Դեկտեմբերի 25-ին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստում խորհրդի 27 անդամներից ներկա 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն ռեկտոր ընտրեց ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու Վարդան Էդիկի Ուռուտյանին:
Նախքան ընտրությունը թեկնածուն Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացրեց «ՀԱԱՀ բարեփոխման և զարգացման ծրագիրը»: Ծրագրում տեղ են գտել համալսարանում ստեղծված վիճակին, իրականացված միջանկյալ բարեփոխումներին, ծրագրի հիմնական նպատակին, բարեփոխումների հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին վերաբերող բաժինները:
Ռեկտորի թեկնածուն կուտակված խնդիրների շարքում նշեց գյուղատնտեսական կրթության այսօրվա որակի և երկրի տնտեսության արդի պահանջների միջև եղած անջրպետը, գործատուների շրջանում համալսարանի թողարկած կադրերի նկատմամբ անվստահությունը, գերծանրաբեռնված ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, դասավանդման հնացած մեթոդները, ուսումնափորձնական տնտեսությունների անմխիթար վիճակը և մի շարք այլ խնդիրներ:
Արդեն մեկնարկած բարեփոխումներից նշվեցին կառուցվածքային բարեփոխումները. 7 ֆակուլտետներից մնացել է 5-ը, իսկ 42 ամբիոնից՝ 31-ը: Դասավանդման գործընթացը նույնպես բարեփոխման է ենթարկվում. բացառվել են թելադրությունները, գործարվել է էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակը, կիրառվում են ինտենսիվ մեթոդներ, մեծ ծավալով ընթանում են դասախոսների վերապատրաստման դասընթացներ: Ընթացքի մեջ է Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության առողջացման ծրագիրը, իսկ Ոսկեհատի տնտեսությունում հիմնվել են արդիական գինեգործարան և միկրոգինեգործության ուսումնագիտական կենտրոն: Ընթացքի մեջ են համալսարանի գիտական կենտրոնների կառուցվածքային օպտիմալացման աշխատանքները: Համակարգչային տարբեր ծրագրակազմերի գծով ուսուցման դասընթացներին մասնակցել են 300-ից ավելի դասախոսներ և ուսանողներ: Ընթացքի մեջ է անգլերենի ուսուցման դասընթացը 160 ունկնդիրների համար:
Միջանկյալ բարեփոխումները ուղղված են համալսարանի վարկանիշի բարձրացմանը, արտաքին գրավչության ապահովմանը, մրցունակության բարձրացմանը և հետագա զարգացման համար նախադրյալների ստեղծմանը: Մարտահրավերների շարքում պարոն Ուռուտյանը նշեց Ագրարային համալսարան դիմորդների ու փաստացի ուսանողների թվաքանակի կրճատումը, համալսարանի ֆինանսական միջոցների անբավարարությունը, մասնագետների պատրաստումը աշխատաշուկայի պահանջներից անկախ, աշխատաշուկայի և համալսարանի միջև թույլ կապը, միջազգային համագործակցության համար ուսանողների և դասախոսական անձնակազմի հիմնական մասի օտար լեզուների իմացության դեռևս անբավարար մակարդակը:
Բարեփոխումների հիմնական նպատակն է կառուցվածքային, կադրային, ենթակառուցվածքային, կազմակերպական բարեփոխումների միջոցով նպաստել համալսարանի կրթական, գիտահետազոտական, խորհրդատվական գործունեության արդյունավետության բարձացմանը, և որպես արդյունք՝ ապահովել աշխատաշուկայում պահանջարկված, մրցունակ և բարձրորակ մասնագետների պատրաստումը: Այս նպատակին հասնելու ուղիներից նշվեցին կրթական ծրագրերի արդիականացումը, դասավանդման և ուսումնառության ուսանողակենտրոն մեխանիզմների ներդնումը, դասախոսական անձնակազմի վերապատրաստման և գնահատման գործուն համակարգի ստեղծումը, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացումը, գիտական կենտրոնների կադրային երիտասարդացումը և ծրագրային ուղղվածության վերանայումը և այլն:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները ներառում են համալսարանի հեղինակության բարձրացումը ազգային և միջազգային մակարդակով, աշխատաշուկայում մեր շրջանավարտների պահանջարկի էական բարձրացումը, դասախոսների որակավորման բարձրացումը, տեխնիկական բազայի հզորացումը, համալսարանի եկամուտների և համապատասխանաբար աշխատավարձերի ավելացումը, համալսարանի միջազգայնացման մակարդակի բարձրացումը, միջազգային «բենչմարկինգ» անցած և պահանջարկված կրթական ծրագրերը, համալսարանը ագրոպարենային ոլորտի կրթական, գիտական և խորհրդատվական հզոր կառույց և ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձնելը: Նախանշված ծրագրերը հավակնոտ են, սակայն միանգամայն իրագործելի: Ռեկտորի ընտրությանը նախորդող 4 ամիսների ընթացքում, երբ պարոն Ուռուտյանը ռեկտորի պաշտոնակատար էր, փորձն արդեն ցույց է տվել, որ համալսարանի ուսանողությունը և դասախոսական անձնակազմն ընդհանուր առմամբ պատրաստ են բարեփոխումներին:
Ռեկտորի պաշտոնում Վարդան Ուռուտյանի ընտրությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում համալսարանում: Ինչպես նշեց պարոն Ուռուտյանը՝ Ագրարային համալսարանը պետք է դառնա երկրի գյուղատնտեսության զարգացման շարժիչ ուժը:
Աղբյուրն՝ այստեղ
BUH.AM-ը շնորհավորում է նորընտիր ռեկտորին և ցանկանում արգասաբեր աշխատանք: