԼԸ” ԳՆՈՒՄ Է՝ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ…
Հովհաննես Թոքմաջյան
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր