28 Նոյեմբերի 2023թ. 13:37

Ուսուցչի վարքկանոնի շուրջ

Հանրային քննարկմանը ներկայացված` ուսուցչի վարքականոնն իրականում նոր երևույթ կամ նախագիծ չէ: Այն ընդունվել է դեռևս 2014 թվականին և վաղուց ներդրված է դպրոցներում, իսկ թե դրանից օգտվում են, թե՝ ոչ, դժվար է ասել: Ու թեև վարքականոնի գաղափարը մերժողները կամ դրա ընդդիմախոսները հիմնականում դրան դեմ են, քանի որ դեռևս հանրությանը չի ներկայացվել ընդհանուր կրթության հայեցակարգ և տեսլական, ուստի կարծում են, որ առանց դրանց, ընդունված վարքականոնի ընդունումը խիստ հատվածային մոտեցում է ենթադրում: Այս մասին գրում է past.am-ը:

Այնուամենայնիվ, ուսուցչի վարքականոնի շուրջ սկսված քննարկումը հասարակական կարծիքը բաժանեց մի քանի մասի: Մի մասը կտրականապես դեմ է ընդհանրապես նման կանոններ սահմանելուն՝ կարծելով, որ դա սահմանափակում է ազատությունը:  Մի մասի համար էլ ո՛չ դրա գոյությունն է կարևոր, ո՛չ էլ չգոյությունը, քանի որ առանց այդ էլ իրենք ունեն իրենց ներքին վարքականոնը, որն, ըստ իրենց, ինչ-որ տեղ ավելին է, քան թղթի վրա սահմանված կետերում է շարադրված:

Հետաքրքրի է, սակայն, որ եղան նաև այնպիսիք, ովքեր, պարզվում է, երկար էին սպասել այդ օրվան, որ վարքականոն կոչվող փաստաթղթային սահմանումներ ներդրվեն, քանի որ իրենց կարծիքով, ժամանակակից ուսուցչի կերպարն այսօր վաղուց հեռացել է այն դասականից, որին տարիներ շարոնակ սովոր է եղել հասարակությունը:

«Ականատես եմ եղել, որ ուսուցիչները աշակերտների ներկայությամբ իրար հետ «արա»-ով են խոսում, կան ուսուցիչներ, որոնք անվայելուչ են հագնվում: Օրինակ՝թափանցիկ վերնաշապիկ են հագնում, որի տակից ներքնազգեստը երևում է, տրիկոյով են դպրոց գալիս՝ առանց մտածելու, որ իրենց գործը միայն դաս տալը չէ: Ուսուցիչը նաև օրինակ է ծառայում աշակերտի համար: Գաղտնիք չէ, որ քիչ չեն եղել այն դեպքերը, որ ուսուցչի հանդեպ ունեցած մեծ հարգանքից ելնելով՝ աշակերտները սկսել են այդ առարկան ավելի լավ սովորել ու նույնիսկ հետագայում այդ մասնագիտության ուղղությամբ են շարունակել ուսումը: Այսինքն, որքան էլ մենք խոսենք ազատ վարքագիծ ունենալու մասին, պետք է միշտ հիշենք, որ ուսուցչի օրինակով նաև սերունդ է կրթվում: Եվ չի կարելի փողոցային ժարգոնը, ճղած ջինսե տաբատն ու նմանօրինակ այլ բաներ ուսուցիչների միջոցով ներմուծել դպրոց ու դրա անունը դնել 21-րդ դարի ազատ հասարակության կրթում»,- մեզ հետ զրույցում ասաց 30-ից ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհիներից մեկը, ով, ցավոք, չցանկացավ իր անունը հրապարակել:

Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց նաև, որ վարքականոնից բացի հարկավոր է բարձրացնել նաև աշակերտների ու նրանց ծնողների վարքականոն ստեղծելու հարցը, քանի որ շատ են լինում դեպքեր, երբ ծնողներն են աշակերտների ներկայությամբ ուսուցիչների հետ անվայելուչ տոնով ու բառապաշարով խոսում:

«Շատ կարևոր է բարձրացնել նաև ուսուցիչների պաշտպանվածության հարցը, քանի որ այսօրվա պայմաններում սոցիալական ցանցերով և այլ աղբյուրներով, երբեմն տեղին, երբեմն էլ անտեղ, բոլոր ուսուցիչների մասին նսեմացնող կամ վարկաբեկող հայտարարություններ կամ տեղեկություններ են հրապարակվում: Բայց լավ կլինի, որ կոչ արվի, որպեսզի բոլոր ուսուցիչների հանդեպ նման ընդհանրական բառապաշարով հանդես չգան մարդիկ, այլ քննադատելիս հստակ նշեն ուսուցչի անունը, ազգանունը, դպրոցի համարը և այլ: Հակառակ դեպքում տպավորություն է ձևավորվում, թե քննադատությունը բոլորին է վերաբերում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, պետք չէ մոռանալ, որ այսօր կրթական հաստատություններն իրանակացնում են  ներառական կրթություն և այս հարցում նույնպես քիչ չեն խնդիրները: Այստեղ նույնպես կա մասնագետների պաշտպանվածության խնդիր, որը կրկին դուրս է մնացել քննարկումներից: Այսինքն, կրթական հաստատությունների ներկա գլոբալ խնդիրները մի կողմ թողնել ու խոսել միայն այս կամ այն ոչ այնքան հրատապ համարվող հատվածային խնդրի մասին, այնքան էլ ճիշտ չէ, կան նաև շատ այլ խնդիրներ նույնպես, որոնք նույնպես պետք է կանոնակարգել: Այսինքն, ամեն դեպքում հարցերի հանդեպ հատվածային մոտեցումը ավելի է խորացնում խնդիրը և ժամանակն է, ոչ թե բարի գործ կատարելու իմիտացիաներով զբաղվել, այլ կրթական ոլորտում հստակ բարեփոխումներ իրականացնելու ցանկությամբ ազգային կրթության հայեցակարգ մշակել ու այն ներդնել դպրոցներում:

Արմինե Գրիգորյան

Աղբյուրն՝ այստեղ