Հայ ժողովուրդը հերոսների պակաս չի ունեցել: Պատմական ճակատագրի բերումով մեր հայրենիքը բազմիցս ասպատակվել է թշնամու կողմից: Բայց հայը չի հնազանդվել, զենք է վերցրել ու պայքարի ելել ոսոխի դեմ: Սակայն ոչ բոլոր հերոսներն են մնացել ազգի հիշողության մեջ: Պատմությունը միշտ չէ, որ արդարացի է: Եվ պատմությունն անարդար է գտնվել նաև այս հերոսի՝ Գիսակ Դիմաքսյան նահապետի նկատմամբ: Նրա անունն այսօր, ցավոք, միայն պատմաբաններին ու ոլորտն ուսումնասիրողներին է ծանոթ:
1 թվականին, երբ Էրատո թագուհու՝ գահից հրաժարվելով՝ տապալվեց Արտաշեսյան հարստությունը, Հռոմեական կայսրությունը գրավեց Մեծ Հայքի թագավորությունը: Հռոմը չկարողացավ Հայաստանը վերածել սովորական հռոմեական պրովինցիայի, Հայաստանի հզորությունը դա թույլ չէր տալիս, սակայն Հռոմը երկիրը կառավարում էր դրածո թագավորների միջոցով:
Այս թագավորներից հիշատակության արժանի է մոր կողմից հայ և Արտաշեսյան Զենոնը, որ հայոց երկրում թագավորեց 18-34 թ.: Զենոնն ընդունելի էր հայոց ավագանու համար և սիրվեց հայ ժողովրդի կողմից: Նա անգամ ընդունեց Արտաշես անունն ու հայոց արքայացանկում հայտնի է Զենոն-Արտաշես Գ անունով:
Զենոն-Արտաշես Գ արքայի մահից հետո Հռոմը Մեծ Հայքի թագավորական գահին բարձրացրեց Զենոնի քրոջ որդուն՝ Փոքր Հայքի թագավոր Կոտիսին, որ հոր կողմից Երվանդունի էր, ազգակցական կապ ուներ նաև Արտաշեսյանների հետ: Կոտիսը գահակալեց 37-43 թթ.: Նրա օրոք, փաստորեն, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները միավորվեցին մեկ թագի ներքո:
Իրականում Կոտիսի թագավորությունը Մեծ Հայքում անվանական էր: Թեև Կոտիսը Հռոմի դրածո էր, հայ էր և հայ ավագանու համար քիչ թե շատ ընդունելի թեկնածու էր:
Մեծ Հայքն այդ տարիներին կառավարում էր հայոց Աշխարհաժողովը՝ հայոց ավագանին, որի գլուխ կանգնած էր Գիսակ Դիմաքսյան նահապետը:
Դիմաքսյանների տոհմը հայոց երկրում հայտնի է մ.թ.ա. II դարից: Քերթողահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ Արտաշես Ա արքայի դայակորդի Գիսակը, փրկելով արքային, զոհվել է դեմքը սրով երկատվելուց: Այստեղից էլ, ըստ պատմիչի, տոհմի Դիմաքսյան անվանումը։ Որպես երախտագիտություն հայոց զորեղ գահակալը տոհմին բարձր պատիվների արժանացրեց և նախարարական աստիճանի բարձրացրեց:
Գահնամակի համաձայն՝ Դիմաքսյանները չորս ճյուղի էին բաժանված և հայոց արքունիքում գրավել են 34, 35, 37 և 67-րդ գահերը, իսկ Զորանամակի համաձայն՝ հայոց բանակին տվել են 600 հեծյալ։ Դիմաքսյանները ժառանգական տիրույթներ են ունեցել Շիրակում, Տայք նահանգի Բուխա գավառում, իսկ իշխանանիստը Տայքի Բողբերդ (այժմ՝ Բուղա-Կալա) ամրոցն էր, որի պատճառով Գահնամակում հայտնի էին նաև Բուխա Դիմաքսյանք անվամբ:
Դիմաքսյանները տիրույթներ ունեին նաև Վանանդում: V դարում՝ Վարդանանց պատերազմի ժամանակ, նրանցից աչքի ընկավ Թաթուլ Վանանդեցին: Նույն պատերազմում, բացի Թաթուլից, Վարդան Մամիկոնյանի զինակիցներն էին Հմայակ և Սատ Դիմաքսյանները: Իսկ Խաղխաղի ճակատամարտում Դիմաքսյանների զորագունդն աչքի ընկավ Մուշ և Գազրիկ իշխանների հրամանատարությամբ:
IV դարում՝ Հայաստանի բաժանումից հետո՝ 380-ական թվականներին, Աշխադար Դիմաքսյանն ուրիշ իշխանների հետ Արշակ Գ թագավորի գանձերը Հայաստանի բյուզանդական հատվածից գաղտնի տեղափոխել է երկրի արևելյան հատվածում թագավորող Խոսրով Դ Արշակունու մոտ՝ փոխարենն արժանանալով բարձր պատիվների, ստանալով գյուղեր և ագարակներ։
