4 Հոկտեմբերի 2023թ. 21:07

ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԵՐԲ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԿԱԾ ՄԻ ՎՃՌԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հասարակությունը չի վստահել և շարունակում է չվստահել դատական իշխանությանը:

Լինելով երկու նստաշրջանների` Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, իմ համեստ ներդրումն եմ ունեցել հանրապետության պետաիրավական ինստիտուտների կազմավորման գործում: Ինձ միշտ թվացել է, որ մեզ հաջողվել է կառուցել կուռ տրամաբանական հենքով դատաիրավական համակարգ: Սակայն մեր անկախության 30 տարիների փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ բան` ինչ-որ տեղ մենք ճիշտ չենք հաշվարկել: Դա, կարծում եմ, մարդկային ֆակտորն է: Բազմաթիվ ազնիվ, սկզբունքային դատավորների կողքին դատական համակարգ սողոսկեցին միայն անձնական շահի գերակայությամբ գործող բազմաթիվ անձինք, որոնցից մի մասը չունի նաև մասնագիտական բավարար գիտելիքներ ու տրամաբանություն:

Դատավոր Գայանե Մազմանյանը

Օրերս տեղեկացա պարզունակ մի խնդրի հետ, որն ինձ լուրջ մտորումների առիթ տվեց: Գոյություն ունի Ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամ, որի նպատակը համապատասխան մասնագիտություններ ունեցող բուհերին, ավելի ճիշտ` ճարտարապետաշինարարական համալսարանին աջակցելն է: Ինչպես և բոլոր հիմնադրամները, սա նույնպես ունի կառավարման երկու մարմին` հոգաբարձուների խորհուրդ և տնօրեն: Օգտվելով օրենքով վերապահված իր իրավունքից, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը` հասարակության լայն շրջանակներում հայտնի պրոֆեսոր Լևոն Թոքմաջյանը, 2017թ. գարնանը դիմել է հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մինասյանին, խնդրելով ներկայացնել մանրամասն տեղեկություններ հիմնադրամի գործունեության վերաբերյալ: Խախտելով օրենքը, Գուրգեն Մինասյանը որևէ տեղեկություն չի ներկայացրել և նույնիսկ չի բարեհաճել պատասխանել դիմումատուին: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, պրոֆեսորը , 2017թ. մայիս ամսին, ստիպված դիմել է դատարան:  Գործը քննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանը, ով, այս հասարակ հարցով, շուրջ 1,5 տարի դատաքննություն իրականացնելուց հետո, 26.09.2018թ. կայացրել է մի վճիռ, որի էությունը ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ:

Մերժելով հայցն անհիմն լինելու պատճառաբանությամբ, այդպիսով ոտնահարելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի իրավունքը` ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ (Հիմնադրամների մասին ՀՀ օրենք, հոդված 221), դատավոր Մազմանյանն իր արձակած վճռում գրում է. «Ինչ վերաբերում է պահանջվող տեղեկատվությանը, ապա «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Հիմնադրամը հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որպիսի պարագայում հայցվորի որևէ իրավունք չի սահմանափակվել», որով, իրեն վերապահելով օրենսդիրի լիազորություններ, դատավոր Մազմանյանը հոգաբարձուների խորհրդի անդամի իրավունքները հավասարեցրել է հիմնադրամի հետ առնչություն չունեցող անձանց իրավունքներին: «Հանճարեղ» հիմնավորում է: Իսկ այն հանգամանքը, որ դիմումատուն հոգաբարձուների խորհրդի անդամ է, ապացուցված է հենց Գուրգեն Մինասյանի կողմից azdarar.am -ում տրված հաշվետվություններից:

Սակայն դատավոր Մազմանյանն այսքանով չի սահմանափակվում և շարադրում է իր երկրորդ «գլուխգործոցը». «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում»: Այսպիսով, դատավոր Մազմանյանն արգելում է հոգաբարձուների խորհրդի անդամին ծանոթանալ հիմնադրամի գործերին, ասելով` գիտեք, եթե ծանոթանաք հիմնադրամի գործերին ու հանկարծ տեսնեք, որ տնօրենը հակաօրինական գրծողություններ է կատարել, այդպիսով վնաս կտաք նրան՝ ուստի ոչինչ չպիտի ուսումնասիրեք:

Այ քեզ բան:

Եվ հետո. այդ որտեղից դատավորը գիտի, թե ով ում է վնաս ուզում տալ: Գուցե թե նա այնքան է «սերտաճել» հիմնադրամի տնօրենի «շրջապատում», որ շատ ավելի բան գիտի, քան գրված է հայցադիմումի ժուժկալ տողերում: Կարծում եմ, այս առումով, ԲԴԽ-ն գործ ունի անելու:

Ռեկտոր Գալստյանը մեդալ է հանձնում Գուրգեն Մինասյանին, 28.10.2016

Հիմա մի քանի խոսք, պատասխանող` Ճարտարապետական և շինարարական կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մինասյանի մասին: Նա ճարտարապետաշինարարակն համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նույն համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի նախագահությամբ գործող շինարարների միության գործադիր տնօրենը, նույն միության հիմնադրած «Մեդիս Շար»  ընկերության տնօրենը, մի խոսքով անձ, որն ամբողջությամբ կախվածության մեջ է Գագիկ Գալստյանից:

Ուսումնասիրելով Համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների ինտեռնետային նյութերը, տեսնում ենք, որ 2016թ. հոկտեմբերի 28-ին, Գուրգեն Մինասյանը, երջանիկ դեմքով, պարգև է ստանում ռեկտոր Գագիկ Գալստայանից:

Իսկ ինտեռնետային այլ` datalex.am –ի ուսումնասիրություններից պարզվում է, որ մեդալ ստանալուց մի քանի ամիս անց՝ 2017թ. մարտի 22-ին Գուրգեն Մինասյանը դատի է տալիս Գագիկ Գալստյանին (գործ` ԵԿԴ/1117/02/17):

Սա արդեն ֆանտաստիկայի ժանրից է: Կամ էլ… հետևությունները թողնում եմ ընթերցողին:

Տխուր, շատ տխուր իրավիճակ է: Հատկապես ռեկտոր Գագիկ Գալստյանի համար:

Գագիկ Հրաչյայի Ներսիսյան

ՀՀ ԳԽ և ԱԺ առաջին գումարման պատգամավոր