22 Սեպտեմբերի 2023թ. 5:19

Բռնցքամարտի երախտավոր Սուրեն Ղազարյանը 70 տարեկան է…

Սուրեն Ղազարյանը Եվրոպայի գավաթակիր է, ԽՍՀՄ չեմպիոն, 1971թ. ԽՍՀՄ ժողովուրդների 5-րդ սպարտակիադայի չեմպիոն, 1975 թ. ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի փոխչեմպիոն,1976 թ. ԽՍՀՄ գավաթակիր, միջազգային 7 մրցաշարերի հաղթող:

Սուրեն Ղազարյանն իր սպորտային կարիերան սկսել է 1960-ական թթ.։ Թեև նա երազում էր ինժեներ դառնալ և հետագայում գերազանց սովորեց ու ավարտեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն նրա  տաղանդը փայլեց  բռնցքամարտում և որոշիչ դեր խաղաց նրա կյանքում։ 1965թ. Վլ. Ենգիբարյանի անվան դպրոցի երեք սաներ՝ Սուրեն Ղազարյանը, Գագիկ Դարբինյանը ևՀարություն Ղազանչյանը դարձան Խորհրդային Միության պատանիների բռնցքամարտի չեմպիոններ։ Վերջին երկուսը շուտով թողեցին բռնցքամարտը, իսկ Սուրեն Ղազարյանը շարունակեց իր սպորտային ուղին։

1967թ. նա դարձավ “Աշխատանքային ռեզերվներ” սպորտային ընկերության հաղթող, խՍՀՄ երիտասարդների հաղթող, 1968թ. հաղթող ճանաչվեց Բուդապեշտում անցկացվող “Օլիմպիական հույս” մրցաշարում, իսկ 1969թ. Լենինգրադում անցկացվող Գենադի Շատկովի անվան միջազգային մրցաշարում՝ հաղթելով 1968թ. Մեխիկոյում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր կուբացի Ռեգոյ Ֆերոսին։

Լենինգրադյան մրցաշարերում նա երեք անգամ հաղթող է ճանաչվել՝ 1969թ., 1972թ. և1973թ.։ 1970թ. մեծահասակների տարիքային խմբում Սուրեն Ղազարյանը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, 1971թ.՝ Ժողովուրդների հինգերորդ սպարտակիադայի չեմպիոն։ 1974թ. նա հաղթող ճանաչվեց Գերմանիայում, Լեհաստանում ևԹուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարերում։

Սուրեն Ղազարյանի սպորտային կյանքում կարևորագույն իրադարձություն էր աշխարհի առաջին առաջնությանը ԽՍՀՄ-ը ներկայացնելու համար բռնցքամարտիկ Անատոլի Կամնևի հետ մենամարտը, ում արդեն երկու անգամ պարտվել էր 1972թ. և1973թ.։ Վերջինիս հետ մենամարտում Սուրեն Ղազարյանն առաջին ևերկրորդ ռաունդներում այնպիսի առավելությամբ աչքի ընկավ, որ երրորդ ռաունդի ժամանակ Անատոլի Կամնևը հանեց ձեռնոցներն ու ասաց. “Սուրեն Ղազարյանն ինձնից ավելի լավ է պատրաստ մասնակցելու բռնցքամարտի աշխարհի չեմպիոնատին”։ 1974թ. Սուրեն Ղազարյանը մասնակցեց  Կուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնատին։ 1975թ. նա մասնակցեց Ժողովուրդների վեցերորդ սպարտակիադային ևստացավ արծաթե մեդալ։ 1976թ. Սուրեն Ղազարյանը մասնակցեց խՍՀՄ գավաթի առաջնությանը, որտեղ հաղթող ճանաչվեց ու այդ օրվանից թողեց մեծ բռնցքամարտը։

1994 թվականից նա երկար տարիներ ղեկավարել է Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը:

Շնորհավոր ծնունդդ, հարգարժան ու լավ ընկեր: Դու շատ բան ես արել սպորտի համար:

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր