23 Սեպտեմբերի 2019թ. 15:09

ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՍՏԱՑՆԵԼ, ԻՍԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԲԱՐԵԼԱՎԵԼ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որոնք դեռ նախագծի մակարդակում են: Նախագծում կետ առ կետ ամրագրվում է, թե ինչ պետք է անի եւ ինչ չպետք է անի ուսուցիչը: Օրինակ՝ ուսուցիչը պետք է հետեւի իր արտաքին տեսքին եւ հագուստին։ Պետք է հետեւողականորեն զբաղվի ինքնակրթությամբ, աշխատի իր որակավորման բարձրացման ուղղությամբ։ Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, բարձր պահի մանկավարժի մասնագիտության վարկանիշը։ Նախագծի՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններին վերաբերող բաժնում ամրագրվում է, որ ուսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա։ Պետք է մեկնաբանի իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում անմիջապես ուղղի գնահատականը: Նախագծում ամրագրված է նաեւ, որ ուսուցչի կողմից իր աշակերտին վճարովի կրթական ծառայությունների մատուցումն արգելվում է:

 Թե որքանով այս վարքականոնը կնպաստի կրթության որակի, կրթական պրոցեսի բարելավման գործընթացին, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ էթիկայի այս կանոնները մշակվել էին դեռեւս 5-6 տարի առաջ՝ «Դպրոց կենտրոնների միության» կողմից․ «Այդ ժամանակ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ էր, այսինքն, կար իշխանություն՝ ՀՀԿ-ն, որն իր կրթական համակարգն էր ստեղծել՝ բազմաթիվ թերություններով, արատներով, եւ երեւի մտածում էին՝ մի հատ էլ էսպիսի բան գրեն, որ ուսուցիչներին ավելի կառավարելի վիճակում պահեն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հիմա Հայաստանում մենք ունենք բոլորովին այլ իրավիճակ․ բոլորն այս պահին նախարարությունից սպասում են որոշակի ռազմավարություն, տեսլական։

Ամռանը եղան մի շարք քննարկումներ, կրթական քաղաքացիական նախաձեռնությունն ինչ-որ առաջարկներ ներկայացրեց, մարդիկ սպասում են, որ մենք հիմա ավելի ռազմավարական հարցերի կանդրադառնանք, քանի որ գնում ենք արմատական փոփոխությունների, ուզում ենք լավ կրթական համակարգ ստեղծել, եւ այս իրավիճակում նման փաստաթուղթ շրջանառելը, որը մշակվել է բոլորովին այլ իրավիճակում, սխալ է։ Դա նույն բանն է, ոնց որ մենք ասենք՝ եկեք հիմա քննարկենք մեր շենքի 5-րդ հարկի դիզայնը, բայց նախ եկեք մի հատ հասկանանք, թե մենք ինչ շենք ենք կառուցում, քանի հարկանի է, որտեղ է, ինչ ձեւի։ Այսինքն՝ սա է մարդկանց սպասելիքը կրթության եւ գիտության նախարարությունից»։

Խաչատրյանն ընդգծում է՝ կա նոր իշխանություն եւ մեծ սպասելիքներ․ «Ընդհանրապես, կառավարման կանոններից մեկն այն է, որ դու պետք է քայլերի հերթականությունը ճիշտ անես։ Իսկ այս պահին քայլերի հերթականությունը պահանջում է, որ մենք սկսենք ռազմավարությունից, որոշենք՝ ինչն է կարեւոր, ինչից հետո ինչ ենք անում։ Գիտե՞ք ինչն է նաեւ վատ․ երբ գալիս է փող բաժանելու ժամանակը, ուսուցիչները վերջին տեղում են՝ ցածր աշխատավարձ, վատ պայմաններ, հենց գալիս է պահանջները խստացնելու պահը, առաջինն ուսուցիչներն են հայտնվում այդտեղ։ Եկեք վերեւից սկսենք, օրինակ՝ սահմանենք նախարարության եւ մարզպետարանի աշխատողների էթիկայի կոդեքս՝ ինչպես պետք է աշխատեն դպրոցների հետ, ինչ չի կարելի անել։ Հենց գումարային հարցեր են, ուսուցիչները չկան, հենց պահանջների հարց է, ուսուցիչներն առաջին պլանում են։ Եթե ուզում ենք վիճակը լավացնենք, եկեք մի քիչ էլ փորձենք հասկանալ մեր ուսուցիչների դարդուցավը։ Այդ մարդիկ երկար տարիներ աշխատավարձի բարձրացում չեն ունեցել, սոցիալական բեռը շատացել է»։

Փաստաթղթի համաձայն, ուսումնական հաստատություններում պետք է գործի էթիկայի հանձնախումբ, որի կազմում կարող է լինել 7-11 ուսուցիչ, որոնք պետք է քննեն ուսուցիչների վարքային խախտումները, գործելակերպը, այլ կերպ ասած՝ ճիշտն ու սխալը․ «Մարդկանց իրար դեմ հանելու, ավելորդ, անիմաստ բյուրոկրատական քաշքշուկ։ Մենք այսօր լուրջ խնդիր ունենք կրթության համակարգի վիճակը դիագնոզ անելու, հասկանալու համար՝ ինչ ունենք, որ դրա հիման վրա քայլերն ու միջամտությունները խելացի լինեն, սխալ միջամտությունները կարող են շատ մեծ վնաս տալ, նույնիսկ եթե դրանք արվում են լավ նպատակով։ Զորօրինակ սա՝ բարի նպատակով մի փաստաթուղթ է, ի՞նչ վատ է որ՝ էթիկայի կոդեքս, ով չի՞ ուզում, որ ուսուցիչներն ունենան բարձր էթիկա, բոլորս էլ ուզում ենք։ Լավ մտադրություն է, բայց այս պահին դա չէ առաջնահերթը, պետք է ճիշտ միջամտել՝ սա ամենակարեւոր հարցն է»։

Պայմաններն ու պահանջները պետք է համահունչ լինեն՝ ընդգծում է փորձագետը․ «Ո՞նց կարելի է անընդհատ պահանջները խստացնել, իսկ պայմանները չբարելավել։ Հենց հերթը հասնում է պահանջներին, հիշում ենք միջազգային չափանիշները, իսկ երբ հերթը հասնում է պայմաններին, ասում ենք՝ կներեք, փող չկա։ Այդպես անարդար է ստացվում»։

Աղբյուրը՝ այստեղ