22 Սեպտեմբերի 2023թ. 5:52

Գագիկ Մակարյան. 23 տոկոս համահարթ եկամտահարկ սահմանելը լավագույն լուծումը չէ, բայց ցածր աշխատավարձեր ստացողների նկատմամբ անարդարությունը ժամանակավոր է

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի գտնում, որ 23 տոկոս համահարթ եկամտահարկ սահմանելը և առաջիկա հինգ տարվա ընթացքում մինչև քսան տոկոս իջեցնելը լավագույն լուծումն է:
«Մենք կարծիք ենք ներկայացրել, որ համահարթեցման մոդելը պետք չէ միանգամից կիրառել և պետք է ավելի լայն ուսումնասիրել խնդիրը, քանի որ, մասնավորապես, փոքր բիզնեսը առանձնապես չի շահում դրանից»,-ասաց նա և նշեց, որ իրենք առաջարկում են խոր վերլուծություն իրականացնել և ավելի օպտիմալ մոդել ընտրել:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Կառավարության նախնական մտադրությունն այն է, որ հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում սահմանեն 23 տոկոս համահարթ եկամտահարկ՝ պայմանով, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում այս ցուցանիշը կիջեցնեն մինչև քսան տոկոս բոլորի համար:
Ամեն դեպքում Գագիկ Մակարյանն ասաց, որ եթե եկամտային հարկը նվազեցվում է, ապա  նոր ներդրողների համար ավելի հասկանալի կլինի, թե ինչպիսի աշխատավարձ կարող են ձևակերպել, և աշխատավարձի չափի գրավչությունը իրենց համար կլինի հետաքրքիր:
«Եկամտահարկի նվազեցման դեպքում բիզնեսի համար ավելի հեշտ է ձևակերպել մարդկանց, քան ստվերային ձևակերպումների մասին մտածել: Օտարերկրյա ներդրողները շահագրգռված կլինեն ներդրումներ անել, քանի որ աշխատավարձի ընդհանուր չափը կլինի ավելի ցածր և ավելի մրցունակ, քան այլ երկրներում է, և ինքը կձգտի շատ արտադրություններ կազմակերպել Հայաստանում»,- ասաց նա և օրինակ բերեց, որ մասնավորապես հիմա Հայաստանի աշխատավարձի գրավչությունը տեքստիլի ոլորտում հետաքրքրում է եվրոպական ֆիրմաներին:

«Մյուս կողմից մենք ստվերի դեմ պայքարելու գործիք ենք ստեղծում, քանի որ առաջներում միջին և բարձր աշխատավարձների դեպքում եկամտահարկը շատ բարձր էր՝ մինչև 36 տոկոս: Այդ ոլորտի տնտեսվարողները միշտ նեղվում էին, որ իրենց աշխատողները շատ մեծ հարկեր են մուծում, և քանի որ աշխատավարձի չափը դրանից նվազում էր, աշխատողները թողնում հեռանում էին, և կազմակերպությունները տուժում էին, իրենց մեջ արհեստական մրցակցություն կար»,- ասաց նա:
Շարունակելով դրական կողմերը մատնանշել եկամտահարկի 23 տոկոս դառնալու դեպքում՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ դա նոր աշխատողներ ընդունողների համար կլինի մոտիվացիա, իսկ նրանք, ովքեր արդեն ձևակերպած աշխատողներ էին,  փաստացի ավելի շատ կստանան, և արդյունքում կշահի աշխատողը:

«Փոփոխությունների արդյունքում միջին աշխատավարձ ստացողը 10-20 հազար դրամ ավելի կստանա, իսկ բարձր աշխատավարձ ստացողները`մի քանի հարյուր դոլարով ավելի: Նախ դա կնշանակի, որ այդ աշխատողները կլինեն բավարարված և ունենալով ավելի շատ փող՝ մուլտիպլիկատիվ ձևով կծախսեն տնտեսության մեջ, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտ կառաջացնի»,- ասաց նա և նշեց, որ խնդիրն այն է, որ 23 տոկոս իջնելու դեպքում միջինից ցածր աշխատավարձերի վրա էական ազդեցություն չի ունենա, և նրանք կշահեն այն դեպքում, երբ ապագայում դրույքաչափն իջնի մինչև 18 տոկոս:

Հարցին, թե արդյոք այս որոշումը ցածր աշխատավարձ ստացողների հանդեպ արդարացի է, Գագիկ Մակարյանն ասաց, որ այդ անարդարությունը պայմանական է և ժամանակավոր:

«Դա կարճ կտևի, բայց մենք միշտ սոցիալական, տնտեսական խնդիրները պետք է լայն նայենք»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը սպեցիֆիկ շատ խնդիրներ ունի` գործազրկություն, ստվերի բարձր մակարդակ, աղքատություն, աշխատուժի միգրացիա և տնեսությունը զարգացնելու խիստ անհրաժեշտություն, հետևաբար Հայաստանը պետք է ինքնուրույն լինի և էքսկլյուզիվ ճանապարհներ փնտրի:

Աղբյուրն՝ այստեղ