18 Հոկտեմբերի 2019թ. 11:06

Ամենախելացիները …

Հետազոտողները կազմել են «ամենախելացի 25 պետությունների» ցանկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Vouchercloud պորտալին։

Հեղինակների եզրահանգումները հիմնվում են երեք տարբեր գործոնների վրա՝ նոբելյան մրցանակակիրների թիվը, բնակչության միջին IQ-ն եւ դպրոցներում լավ սովորելու արդյունքները։ Ինչպես բացատրում են վարկանիշը կազմողները, այդ տվյալները պատկերացում են տալիս երկրի ինտելեկտուալ անցյալի, ներկայի եւ ապագայի մասին։

Առաջին հինգ հորիզոնականներում են Ճապոնիան, Շվեյցարիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Նիդեռլանդները։ Վարկանիշի հաղթողը բարձր դիրքեր է զբաղեցնում երեք ցուցանիշներով։

Չինաստանը զբաղեցրել է ցուցակի երրորդ հորիզոնականը գերազանցապես շնորհիվ բնակիչների ինտելեկտի բարձր մակարդակի (երկրորդն աշխարհում), իսկ, օրինակ, ԱՄՆ-ը՝ նոբելյան մրցանակակիրների թվով (առաջինն աշխարհում)։

Vouchercloud-ը հատուկ ուշադրություն է դարձնում արեւելաասիական երկրների ցուցանիշներին։ Օրինակ, Հարավային Կորեան, Թայվանը եւ Սինգապուրը առաջինն են բարձրինտելեկտուալ բնակիչների թվով եւ կրթյալ երիտասարդությամբ, եւ չեն գլխավորել «խելացի երկրների» վարկանիշը միայն նոբելյան մրցանակակիրների փոքր թվի պատճառով։ Օրինակ, երեք չափանիշից երկուսով Սինգապուրը զբաղեցրել է առաջին տեղը, այն դեպքում, երբ մրցանակակիրների թվով 73-րդն է։

Այս առանձնահատկությանն ուշադրություն է դարձրել նաեւ Forbes-ը՝ նշելով, որ ապագայում այս երկրներն իրենց տեղը կզբաղեցնեն «խելացի» վարկանիշի առաջին տեղերում։

Աղբյուրը՝ NEWS.am