29 Նոյեմբերի 2023թ. 2:59

Պետք է համահարթ եկամտահարկի ճանապարհով անցնենք, բայց 7-8 տարի անց նորից վերադառնանք պրոգրեսիվ մոդելին, որը ճիշտ է․ Հովիկ Աղազարյան

Մենք պետք է համահարթի եկամտահարկի ճանապարհով անցնենք մինչև բոլոր գործընթացները կանոնակարգվեն և հետագայում` մոտ 7-8 տարի անց, նորից անցնենք պրոգրեսիվ մոդելին, որովհետև, իսկապես, պրոգրեսիվը ճիշտ մոդել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը։

«Հավասարեցվում է, և փաստորեն, նաև տնտեսվարող սուբյեկտներին նպատակահարմար չի լինում խուսափել բարձր աշխատավարձ տալուց և ծրարով վճարել աշխատավարձ՝ ընդամենը շահութահարկի խողովակով անցկացնելով գումարները։ Ըստ էության՝ նույնն է դառնում, բիզնեսմենը ոչինչ չի շահում այս իմաստով։ Օրենքը պետք է այնպիսին լինի, որ գայթակղության հնարավորություն չթողնի»,- ասաց պատգամավորը։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ իշխանությունները որպես քաղաքական մոտեցում ամրագրել են հետևյալը՝ համահարթ եկամտահարկի հետևանքով մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացող քաղաքացիները կորուստ չպետք է ունենան․ «Բանաձև կարելի է գտնել, որ օրինակ, ոչ թե 23 տոկոս, այլ ավելի քիչ, կամ պարտադիր կուտակայինի հետ կապված այլ մոտեցում լինի»։

Պատգամավորը համոզված է, որ Հարկային օրենսգրքի նոր նախագծի ընդունումից հետո ներդրումների կտրուկ աճ ապահովելու հնարավորություն կլինի, քանի որ ոչ ռեզիդենտների հարկային ծանրաբեռնվածությունը հավասարեցվում է ռեզիդենտների հարկային ծանրաբեռնվածությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը», ըստ Հովիկ Աղազարյանի՝ ազնիվ ներդրողների համար լավ ազդակ կլինի։

«Ազնիվ ներդրողները վստահ պետք է լինեն, որ կգտնվեն հավասար հարկային օրենսդրական դաշտում։ Նրանք, ովքեր ապօրինի ձևով են ձեռնարկատիրությամբ զբաղվել, ձեռք բերել որոշակի գույք, հարստություն, պետք է պատասխան տան նյութական ձևով, ոչ թե ազատազրկման կամ այլ տարբերակներով։ Սա միջազգային պրակտիկա է և մեր դեպքում սա անհրաժեշտություն է։ Եթե մենք ընկնենք դատավճիռների ցիկլի մեջ, դրանց համար շատ երկար ժամանակ է պետք։ Նույն դատական համակարգը դեռ փոխված չէ և այդ դատավճիռները կարող են տևել տարիներ։ Դա արգելակիչ դեր կարող է կատարել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի այն մտքին, որ «աղքատությունը մարդկանց գլխում է», «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց․ «Երեկ երեկոյան հայերենից անգլերենի թարգմանությամբ էի զբաղված և այնտեղ մի նախադասություն կար։ Ռոբին Հուդը ժամանակին հայտարարել է, որ եթե աղքատները չպայքարեն իրենց աղքատությունը վերացնելու դեմ, ոչ ոք դրա դեմ չի պայքարի։ Եվ միանգամից զուգահեռներ անցավ այդ ժամանակներից մինչև մեր օրեր։ Իհարկե, դա շատ ճիշտ և կարևոր մոտեցում է։ Մեր այս փարոսային համակարգը, բազմաթիվ բարեգործական ընկերությունները շատ դեպքերում մեզ այլասերում են»։

   Հակոբ Ասլանյան

Աղբյուրը՝ այստեղ