28 Նոյեմբերի 2023թ. 13:48

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովում  29 կողմ, 0 դեմ ձայներով Արտակ Բեգլարյանն ընտրվեց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան:

Մեջբերում ենք մի հատված Ազգային Ժողովում Արտակ Բեգլարյանի ելույթից.

«Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում…

Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների և իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից:

Անաչառություն և անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ և անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը և մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու և իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որևէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, և իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, և նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաև, որ այս կամ այն խմբակցության և պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որևէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, և ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը:

Արդարամտություն և սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ և պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է և՛ սրտացավությունը, և՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»:

Մատչելիություն և հասանելիություն. հնարավորինս կանեմ, որպեսզի շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի և յուրաքանչյուր անձի համար:

Թափանցիկություն և հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության և Ազգային ժողովի առջև թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը:

Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, և այդ նախաձեռնողականությունը դրսևորելու եմ իրավունքների խախտումների և՛ վերացման, և՛ կանխարգելման, ինչպես նաև տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում:

Հետևողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետևողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու և յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա:

Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, և բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել և տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար»:

Այսպիսով Արցախն ունեղավ մարդու իրավունքների նոր պաշտպան: Նրա անունն է՝ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ: