BUH.AM-ի հարցերին պատասխանում է միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը.
-Ձեր հարցազրույցը պոլիտեխնիկում 460 օրերի կանխորոշված պայքարի մասին աշխույժ քննարկումների նյութ է դարձել: Ե՞րբ ընթերցողը կկարողանա առավել հանգամանալից ծանոթանալ գրքի նյութերին.
-Գիրքը բավականին ծավալուն է և վերաբերում է իմ կյանքի պատմությանը: Կարծում եմ այն հետաքրքիր կլինի հասարակությանը: Դրա գլուխներից մեկը վերաբերում է պոլիտեխնիկում իմ աշխատած տարիներին, այն ծրագրերին որ մշակել էինք մեր թիմով և որոնք կյանքի պիտի կոչեինք, եթե չլիներ այն, ինչ եղավ և որի մասին խոսել եմ իմ նախորդ հարցազրույցում (հարցազրույցն` այստեղ):
-Պոլիտեխնիկի սպորտային համալիրի արդիականացման Ձեր ծրագիրը շատերն իրատեսական չէին համարում.
-Ծրագրերը թեև հավակնոտ, սակայն իրատեսակն էին: Եվ փաստ է, որ կարճ ժամանակում մեզ հաջողվեց մեծ ծավալի աշխատանք կատարել: Մասնավորապես, մարզադահլիճի տանիքում մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքում ստեղծված հսկայական մակարեսով տարածքն այսօր օգտագործվում է, որպես լաբորատորիա:
-Կարծո՞ւմ եք պոլիտեխնիկի ռեսուրսները կբավականացնեին Ձեր ծրագրերն իրականացնելու համար.
-Միանշանակ: Եթե հաշվեք, թե տարիներ շարունակ անիմաստ ինչքան գումար է ծախսվել «Պոլիտեխնիկ» անունը կրող մարզական ակումբի վրա, որը որևէ առնչություն չուներ պոլիտեխնիկական համալսարանի հետ, ապա միայն դա կբավարարեր մարզադահլիճի արդիականացման ծրագիրն իրականացնելու համար: Իսկ մենք նաև լուրջ պայմանավորվածություններ ունեինք արտերկրի մեր ընկերների հետ այս գործում ներդրումներ կատարելու համար: Ու ոչ ոք թող փող չլինելը պատճառ չբերի գործ չանելու համար:
-Սովորողների հանգստի կազմակերպմանն ուղղված այլ ծրագրեր նույնպես ունեի ՞ք.
-Իհարկե ունեինք: Կապված կանաչ դահլիճի վերակառուցման, ավագ դպրոցի շենքի կառուցման, աերոբիկայի դահլիճի, հանգստի ամառային համալիրների և փորձուսուցման համատեղ օգտագործման ճամբարների ստեղծման և շատ այլ ծրագրեր: Համոզված եմ, որ դրանք ապագայում անպայմնորեն կյանքի կկոչվեն: