Պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը դիմել է ռեկտոր Գագիկ Գալստյանին տեղեկություններ ստանալու համար

Ճանաչված տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը հոկտեմբերի 26-ին գրությամբ դիմել է ռեկտոր Գագիկ Գալստյանին բուհի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Գրության մեջ մասնավորապես ասվում է․

Վերջին օրերին մամուլում ակտիվ բանավեճ է սկսվել ճարտարապետաշինարարական համալսարանում Ձեր ղեկավարման տարիներին իրականացված գործընթացների վերաբերյալ: Ներկայացված մի շարք տեղեկություններ հաստատման կամ ժխտելու գործողություններ են ենթադրում: Պատասխանելով համալսարանի աշխատակից Իրինա Վանյանին, Գագիկ Ներսիսյանը “Արձագանք կամ մտքերի փոխանակում Իրինա Վանյանի հետ” 26.10.2018թ. հրապարակած հոդվածում գրում է. “Հիմա խոսենք “այն բազմաթիվ պրոբլեմների մասին, որոնք լուծվում են պարոն Գալստյանի կողմից համալսարանի համար” ու փորձենք “գնահատել մարդուն իր բարի գործերով“․

Չորս տարիների գալստյանական պաշտոնավարման ընթացքում

գուցե՞ համալսարանի բյուջեն է ավելացե՞լ,

աշխատավարձերն են բարձրացե՞լ,

գիտական կադրերի աճի դինամիկան է աճե՞լ,

ուսանողների թիվն է ավելացե՞լ,

գիտական հանդեսների պարբերականությունն է ավելացե՞լ,

աշխարհի կողմից ընդունվող միջազգային նոր գիտաժողովներ է ստեղծե՞լ,

նոր դասագրքեր ու մենագրություններ են գրվե՞լ,

գուցե՞ համալսարանը ինսիտուցիոնալ եվրոպական ակրեդիտացիայից հետո, ծրագրային հավատարմագրման օրինակներ ունի՞․․․

գուցե՞ Ստեփանակերտի ջրամատակարարման կամ օդանավակայանի մսաշտաբի նոր նախագծեր է իրականացվել,

միթե՞ Դուք ուզում եք խոսել Գալստյանի վարած խայտառակ կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալ կադրերի պաշտոնանկությունների,

կամ էլ՝ թերբեռնված խմբերում 3/4-ով չպարապված դասերի,

գուցե՞ 80 և ավելի տոկոս բացակայություններով համալսարանում համատարած իրականացվող կամ չիրականացվող դասերի մասին”։

Հարգելի պարոն Գալստյան. Բոլոնյան գործընթացի սկզբունքներից մեկը՝ գործունեության թափանցիկությունն է: Հասարակությունը իրավունք ունի տեղյակ լինելու բուհերում կատարվող գործընթացների մասին, նամանավանդ՝ եվրոպական հավատարմագրում անցած բուհերի, որոնք՝ “ի կատարում” են ընդունլ այդ սկզբունքը:

Նոյբերտ Վինները ասում էր. “Թվերը չեն կարող կառավարել աշխարհը, սակայն դրանք օգնում են մարդկանց անել դա”: Ուստի, վերը բերված տեղեկությունները վերլուծելու նպատակով, խնդրում եմ  տեղեկություններ ներկայացնել նշված  հարցերի վերաբերյալ՝ 2014-2015 –ից մինչև 2017-2018 ուս. տարիների համար:

Հարգանքով՝  Աշոտ Մարկոսյան

Հիշեցնենք, որ այսօր rector.am կայքը ռետորիկ հարցադրումներ էր հրապարակել ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման բուհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ( այստեղ )։ Ըստ էության, բաց տեքստով, պահանջվում է ռեկտոր Գալստյանի հրաժարականը։

BUH.AM — բարձրացված հարցերի վերաբերյալ փորձեց տեղեկություններ ստանալ բուհի պաշտոնական կայքից ( այստեղ ) սակայն դրանք հիմնականում բացակայում էին։ Պարզեցինք միայն, որ բուհում ընդունելության ցուցանիշը 2015-2016 ուսումնական տարուց մինչև 2017-2018 թթ․՝ անընդհատ նվազել է։ 2018 — 2019 ուսումնական տարվա ընդունելության վերաբերյալ տվյալներ համալսարանի կայքում տեղադրված չեն։ Տեղադրված չեն նաև համալսարանի գործունեության հետ կապված բավարար տեղեկություններ։ Սա եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհի կառավարումը ձախողած, կրթագիտական ոլորտի հետ կապ չունեցող անձի՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի ձեռագիրն է։