Այսօր միջազգային գրոսմայստեր, BUH.AM կայքի համակարգող խորհրդի անդամ Ռաֆայել Վահանյանի ծննդյան օրն է:
Ռաֆայել Արտեմի Վահանյան ծնվել է 1951թ. հոկտեմբերի 15-ին Երևանում:
Գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։ 1989 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 և 1986 թթ.), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985 և 1989 թթ.) և Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Երևանի պատվավոր քաղաքացի (2012 թ.)։
Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Ֆիզիկայի ուսուցիչ նրա հայրը շախմատի մոլի սիրահար էր և ողջունում էր որդու զբաղմունքը։
16 տարեկանում Ռաֆայելը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, իսկ 18-ում`՝ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայացած միջազգային պատանեկան մրցաշարի հաղթողներից մեկը։
1969 թվականին Լենինգրադում Խորհրդային Միության երիտասարդ երեք վարպետների (Վահանյան, Միխայիլ Շտեյնբերգ և Անատոլի Կարպով) մրցախաղ-մրցաշարում որոշվում էր Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցը։ Հաղթեց Կարպովը, բայց, թվում էր, թե այդ մրցակցությունը կշարունակվի երկար տարիներ։ Սակայն վաղ մահը կտրեց Շտեյնբերգի կյանքի թելը։ Վահանյանն աշխատում էր հետ չմնալ Կարպովից։ Իր հասակակից ընկերոջից ընդամենը մեկ տարի անց նա դարձավ միջազգային գրոսմայստեր։ Դա տեղի ունեցավ 1971 թվականին Վռնյաչկա Բանյայում կայացած մրցաշարում, որտեղ նա 15 հնարավորից վաստակեց 11 միավոր՝ առաջ անցնելով անվանի շախմատիստներ Լյուբոմիր Լյուբոևիչից, Լեոնիդ Շտեյնից, Բորիսլավ Իվկովից։ ՖԻԴԵ-ի կոնգրեսը Վահանյանին գրոսմայստերի կոչում շնորհեց բացառության կարգով, քանի նա դեռևս չէր կրում միջազգային վարպետի կոչում։ Նա դարձավ գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։
Խորհրդային շախմատի գագաթին Վահանյանը բարձրացավ 10-րդ փորձից՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն 1989 թվականին։ Դրանից առաջ նա երեք անգամ դարձել էր մրցանակակիր. 1974 թ.-ին՝ 3-4-րդ տեղեր, 1975 թ.-ին՝ 2-5-րդ, 1982/1983 թթ.-ին՝ 3-4-րդ։ Ուշագրավ է, որ, երկար տարիներ լինելով Հայաստանի ուժեղագույն շախմատիստը, Վահանյանը ոչ մի անգամ չի եղել Հայաստանի չեմպիոն։
ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է շախմատային օլիմպիադաների (1984 և 1986 թթ.), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985 թ.՝ նաև անհատական ոսկե մեդալ 3-րդ խաղատախտակի վրա, և 1989 թ.) և Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ (1992 թ., 2004 թ.՝ նաև անհատական ոսկե մեդալ 3-րդ խաղատախտակի վրա) դարձել է օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, երեք անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր (1997 թ., 2001 թ.՝ նաև անհատական արծաթե մեդալ 2-րդ խաղատախտակի վրա, 2005 թ.) և մեկ անգամ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (1997 թ., նաև անհատական ոսկե մեդալ 2-րդ խաղատախտակի վրա)։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին։
1992 թվականից բնակվում էր Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Գերմանական «Պորց» թիմի կազմում բազմիցս դարձել է այդ երկրի չեմպիոն և գավաթակիր։
2016 թվականի մայիսից Շենգավիթի շախմատի մանկապատանեկան նորաբաց մարզադպրոցի տնօրենն է:
Տաղանդավոր գրոսմայստերը կարողացել է հասնել մի շարք խոշոր նվաճումների։ 1975 թվականից նա մասնակցել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարերին։ 1985 թ. նա հաղթել է Բիլի միջփնջային մրցաշարում, այնուհետև Մոնպելիեում կայացած հավակնորդների մրցաշարում 1-3-րդ տեղերն է բաժանել խորհրդային շախմատիստներ Արթուր Յուսուպովի և Անդրեյ Սոկոլովի հետ։
Այսօր էլ, 67 ամյա գրոսմայստերը ակտիվորեն մասնակցում է հանրապետության սպորտային ու հասարակական կյանքին, մասնակցում միջազգային հանդիպումների: Նա շարունակում է մնալ ազնիվ ու սկզբունքային մարդ` նվիրված իր ընկերներին, ընտանիքին, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…
Ծնունդդ շնորհավոր, գրոսմայստեր: