ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը գրանցեց էլեկտրաախտորոշիչ նոր սարք։
Օգտակար մոդելը վերաբերում է բժշկական սարքաշինության ոլորտին, մասնավորապես՝ շնչառական համակարգի ստոծանու ռիթմիկ աշխատանքի ժամանակ առաջացած էլեկտրական պոտենցիալների գրանցման, չափման, գնահատման և ախտորոշման գործընթացին: Էլեկտրաախտորոշիչ սարքն ունի իրան, իրանի մեջ տեղակայված սարքի սնուցման բլոկ, իրար հաջորդաբար միացված լարման դիֆերենցիալ ուժեղարար, հզորության ուժեղարար և գրանցող սարք: Սարքը լրացուցիչ ունի տվիչներին միացված երկու լարման կրկնապատկիչներ, հզորության ուժեղարարի ելքին միացված է ակտիվ ֆիլտր, ակտիվ ֆիլտրի ելքին միացված է անալոգաթվային փոխակերպիչ, որի մուտքին միացված է նաև լարման կայունացուցիչ, անալոգաթվային փոխակերպիչի ելքին միացված է միկրոկոնտրոլեր, որի մուտքին միացված են նաև SD հիշողության սարք, ձայնարկիչ, երկու հատ USB միացման մայրուղիներ և գրանցման սարք հանդիսացող հպումով կառավարվող ցուցասարք:
Սարքը մշակվել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Մուրադյանի ղեկավարությամբ։ սարքի մշակման աշխատանքներին մասնակցել են Մովսես Մուրադյանը, Ստեփան Գրիգորյանը, Ռոբերտ Հարությունյանը և Մհեր Մարկոսյանը։
-Սա նոր խոսք է բժշկական սարքաշինության ոլորտում,- BUH.AM-ին ասել է աշխատանքային խմբի ղեկավար Մարատ Մուրադյանը,- այն համապատասխան հետազոտություններից հետո ձեռք բերված արդյունքների հիման վրա, հնարավորություն կտա ստոծանու բաբախումների գրանցման վերլուծությամբ իրականացնել ախտորոշման աշխատանքներ։
Սարքը մշակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հետազոտական լաբորատորիաներում՝ 2018թվականին։