ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ. BUH.AM-Ը “ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿ” ԽՈՒՄԲ ԿՍՏԵՂԾԻ

Օրերս միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի «Կանխորոշված ելքով պայքարի 460 օրերը Պոլիտեխնիկում» հարցազրույցը մեծ ռեզոնանս է առաջացրել հասարակության լայն շրջաններում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Լեգենդար շախմատիստին են զանգահարում պոլիտեխնիկական և ճարտարապետաշինարարական համալսարանների դասախոսներ, ուսանողներ, պարզապես քաղաքացիներ և իրենց պատրաստակամությունն են հայտնում երկու բուհերի վերամիավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր իրականացնելու համար:

-Երբ նշված հարցազրույցն էինք պատրաստում, ես չէի էլ պատկերացնում, որ այդքան հեռախոսազանգեր ու նամակներ կստանամ,-BUH.AM կայքի գլխավոր խմբագիր Գագիկ Սարգսյանի հետ զրույցում այսօր ասել է Ռաֆայել Վահանյանը,-  մարդիկ դեռ սպասում են բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որ սկսել ենք չորս տարի առաջ: Շատերը հարցնում են ինձ, թե ինչ եք մտածում անել այս ուղղությամբ: Ես դեռևս պատրաստ չեմ պատասխանելու այդ հարցին: Սակայն մի բան ինձ համար ակնհայտ է` որևէ հույս չկա, որ երկու այս բուհերի ղեկավարները որևէ դրական բան կարողանան անել: Անհույս բան է: Իմ կարծիքով հասունացել է ժամանակը, երբ լրջորեն պետք է նորից մտածել երկու Պոլիտեխնիկների վերամիավորման ուղղությամբ: Սա հնարավորություն կտա նաև ազատվել երկու բուհերի վաղուց արդեն ճահճացած կառավարման ապարատից ու թարմ լիցք հաղորդել միասնական Պոլիտեխնիկի զարգացմանը: Ինչպես և ինչ ուժերով է դա հնարավոր անել: Ես դա դեռ չգիտեմ: Մտածում եմ BUH.AM կայքին կից ստեղծել համակիրների գործողությունները համակարգող “Միասնական Պոլիտեխնիկ” անվամբ խումբ: Գուցե հաջողվի մեկտեղել գաղափարներն ու ջանքերը Երևանի երբեմնի առաջատար ու հեղինակավոր բուհի բարի ավանդույթներն ինչ-որ չափով վերականգնելու ու առաջ գնալու համար: Դա հնարավոր կլինի անել երիտասարդների ակտիվ մասնակցության և ավագների փորձի համատեղ ջանքերով միայն: Այս առումով ես լավատես եմ:

Այն հարցին, թե հատկապես ում արձագանքն է ոգևորել լեգենդար շախմատիստին, Ռաֆայել Վահանյանը պատասխանել է.

-Ինձ համար առանձնապես կարևոր է անծանոթ մարդկանց արձագանքը: Մասնավորապես ուզում եմ նշել հասարակական գործիչԱնահիտ Բախշյանի կողմից ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մասին` “Հավատում եմ, որ Պոլիտեխնիկի և Շինարարականի միավորման հետ կապված  գաղափարները լսվելու են ու ապագայում ճիշտ որոշումներ են ընդունվելու: Կրկին շնորհակալություն Ձեզ, պարոն Վահանյան ջան”:

Զգացված եմ շատ, տիկին Բախշյան: Ձեր վելուծական ու զգայուն տողերը պարտավորեցնող են:

Մտածել է պետք: Նաև քայլ կատարելու առաջարկ կա ասվածում: