16 Սեպտեմբերի 2019թ. 7:59

Սերոբ Խաչատրյան․ Երբ սովորելու ձգտում չկա, տեխնոլոգիաները չեն օգնում

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ առաջիկայում ունենալու ենք նորագույն տեխնոլոգիաներով հագեցած «խոսող դասագրքեր», տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Տեխնոֆիլներին դա դուր եկավ, իսկ տեխնոֆոբներն այս փոփոխության մեջ տեսան համակարգիչներից երեխաների կախվածությունը մեծացնելու հերթական վտանգը։

Վերջին 2 տասնամյակների ընթացքում աշխարհում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաներն ազդում կրթության վրա։ Այս հարցը հատկապես քննարկման առարկա է դառնում տեխնոլոգիական նորամուծություններից հետո։

Օրինակ՝ 20 տարի առաջ շատերին մտահոգում էր այն հանգամանքը, որ համակարգիչները գերազանցապես հասանելի են հարուստ խավին, ինչի շնորհիվ այդ ընտանիքների երեխաների կրթական մակարդակը կտրուկ կբարձրանա, իսկ անապահով ընտանիքների երեխաները համակարգիչ չունենալու պատճառով հետ կմնան։ 2000 թվականին անցկացված հարցումների արդյունքում պարզվել էր, որ հարուստ ընտանիքների 86%-ն ունի համակարգիչ, իսկ անապահով ընտանիքների՝ միայն 22%-ը։

Այդ տարիներին կար համոզմունք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները որակապես զարգացնելու են կրթական համակարգը։ Այդ պատճառով բազմաթիվ զարգացած երկրներում աննախադեպ մեծ գումարներ ծախսվեցին դպրոցները համակարգիչներով, տպիչներով, պրոյեկտորներով, իսկ ավելի ուշ՝ Սմարթ գրատախտակներով հագեցնելու համար։ Բոլորն այն կարծիքին էին, որ տեղեկատվական ենթակառուցվածքների զարգացման արդյունքում կրթության որակն էապես կբարձրանա։ Բազմաթիվ դասախոսներ և ուսուցիչներ իրենց սաներին կոչ էին անում դասի գալ նոութբուքերով, դասախոսությունների նյութերը գրառել ոչ թե գրիչով, այլ համակարգչով։

Մոտ 5 տարի առաջ անցկացվեցին հետազոտություններ՝ պարզելու համար, թե ինչպես են ազդել տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության համակարգի վրա։ Պարզվեց, որ կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա առավելագույն ներդրումներ կատարած 8 երկրներից 6-ում որևէ առաջընթաց չկա։

Միայն 2-ում կա աննշան առաջընթաց։ Այդ շրջանում պարզ դարձավ մի կարևոր օրինաչափություն։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ինքնին չեն կարող փոխել կրթական համակարգը։ Դրանք ընդամենը կարող են ավելի մեծ թափով զարգացնել կրթական լավ համակարգերը և ավելի մեծ չափով վնասել կրթական վատ համակարգերին։ Բազմաթիվ դասախոսներ, ովքեր իրենց համարում էին տեխնոֆիլներ, շատ ավելի զգուշավոր սկսեցին աշխատել։

Օրինակ՝ ամերիկացի հայտնի դասախոս Քլեյ Շիրկին, ով սկզբնական շրջանում հիացմունքով խոսում էր այն մասին, որ իր ուսանողները նոութբուքերով են գալիս դասի, մի քանի տարի առաջ հանդես եկավ հոդվածով, որում նշեց, որ իր լավատեսությունը չափազանցված էր։

Կանադայի շատ համալսարաններում արգելեցին Power Point-ով ներկայացումները՝ համարելով, որ դրանք բուն կրթական գործընթացին չեն նպաստում։ Մի քանի շաբաթ առաջ էլ հայտարարվեց, որ Սմարթ գրատախտակը կրթության ոլորտում կատարված ամենաանհիմն ներդրումներից է։ Դրանց գինը շատ բարձր է, իսկ կրթության որակի վրա դրանց ունեցած դրական ազդեցության մասին ապացույցներ չկան։

Շատ ավելի ցնցող էր այս տարի անցկացված հետազոտության տվյալների հրապարակումը։ Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ապահով ընտանիքների երեխաների օրական միջին էկրանային ժամանակը (հեռուստացույց, հեռախոս, համակարգիչ, պլանշետ) շուրջ 5.5 ժամ է, իսկ անապահով ընտանիքների երեխաներինը՝ 8 ժամից ավելի։ Այսինքն՝ 18 տարի առաջ առկա մտահոգության հակառակն պատկերն է ստացվում։

Անապահով ընտանիքների երեխաներն ավելի շատ են օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Բայց դա լավ չէ։ Ապահով ընտանիքներն իրենց երեխաների համար գտնում են այլ կարգի օգտակար զբաղվածություններ, վերահսկում են երեխաների էկրանային ժամանակը։ Իսկ անապահով ընտանիքների երեխաներն այլ զբաղմունքներ քիչ ունեն և օրվա զգալի մասն անցկացնում են էկրանների առաջ։

Պակաս սենսացիոն չէր նաև նոյեմբերի վերջին Հելսինկիի համալսարանի պրոֆեսորների հետազոտական բացահայտումն այն մասին, որ 2015 թվականի միջազգային ստուգատեսում ֆինլանդացի աշակերտների արդյունքների հետընթացի հիմնական պատճառներից մեկը թվային գործիքների չարաշահումն է դասապրոցեսում։ Վերջին տարիներին ֆինլանդացիները մեծ թվով թվային գործիքներ էին օգտագործում։

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ դրանք երեխաներին շեղում են սովորելուց։ Ծնողները պնդել են, որ երեխաները համակարգիչներն ու պլանշետները քիչ են օգտագործում ուսումնական նպատակներով։

Այսպիսով, աստիճանաբար ավելանում են այն ապացույցները, որ տեխնոլոգիաների զարգացումը դրական ազդեցություն չի ունենում կրթության որակի վրա։ Դրանք երեխաների ուշադրությունը շեղում են այլ բաների վրա։ Կարծում եմ՝ ժամանակն է հասկանալու, որ տեխնոլոգիաները չեն կարող նպաստել կրթության որակի բարելավմանը, եթե մեր ապրելակերպից սովորելու ձգտումը դուրս է մղվում։ Մարդիկ անտարբեր են դարձել հանրագիտարանային գիտելիքի, սովորելու, գրքի հանդեպ։ Սա է խնդիրը։ Տեխնոլոգիան միշտ տալիս է լուծումներ, բայց եթե խնդիրը ճիշտ ձևակերպված չէ, ապա տեխնոլոգիայի լուծումները կարող են չօգնել։

Մեր խնդիրը սովորելու հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է, սովորելը մեր ապրելակերպի պարտադիր մաս դարձնելը։ Եթե խոսող դասագիրքն այս խնդիրն է լուծելու, ապա օգտակար կլինի։ Եթե խոսող դասագիրքն ուսումնական նյութը գեղեցիկ ու գրավիչ ներկայացնելու գործիք է, ապա դժվար թե այն էական ազդեցություն ունենա։

Աղբյուրն՝ այստեղ