2015 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցները ազդարարեցին Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) նախագահ Միշել Կոսնարի կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին հավատարմագրման վկայականի հանձնման արարողության մասին: HCERES-ի կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հավատարմագումը վկայում է այս ԲՈՒՀ-ում կրթության բարձր որակի մասին իր բոլոր բաղադրիչներով՝ դասավանդում, կառավարում, մասնագիտացում և հետազություն : Ճարտարապետաշինարարականը HCERES-ի կողմից հավաստագիր ստացած Հայաստանում առաջին համալսարանն է (աղբյուրն` այստեղ): .
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պետական գործիչներ: Ներկա էին նաև գործընկեր այլ համալսարանների ռեկտորներ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ելույթով հանդես եկավ դասախոսների և ուսանողների առջև: Նա շնորհավորեց ճարտարապետաշինարարական համալսարանին և խոսեց Ֆրանսիայի հետ նրա սերտ կապերի մասին: Մասնավորապես, հարգարժան դեսպանը խոսեց Ֆրանսիայի ազգային ճարտարապետական բազմաթիվ դպրոցների՝ հիմնականում Լիոնի և Կլերմոն-Ֆերանի հետ գոյություն ունեցող գործընկերական կապերի մասին, որոնք նպաստում են ուսանողների շարժունակությանը երկու երկրներում և համատեղ մասնագիտական նախագծերի իրականացմանը մասնավորապես քաղաքաշինության և քաղաքների կայուն զարգացման ոլորտում: Այդ բոլորն իրականություն էր, և դա ստեղծվել էր համալսարանի նախկին երկու ռեկտորների` Արեստ Բեգլարյանի և Հովհաննես Թոքմաջյանի օրոք:
Արարողությանը ներկա էին բոլորը… բացառությամբ նրանց, ովքեր իրականացրել էին հանրապտության կրթական համակարգում մինչ այդ նախադեպը չունեցող գործընթացը: Եվ սա պատահականություն չէր. նրանց չէին էլ հրավիրել:
Ռեկտոր Գագիկ Գալստյանի գավառամիտ պատկերացումները և իր կրթական ցենզի անլիարժեքությունից եկող, մինչ օրս չքողարկվող վախը, ստիպել էր նրան ձերբազատվել այն ամենից, ինչը կարող էր հիշեցնել համալսարանի զարգացման ժամանակաշրջանը: Եվ ավելի լավ բան մտածել չկարողանալով, նա գնաց պատմությունը խեղաթյուրելու, անձերի անունները ոչնչացնելու` իր մակարդակին ու էությանը հարիր, պրիմիտիվ, ստորաքարշ ճանապարհով, չհասկանալով, որ այն տանելու է նրան փակուղի:
Դիտենք, համալսարանին հավաստագրման վկայականի հանձնման արարողության լուսանկարները: Բացի պաշտոնատար անձանցից ու մեկ-երկու դասախոսներից, համալսարանի երախտավորներից ոչ-ոք չկա: Չկա պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը, չկա պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանը, չկա պրոֆեսոր Արեստակ Սարուխանյանը, չկան ամբիոնի վարիչները, դեկանները, հավատարմագրման գործընթացում ծավալուն աշխատանք կատարած Իգիթխանյան քույրերը չկան, չկա հավատարմագրման գործընթացն իրականացրած ամբողջ աշխատանքային խումբը: Սակայն առաջին պլանում կարող եք տեսնել հավատարմագրման գործընթացի հետ որևէ կապ չունեղող, ռեկտոր Գալստյանի պրոռեկտոր Մարինա Ղազարյանին և անհասկանալի այլ անձանց: Խոսելով հավատարմագրման գործընթացի մասին, ռեկտոր Գալստյանը չի էլ հիշատակում համալսարանի երախտավորների անունները:
Ի՞նչ է սա, ծա՞ղր, հարյուրամյա պատմություն ունեցող բուհի համար:
Հավելենք միայն, որ այս և այլ չկատարած գործերի համար Գագիկ Գալստյանը 2016 թվականին պարգևատրվեց “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” մեդալով: Ասենք` “ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ”:
Գագիկ Ներսիսյան