16 Սեպտեմբերի 2019թ. 8:03

Երեւանում քննարկվել է տնտեսական հեղափոխության հեռանկարը

Փորձագետները քննարկել են Հայաստանի տնտեսության ընթացիկ իրավիճակը եւ տնտեսական հեղափոխության հեռանկարը։ Banks.am-ն առանձնացրել է բանախոսների ուշագրավ մտքերը։

ՀՀ ԿԲ նախկին նախագահ,
«Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյան 

Հեղափոխական զարգացման առաջին տարրը սպասումներն են։ Հասարակության մեջ արդեն իսկ առկա են այդ սպասումները, որոնք որոշ ցուցանիշներով դրսեւորվել են։

Վերջին տասը ամիսների արդյունքով՝ արձանագրվել է Հայաստան ժամանողների աճ։ Սա որոշիչ գործոններից մեկն է։

10-11 ամիսների ընթացքում մենք եւս մեկ դրական երեւույթի ենք առնչվել, որի արտահայտություններից է վարկավորման ծավալների աճը: Սա նշանակում է, որ համակարգն ընդառաջում է սպասվող զարգացումներին, որոնք պետք է տեղի ունենան։ Բայց միայն սպասումների վրա ոչինչ չի կարելի կառուցել։

Կարեւոր է համակարգերի ինստիտուցիոնալ փոփոխությունը եւ իրականացվող ծրագրերն իրատեսական դարձնելը։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար
տնտեսագետ Արծվիկ Մինասյան

Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային լուրջ վերանայումների կարիք ունի։

Երկրի տնեսական զարգացման համար չափազանց կարեւոր են երեք հիմնական ուղղություններ՝ տեխնոլոգիաներ, մասնագիտացում եւ ֆինանսական ռեսուրսներ։

Ցավոք, այս երեք ուղղություններով էլ մենք դեռ կաղում ենք։

Մեր աշխատաշուկայի եւ տնտեսության կապը մնում է ցածր։ Ներդրումային մեծ հոսքերի մասին խոսելը դեռ շատ վաղ է։

ՀՀ վարչապետի խորհրդական
տնտեսագետ Արտակ Մանուկյան

Տնտեսական հեղափոխության առաջին բաղադրատարրը բարքերի եւ նորմերի մասով էական փոփոխությունն է։

Նախկինում, եթե եղել են որոշակի արտոնություններ, ապա այսօր առավել արդար եւ մրցակցային պայմաններ են ստեղծվել։ Կարծում ենք, որ դա անհրաժեշտություն էր, սակայն դրանով պետք չէ սահմանափակվել։

Այսօր դրական եւ անհրաժեշտ ազդակներ կան, բայց եթե մենք խոսում ենք երկարաժամկետ արդյունքների մասին, ապա պետք է այնպես անենք, որ հասարակությունը վերափոխվի։ Այսինքն՝ պետությունը մի մասն ապահովում է, սակայն մարդկանց վարքագծում էլ պետք է փոփոխություն լինի:

Աղբյուրն՝ այստեղ