Դիմաքսյանների տոհմի ներկայացուցիչներն աչքի ընկան մինչև VII դարը: Հայոց համար կարևոր այս ժամանակաշրջանում աչքի ընկան Միհրան, Սարգիս Դիմաքսյան իշխանները: Դիմաքսյաններն անթաքույց բյուզանդամետ կողմնորոշում ունեին VII դարում, ամենայն հավանականությամբ չդիմանալով Բագրատունիների ճնշմանը, հեռացան պատմական ասպարեզից: VII դարից հետո տոհմի մասին վկայություններ այլևս չկան:
Ամեն տարի Նավասարդ ամսի 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին, Հայոց Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտում հավաքվում էր հայոց Աշխարհաժողովը, որը հայոց գերագույն ժողովն էր, հավաքվում էր տարին մեկ անգամ կամ ըստ անհրաժեշտության՝ արքայի, քրմապետի կամ ավագանու անդամների հրավերով: Աշխարհաժողովի որոշումներն անբեկանելի էին և ենթակա պարտադիր կատարման անգամ արքաների համար: Աշխարհաժողովը կարող էր նույնիսկ գահընկեց հայտարարել արքային: Փաստորեն հայոց երկրի ապագան որոշում էր հենց Աշխարհաժողովը, երբ նավասարդ ամսին Բագրևանդում, արքայից շինական, քրմերից մինչ առևտրական դաս, հավաքվում և քննարկում էին հայոց երկրի ապագան:
Առհասարակ նավասարդյան տոնակատարությունները նվիրված էին Հայկ նահապետին, հայոց Ամանոր և Վանատուր աստվածներին:
Աշխարհաժողովի գումարմանը զուգընթաց՝ Բագրևանդ գավառում անց էին կացվում Վահագն ռազմաստծուն նվիրված Նավասարդյան խաղերը՝ մարմնամարզական մրցումներ, խաղեր, զինավարժություններ…
Հայոց Մենուա արքայի՝ Վանում թողած մ.թ.ա. IX դարի մի արձանագրության մեջ նշված է, որ արքան իր Արծիվի (Արծիվ) անունով ձիով թռել է շուրջ 12 մետր: Հայոց արքան պարապությունից չէ, որ նման փորձեր էր կատարում և ժայռին արձանագրում: Բնականաբար խոսքը Նավասարդյան խաղերում արքայի ունեցած հաջողության և հաղթանակի մասին է: Այս իմաստով մեր Նավասարդյան խաղերն ավելի հին են, քան հունական օլիմպիական խաղերը:
Եվ այսպես, առաջին դարում հայոց ավագանու առաջնորդը հայոց Գիսակ Դիմաքսյան նահապետն էր:
Հռոմը Հայաստանի գահը 43 թ. հանձնեց իր կամակատար վրաց Փառնավազյան տոհմի թագավորներին: Վիրքում թագավորում էր Փարսման Ա-ն, որի օրոք Վրաստանն առաջին անգամ դուրս եկավ միջազգային դիվանագիտության հարթակ: Փարսմանի եղբայր Միհրդատը թագավորեց Մեծ Հայքի գահին: Եվ այստեղ վիրա-հռոմեական կոալիցիայի դեմ ծառացավ հայոց ազնվականության ընդդիմությունը՝ նահապետ Գիսակ Դիմաքսյանի առաջնորդությամբ:
Գիսակ Դիմաքսյան իշխանը ցանկանում էր հայոց երկրից արտաքսել Հռոմի դրածո Միհրդատին ու հայոց երկրի անկախությունը վերականգնել՝ թեկուզ գահը դարձյալ Կոտիսին հանձնելով:
Սակայն հայ ավագանու ներսում տարաձայնություններ կային: Ազնվականների մի մասը սիրտ չէր անում բացեիբաց հանդես գալ Հռոմի դեմ և առաջարկում էր հպատակվել Հռոմին ու ճանաչել Միհրդատի թագավորությունը: Օգտվելով առիթից՝ վիրա-հռոմեական զորքերը գրավեցին Մեծ Հայքի թագավորությունը:
Հապաղում է նաև Կոտիս թագավորը, որ Մեծ Հայքի գահ էր բարձրացել ոչ թե իր անձնական քաջության կամ տոհմային ժառանգականության շնորհիվ, այլ Հռոմի կամոք, և նա Կլավդիոս կայսեր դեսպանների հետ հանդիպելուց հետո, նահանջելով իր բռնած գծից, ենթարկվեց Հռոմին ու մեկնեց Փոքր Հայք: Գիսակ Դիմաքսյանը Հռոմի և Վիրքի դեմ մի բուռ քաջերով մնաց միայնակ:
Ամենայն հավանականությամբ Գիսակ Դիմաքսյանը զոհվել է այս պայքարում, քանզի պատմագիտությունն այլևս նրա անունը չի հիշատակում: Բայց նրա պայքարը հաղթանակեց: Ընդամենը տարիներ անց Մեծ Հայքում բռնկվեց ավելի հուժկու մի շարժում Հռոմի դեմ, ոտքի ելած հայ ժողովուրդը բարեկամ Պարթևստանի օգնությամբ տապալեց Հռոմի գերիշխանությունը, Մեծ Հայքում գահ բարձրացավ Տրդատ Ա Արշակունին: Հայաստանում սկսվեց Արշակունյաց ժամանակաշրջանը:
Վահե Անթանեսյան
Աղբյուրն՝ այստեղ