Գյուղատնտեսության ապահովագրության հարցը պիլոտային ծրագրով 2019 թ. առաջին երկու ամիսներին պատրաստ կլինի. գյուղնախի պաշտոնակատար

Ընդհանուր առմամբ նախատեսված է գյուղատնտեսության ոլորտի 4,5-ից 5,5% ՀՆԱ-ի աճ. 2019 թ. բյուջեի քննարկմանն ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Այս մասին գրում է tert.am կայքը։

Ըստ նրա՝ բյուջեով ռազմավարության ընդհանուր նպատակ է դրվել գյուղատնտեսության արդյունավետության արժեշղթայի, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը և արդիական տեխնոլոգիաների ներդրումը:

Նախարարի պաշտոնակատարից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք սև ցուցակները հնարավոր է՝ բեռնաթափվեն գյուղացիական տնտեսության համար: «Գյուղացիական տնտեսությունում ընդգրկված աշխատակիցները, ովքեր վարկերի կարիք ունեն, տնտեսություն են ուզում զարգացնել, բայց խնդիրներ ունեն վարկը ներգրավելու, քանի որ  տարիներ շարունակ սև ցուցակում են վարկերը ուշացնելու պատճառով»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ վարկերի բեռնաթափման որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են: «Բայց պետք է ուշադիր լինենք, որ եթե այդ վարկերը ներդրվել են գյուղատնտեսության մեջ, հասկանալի է, բայց եթե ոչ նպատակային են օգտագործել, արդյո՞ք պետք է գնանք զիջումների»,-ասաց նա:
Գևորգյանը նաև հավելեց, որ 3-ից 10 միլիոնով վարկերի ծրագիրը շարունակվելու է, և ավելի մեծ ծավալ են տրամադրելու ծրագրին: «Որովհետև փորձը ցույց տվեց, որ 2017թ-ին միջին վարկային պորտֆելը 4, 2 մլն էր, 18-ին 5 մլն էր, և նպատակային օգտագործումն աննախադեպ բարձր է եղել, իսկ դա նշանակում է՝ գյուղատնտեսության եկամտաբերությունն աճել է, 16 մլրդի կարգի հոկտեմբերին վարկ էր տրամադրվել»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց, թե երբ են ծրագրում, վերջապես, առաջին գյուղացիական տնտեսությունների ապահովագրման ծրագիր ներդնել: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ապահովագրության հարցը պիլոտային ծրագրով իրականացվելու է 2019թ-ի առաջին երկու ամիսներին: «Պիլոտը կվերաբերի մեկ կամ երկու մշակաբույսերի, մեկ կամ երկու մարզում: Վերջնաժամկետ սահմանել ենք 19թ-ին, որպեսզի գյուղատնտեսական սեզոնը սկսելուց առաջ  ապահովագրական փաթեթը վաճառենք, որի 65%-ը կլինի պետական սուբսիդավորմամբ»,-ասաց նա:

Նելլի Լազարյան

Աղբյուրն՝ այստեղ