29 Նոյեմբերի 2023թ. 2:45

Հայաստանում աշխատավարձից պահվող հարկը բարձր է

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եկամտահարկը բավականին բարձր է համարում:

Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է մտածել համահարթ դրույքաչափ սահմանելու մասին: Այդ մասին փոխնախարարն ասաց Հայաստանում փետրվարի 12-ին անցկացվող «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:

«Մեր գնահատմամբ՝ Հայաստանում աշխատավարձի հարկը բավականին բարձր է: Այն իր անդրադարձն է գտնում ազգային տնտեսության մրցունակության մեջ այն առումով, որ, երբ ինքնարժեքը ծանրաբեռնվում է աշխատավարձային տողերով, ապրանքը դառնում է ոչ մրցունակ: Բոլոր ներդրողների և միջազգային կառույցների հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվում է: Եվ առաջին ազդակը դա է, որ աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից պահվող հարկերը Հայաստանում բարձր են:

Սա այն հիմնական պատճառն է, որ ստիպել է մտածել եկամտային հարկի բեռը նվազեցնելու մասին»,- ասաց Պողոսյանը: Նա հավելեց, որ դրանով նպատակ ունեն լուծել նաև հեռահար խնդիրներ՝ ազգային արտադրանքը դարձնել ավելի մրցունակ, արտահանման կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունը դարձնել ավելի էական։

Փոխնախարարը նշեց, որ աշխարհում ընդունված է հարկման նաև մեկ այլ մեթոդ: Օրինակ՝ եկամուտները ժամանակի ընթացքում հարկվում են ցածր դրույքաչափով, որը ձևավորում է խնայողություններ, դրանց մի մասը վեր է ածվում գույքային միավորների՝ հարստության, ունեցվածքի: Եվ շատ երկրներ սկսում են հարկել այդ հարստությունը՝ գույքահարկով, ժառանգության հարկով և այլն:

«Հիմա ընտրության հարց է՝ կամ շարունակել կիրառել աշխատավարձի բարձր հարկային բեռ և ունենալ չկայացած գույքային հարկերի համակարգ, կամ փնտրել այլ ճանապարհ՝ եկամտային հարկի բեռը նվազեցնել և ուշադրությունը կենտրոնացնել գույքային հարկերի ներուժը ողջ ծավալով օգտագործելուն»,-եզրափակեց Պողոսյանը։

Աղբյուրը՝ B4B.am