16 Սեպտեմբերի 2019թ. 7:59

Սերոբ Խաչատրյան. Երեխայի մտածողությունը զարգացնող առաջադրանքներ դնենք

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ԿԳ նախարարի գործունեության 100 օրվա ամենաէական ձեռքբերումը համարում է այն, որ կրթության ոլորտում կատարվում են քաղաքական փոփոխություններ, խոսվում է այն մասին, որ տնօրեններին կամ ուսուցիչներին պարտադիր կերպով կուսակցական դարձնելը պետք է բացառվի։

«Այս խնդիրն իսկապես համարվում էր կրթության որակի վրա բացասաբար ազդող գործոն։ Մյուս դրական ձեռքբերումն այն է, որ կրթության բյուջեի կրճատումներ չեն լինելու, ինչպես նախկինում էր նախատեսվում։ Հիմա էական աճ չի լինելու, սակայն այն, որ չի կրճատվում, արդեն հույս է ներշնչում, որ հետագայում ավելացում կլինի»,- ասաց փորձագետը։

Փորձագետի խոսքով՝ կրթության ոլորտում ծանր ժառանգություն ստացած նոր կառավարությունը պետք է բարեփոխումները սկսի իրականացնել ճիշտ տեղից. «Եթե սխալ տեղից սկսես, կարող է ավելի վատանալ իրավիճակը։ Հիմա ես ունեմ մտահոգություն, որ դպրոցների ավարտական քննությունների միասնականացումը սխալ տեղից սկսել է նշանակում։ Առաջին հայացքից՝ նախարարության որոշումը ճիշտ ու տրամաբանական է թվում, բայց խնդիրն այն է, որ կրթության համակարգը բարդ կոմպլեքս համակարգ է, և պետք է հաշվարկել նաև հակաքայլերը, նախարարությունը պիտի այդ հակաքայլերը հաշվարկի։ Նախարարությունը պետք է հաշվարկի, թե դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացնելուց հետո ինչ հակաքայլեր կարող են լինել։ Նախարարությունը հայտարարում է, որ արդյունքների համար պատասխան տալու են դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, բայց դա սխալ է, որովհետև երեխայի առաջադիմության վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ ընտանիքի վիճակը, սոցիալական վիճակը, երեխայի հոգեբանական վիճակը, ընդունակությունները, դպրոցների վիճակը։ Մենք այսօր ունենք դպրոցներ, որտեղ երեխաները մինչև ժամը 2-3-ը ջուր չեն խմում, ծարավ նստած են, որովհետև զուգարան չկա, իսկ ծարավ երեխայի ուղեղը չի կարող նորմալ աշխատել։ Հիմա մենք այս բոլոր գործոնները մի կողմ ենք դնում և բեռը գցում ենք տնօրենների և ուսուցիչների վրա»։

Ըստ Խաչատրյանի՝ եթե որոշմամբ քննություններն անցկացնելու են խիստ օբյեկտիվ և կենտրոնացված, նշանակում է, որ ծնողները պետք է փնտրեն կրկնուսույցներ. «Ծնողները սկսելու են փնտրել կրկնուսույցներ, որպեսզի կենտրոնացված քննությանը «խայտառակ» չլինեն։ Այստեղ տուժելու են աղքատ ընտանիքների երեխաները, որոնք չեն կարողանալու այդ ծառայություններից օգտվել։ Բացի դրանից, միայն մաթեմատիկա, հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների միասնականացման դեպքում մյուս առարկաներն անտեսվելու են, այսինքն՝ մեծագույն ուշադրությունը հատկացվելու է միասնական քննության առարկաներին։ Մնացած առարկներն իսկապես արհամարհվելու են, ասվելու է՝ եթե ֆիզիկայի քննությունը չի վերահսկվելու, ուրեմն մի՛ պարապեք, երեխայի հետ պարապեք մաթեմատիկա, հայոց լեզու և հայոց պատմություն, որ մեր դպրոցը խայտառակ չլինի»։

Նա նկատեց՝ ո՞վ է ասել, որ ավարտական քննությունների առաջադրանքների որակը լավն է. «Այդ առաջադրանքները հիմնականում ստուգում են փաստական՝ 21-րդ դարի գործատուի համար անպիտան գիտելիքներ։ Մի քանի ամիս առաջ հրապարակվեց ԹԻՄՍ-ի (միջազգային ստուգատես մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտում) կողմից արված միջազգային հետազոտությունը ՀՀ-ի վերաբերյալ, որը ցույց է տվել, որ 4-8–րդ դասարանի աշակերտների մոտ գիտելիքները քիչ թե շատ բարձր մակարդակի վրա են, մտածողությունը՝ խայտառակ ցածր։ Այսինքն՝ սկսենք նրանից, որ քննական առաջադրանքները դարձնենք միջազգային ստուգատեսների առաջադրանքների նման, որ նաև երեխայի մտածողությունը զարգացնող առաջադրանքներ դնենք, փոխենք քննական առաջադրանքների որակը, ուսուցչին օգնենք, որ կարողանա ավելի լավ դասավանդել»։

Ռազմիկ Մարտիրոսյան

Աղբյուրը՝ 168.am