Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար

Երևանում այսօր մեկնարկած «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, Հայաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակներ և խոսնակներ:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կրթության զարգացման ռազմավարությունում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը մեծ և կարևոր դեր ունի, մասնավորապես, այն ընդգրկված է ռազավարական ծրագրային հայեցակարգերում, ինչպես նաև հենակետային ոլորտ է հանդիսանում միջազգային համագործակցության շրջանակներում: Գործատուների հետ համագործակցության համատեքստում առանձնակի է նաև դուալ կրթության ներդրումը, որը շատ կարևոր է շրջանավարտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման տեսանկյունից: Այսօր մենք դուալ կրթության ներդրման լավ փորձ ունենք, որը ևս շարունակական է լինելու: Ավելին, մենք մտածում ենք ՄԿՈւ այս փորձը ինչ-որ ժամանակ տարածել նաև բարձրագույն կրթության ոլորտի վրա»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Աղբյուրն՝ այստեղ