23 Սեպտեմբերի 2019թ. 14:59

Բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվենք. Վարչապետ

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին 2019 թ. բազային ֆինանսավորումը կտրամադրվի՝ հիմք ընդունելով բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թ. սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը:

Ըստ այդմ՝ կապահովվի այդ տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը նշել է, որ գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը։

«Հարցն ընդհանրապես վերաբերում է պետության կողմից գիտահետազոտական ծրագրերի և բազային ֆինանսավորման արդյունավետությանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարության հրամանը:

Մինչև տարվա կեսը մենք շատ հստակ կունենանք տեղեկատվություն բազային ֆինանսավորում ստացող բոլոր գիտահետազոտական կենտրոնների կողմից գումարների ծախսման արդյունավետության և արդյունքների մասին: Եվ բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց: Ըստ էության, պետությունը չի հետևում կամ չի գնահատում այն կենտրոնների արդյունքները, որոնց տալիս է բազային ֆինանսավորում: Այս կարգն արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով բազային ֆինանսավորման կարգի փոփոխություններին, որը դժգոհություն է առաջացրել գիտական այդ շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մեխանիզմի բարեփոխումը շատ էական է գիտության հետագա ճակատագրի գործում: «Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր դնում ենք, գիտության և իրականության, գիտության և կյանքի, տնտեսության, անվտանգության և ընդհանրապես ժամանակակից պահանջների և գիտության կապն ուժեղացնելն է կամ ստեղծելը՝ այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, մեր գիտությունը պետք է հասկանա՝ մենք ինչ ենք ակնկալում իրենից: Մենք պետք է ունենանք վստահություն, որ այդ փոխադարձաբար ակնկալիքները կարող ենք իրականացնել, և մենք գնում ենք այդ փոխադարձ ակնկալիքներն իրականացնելու մեխանիզմներ ստեղծելու ճանապարհով:

Սա շատ կարևոր է, որովհետև, մի կողմից, ասվում է, որ գիտության ֆինանսավորումը և գիտության արդյունքները բավարար մակարդակի չեն, բայց երբ այդ ոլորտում որևէ բան ենք ուզում կամ փորձում փոխել, դրանից սկսում են համապատասխան արձագանքներ. պարզվում է, որ բոլորն առանձնապես դժգոհ չեն այն վիճակից, որից դժգոհում են: Սա մի փոքր տարօրինակ իրավիճակ է, և մենք այստեղ ուղղակի պետք է շատ հստակ արձանագրենք, որ մենք իրավիճակի հետ չենք համակերպվելու»- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է գնալ ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով: «Մեր նման վիճակում գտնվող երկրներում, հատկապես մեր երկրում, այդ միտումը կա, այդ միտումը լինելու է և շարունակելու է լինել: Դա այն է որ, այո, լավ, հեղափոխություն էր, անցավ մի քիչ, ոգևորվեցինք, հիմա տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Այսինքն՝ ամեն ինչ, ինչպես եղել է, այդպես էլ կմնա, մի քիչ կաշխուժանանք ու ամեն ինչ կմնա նույնը:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի ակնկալիքները սին են, որովհետև մենք չենք գնալու այդ ճանապարհով, հակառակ դեպքում մեր առաքելությունը կմնա կիսատ: Մենք պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով, և սենտիմենտալ փաստարկներ պետք է չընդունվեն: Մենք պետք է ունենանք քիչ փողով շատ արդյունքներ ստանալու մեխանիզմ: Իհարկե, մեր գիտությունում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, պրոբլեմները շատ են, և մենք պետք է շատ լուրջ համագործակենք նաև մեր գիտնականների, գիտական համակարգի հետ, որպեսզի լրջագույն փոփոխություններ անեն: Բայց ռազմավարական առումով միևնույն է, ես կարծում եմ, որբուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի այս հարցերի լուծումը»,- ասել է վարչապետը:

Հարցի քննարկման ընթացքում նշվել է նաև, որ փորձագիտական գնահատական ստանալու համար հիմնականում հրավիրվում են միջազգային փորձագետներ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն երկրում փորձագիտական ներուժի ուժեղացման ուղղությամբ: «Մեր այսօրվա իրականության մեջ գիտություն և փորձագիտություն տերմինների միջև խզում կա: Այսինքն՝ գիտությունն ինքն իր համար կտրված, կղզիացած մի տեղ է, մյուս կողմից՝ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում փորձագետներ հրավիրելու համար, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծի»,- ասել է գործադիրի ղեկավարը:

«Առաջին քայլը, որ պետք է պետությունն անի, հետևյալն է. բոլոր հարցերի լուծման համար պետք է ոչ թե մենք գնանք որևէ տեղից փորձագետ հրավիրենք, որ մեր հարցը լուծի, այլ առաջինը մենք մեր գիտական միջավայրին պետք է արտապատվիրակենք այդ խնդիրը, մենք պետք է իրենց առջև այդ խնդիրը դնենք: Սա պետք է լինի մեր կառավարության գործելակերպը: Առաջին հերթին անել առավելագույնը, որ մենք ներսում այդ հարցերի պատասխանը ստանանք: Մենք քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա և իրենք էլ իրենց ներգրավված զգան այս բարեփոխումների ողջ գործընթացին»,-նշել է կառավարության ղեկավարը:

Աղբյուրը` այստեղ