Տեղի է ունեցել հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը

Տեղի է ունեցել հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը, որտեղ բանավեճ է ծավալվել կառավարության ենթակա ՊՈԱԿ-ների, ԾԻԳ- երի, հիմնադրամների գործունեության շուրջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանն իրենց դիտարկումներն են ներկայացրել տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանը և Հայկ Գևորգյանը:

Մ. Առաքելյանի խոսքով՝ պետական համարագը ուռճացված վիճակում էր հայտնվել՝ և՛ աշխատատեղերի քանակով, և՛ ֆինանսավորման ծավալներով. «ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները և հիմնադրամները հաճախ կրկնել են նախարարության գործառույթները՝ ավելի մեծ չարաշահումների տեղիք տալով: Հիմնադրամներ կան, որոնց ղեկավարները ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան նախարարները: Սեղմ ժամկետներում պետք է տեղի ունենա օպտիմալացում, որի արդյունքում հնարավորություն կլինի զգալի խնայողությունների հաշվին պետական համակարգում այլ՝ ավելի կարևոր ծախսեր իրականացնել»:

Հայկ Գևորգյանի դիտարկմամբ՝ համաշխարհային ֆինանսական կառույցները վարկ տրամադրելիս չէին վստահում Հայաստանի կառավարությանը, պաշտոնյաներին և այդ պատճառով ստեղծվեցին ԾԻԳ-երը: «Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ այդ պարագայում վարկերի օգտագործման արդյունավետությունը, մեղմ ասած, բարձր չէր, գումարներ էին փոշիանում. «Հյուսիս-հարավ» ծրագիրը այդպիսի ցցուն օրինակ է»,- նշեց Հ. Գևորգայնը՝ հավելելով, որ այժմ այդ կառույցների կարիքը չկա, քանի որ կառավարությունն աշխատելու է թափանցիկ:

Հ. Գևորգյանի կարծիքով՝ խորհրդարանում առաջին քննարկումները կվերաբերեն տնտեսությանը: «Հեղափոխությունները սովորաբար բերում են տնտեսական ցնցումների, Հայաստանում այդ ցնցումները չեղան, ինչը մեծ առավելություն տվեց մեզ: Տնտեսության մեջ աճի տեպմը նվազեց, բայց դա այն պատճառով է, որ հանքարդյունաբերության ոլորտում կտուկ անկում կա: Սակայն վերամշակող տնտեսության մեջ աճ կա, այդ փոփոխությունն անսպասելի էր: Տնտեսության մեջ աճի տեմպը նվազում է, բայց որակական իմաստով տնտեսությունը տրանսֆորմացվում է, կամաց-կամաց տեղավորվում է այն ռելսերի վրա, որին ուզում է հասնել կառավարությունը: Նաև հանքարդյունաբերության մեջ պետք է գնանք որակական փոփոխության»,- նշեց տնտեսագետը:

Մ. Առաքելյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո սպասումները մեծ են, այդ թվում՝ նաև հարկային համակարգի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ առաջին փուլում Հարկային օրենսգրքի արագ փոփոխություն կկատարվի, երկրորդ փուլում՝ կմշակվի լայն փոփոխություններով նոր Հարկային օրենսգիրք: