28 Նոյեմբերի 2023թ. 14:38

ԳՐԻԳՈՐԻ ԱՖԱՆԱՍՅԱՆ. ՄԵԾԵՐԻ ԿՈՂՔԻՑ ՔԱՅԼԵԼԻՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ ՈՏՔԻ ՏԱԿ ՉԸՆԿՆԵԼ

BUH.AM –ի զրուցակիցն է ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը.

Գրիգորի Սերգեյի, Ձեր տանը, ամենանվիրական լուսանկարների կողքին, նաև գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի լուսանկարն է.

-Ռաֆայել Վահանյան անունը նվիրական է այսօր ավագ սերունդը ներկայացնող հայերի համար: Պատկառելի անձնավորություն է, ով իր կյանքն անմնացորդ նվիրաբերել է իր հայրենիքին, իր հանճարի ուժով՝ Հայաստան անունը լսելի դարձրել աշխարհի բոլոր երկրամասերում: Նրա հետ հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, բայց դա բավական էր, որ կարողանամ նրան իմ ընկերը համարել: Դա շուրջ 50 տարի առաջ էր: Թբիլիսիում, 1970թ. փետրվարի 13-21-ը տեղի էր ունենում ԽՍՀՄ զինված ուժերի անդրկովկասյան օկրուգի շախմատի թիմային առաջնությունը: Ես, Գանձակի տակավին պատանի Գրիգորի Աֆանասյանս, հանդես էի գալիս Ադրբեջանի հավաքականի երրորդ տախտակի վրա: Հայաստանի հավաքականը գլխավորում էր 19-ամյա Ռաֆայել Վահանյանը: Եվ ահա, վերջին տուրում, ես ուժերս չափում էի Վրաստանի հավաքականը ներկայացնող փորձառու մի վարպետի հետ: Բոլոր տախտակների վրա խաղերն ավարտվել էին: Ստեղծվել էր դրամատիկ մի իրավիճակ, երբ առաջնության հաղթողը որոշվելու էր իմ տախտակի արդյունքից: Եթե հաղթում էր վրացին, կամ խաղն ավարտվում էր ոչ-ոքի՝ չեմպիոն էր հռչակվում Վրաստանի հավաքականը, իսկ եթե հաղթում էի ես, ապա Հայաստանի հավաքականն առաջ էր անցնում ու դառնում էր չեմպիոն: Ինքս էլ չհասկացա, թե որտեղից այդքան ուժ ստացա ու կարողացա հաղթել: Վահանյանի աչքերը շատ խոսուն էին: Սա հենց այդ օրերի նկար է, ու այն շատ թանկ է ինձ համար: Այդ մրցաշարից մի քանի ամիս անց, Ռաֆիկը դարձավ ամենաերիտասարդ միջազգային գրոսմայստերը: Ասեմ, որ նա դա արեց առանց միջազգային վարպետի կոչումն ունենալու: Զարմանալի է շատ:

-Ի՞նչ կցանկանաք ասել գրոսմայստերին այսօր.

— Ուզում եմ ասել նրան, որ Արցախ գալիս, այցելի ընկերոջը. իրեն այստեղ սպասում են: Ուզում եմ նաև ասել, որ ինքը, որպես կենդանի լեգենդ, լուրջ խոսք ունի ասելու երիտասարդության, ու առաջին հերթին՝ ուսանողության հետ տարվող ծրագրերում: Ու ոչ ոք թող չմտածի, որ իր կողմից մի քանի տարի առաջ սկսված աշխատանքները կիսատ են մնալու: Իսկ այլ կերպ մտածողները, պիտի հիշեն, որ մեծերի կողքից պետք է զգույշ քայլել, որ ոտքի տակ չընկնեն:

 Գրիգորի Աֆանասյան

P.S. Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռաֆայել Վահանկանը հարցազրույց էր տվել BUH.AM –ին (այստեղ), որին հետևել էր ճարտարապետաշինարարական համալսարանի լրատվության պատասխանատու Անահիտ Կարագուլյանի կազմակերպած ոչ ադեկվատ արձագանքը, այդ թվում՝ համալսարանի ֆեյսբուքյան էջում (այստեղ):